Մաքսայինը հրաժարվում է հսկիչ գների կիրառումից, բայց գործարարները դեռ զգույշ են

Մաքսայինը հրաժարվում է հսկիչ գների կիրառումից, բայց գործարարները դեռ զգույշ են

Երեկ ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել մաքսային ծառայության առաջիկա անելիքների վերաբերյալ։ «Մաքսավորի ներկայությունը սահմանային անցակետերում պետք է հասցվի նվազագույնի. մաքսային աշխատակիցը կարող է միջամտել միայն այն դեպքում, երբ որ խնդիր է առաջանում: Այսօր ամենամեծ դժգոհությունն արդարության եւ հավասարության պակասից է»,- ասել է նա՝ շեշտելով, որ պետք է մատուցվի «բացառապես որակյալ մաքսային ծառայություն, հակառակ դեպքում կունենանք այնպիսի խնդիրներ, ինչպիսիք առկա են այսօր»։ 



Փաստորեն, առաջին անգամ պաշտոնապես արձանագրվել է, որ մաքսայինում բարձիթողի վիճակ է. «Անելիքներ շատ կան, հատկապես այն բացթողումների ուղղությամբ, որոնք լուծում չեն ստացել մաքսատանը»։ Ընթացակարգերի ազատականացումը, արհեստական խոչընդոտների վերացումը ներկրողի համար, «մեկ պատուհան» ծառայության լիարժեք ներդրումը, որը նվազագույնի կհասցնի մաքսավորի շփումը բիզնեսի, սահմանը հատող քաղաքացու եւ զբոսաշրջիկի հետ, պետք է բերեն արագ փոփոխությունների։ «Մեկ շաբաթվա ընթացքում ակնկալում եմ նոր աշխատաոճ, նոր մոտեցումներ»,- ընդգծել է կոմիտեի նախագահը: Այս մասին հայտնեցին ՊԵԿ հասարակության հետ կապերի օղակից։



Կարեն Կարապետյանը եւ մասնավորապես ՊԵԿ նոր նախագահ Վարդան Հարությունյանն ուղիղ խոսեցին հսկիչ գների համակարգի վերացման մասին, ինչը, թերեւս, կառավարության ծրագրի ամենահստակ դրույթներից է։ Ապրանքների ներմուծման ժամանակ ՊԵԿ նոր ղեկավարությունը մտադիր է ապրանքների մաքսային արժեքների հաշվարկն իրականացնել ըստ գործարքի գնի՝ հիմք ընդունելով արտահանող երկրի մաքսային մարմինների կողմից հաստատված արտահանման հաշիվ-ապրանքագիրը կամ «ինվոյսը», ինչպես ընդունված է ասել։ Իհարկե, սա վերաբերելու է միայն «վստահելի» երկրներից՝ եվրոպական պետություններից եւ ԱՄՆ-ից բերված ապրանքներին։ Դեռ 90-ական թվականներից ներմուծողը բողոքում է «հսկիչ» գներից, երբ մաքսավորը մի կողմ է նետում գործարարի ներկայացրած «ինվոյսը», բացում է իր ցուցակը, որը, ի դեպ, ոչ մի տեղ հրապարակված չէ, քանի որ անօրինական փաստաթուղթ է եւ կամայական ձեւով որոշում է, թե գործարարն ինչ գնով բերած կլինի տվյալ ապրանքը ներմուծման երկրից։ Բնականաբար, Մաքսային օրենսգրքում կա համապատասխան կետ, սահմանված է, որ առանձին դեպքերում մաքսավորները կիրառում են «հսկիչ գին»: Բայց ո՞րն է այս առանձին դեպքը, հստակ չէ։ Արդյունքում, հսկիչ գին կոչվածը չարաշահումների, երկակի մոտեցումների, յուրայիններին օգնելու եւ «օտարների» բիզնեսը տապալելու լայն հնարավորություն էր ընձեռում չինովնիկների համար։ Իսկ մաքսային համակարգում աճում ու ապօրինի հարստանում էին «գործ անող» չինովնիկները, որոնք, մի «երկու կոպեկ» գրպանը դնելով, իջեցնում էին «ռաստամոժկայի» գինը։



Նոր կառավարության մտադրությունը՝ ոչ ռիսկային երկրներից բերվող ապրանքը գործարքի գնով մաքսազերծելու, որեւէ օրենսդրական փոփոխություն չի ենթադրում։ Այն այսօր էլ կարելի է կիրառել, եւ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը վստահեցնում է. «Բոլոր այն դեպքերում, երբ խոսում ենք ոչ ռիսկային երկրների մասին, պետք է կիրառել գործարքի գնի մեթոդը»։ Մեր աղբյուրների հաղորդմամբ, արդեն 10 օր է, ինչ մաքսատների աշխատողներին արգելված է ոչ ռիսկային երկրներից բերվող ապրանքների ձեւակերպումների ժամանակ հսկիչ գներ կիրառել։ «Այն դեպքերում, երբ գործարարը ներկայացնում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նրա նկատմամբ կիրառվում է գործարքի գնի մեթոդը, այսինքն՝ մաքսազերծումը կատարվում է ըստ նրա ներկայացրած հաշիվ-ապրանքագրի։ 10 օրվա մեջ պատահել է, երբ բեռնափոխադրումներ իրականացնողի մեղքով կամ անփութության հետեւանքով պակաս փաստաթղթեր են եղել։ Նման դեպքերում կիրառել ենք համանման ապրանքների գնի կիրառման մեթոդը, ինչը համարյա նույնն է, ինչ գործարքի գնի մեթոդը։ Միաժամանակ հորդորել ենք, որ հաջորդ անգամ ավելի հետեւողական լինեն փաստաթղթեր ներկայացնելիս»,- ասում է մաքսատան աղբյուրը։ Համանման ապրանքի գնի մեթոդը կամ երկրորդ մեթոդը հաշվարկի այն ձեւն է, երբ տվյալ ապրանքի մաքսային ձեւակերպումներն արվում են ըստ նույն երկրից փաստացի ներմուծված նույնական ապրանքի արժեքի։ Ըստ էության, սա էլ է հսկիչ։ «Իդեալ» խանութների ցանցի սեփականատեր Նորիկ Խաչատրյանին, որը հաճախ է Եվրոպայից ապրանք բերում, հարցրինք, թե արդյոք հաշվի առնո՞ւմ են նրա ներկայացրած փաստաթղթերը։ «Ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա, եթե լինեին խնդիրներ, հիմա ես տեղյակ կլինեի»,- ասաց նա։
Զրուցեցինք նաեւ «Ֆիլիպ Մորիս» ընկերության աշխատակիցների հետ, որոնք եւս նշեցին, որ վերջին 10 օրում մաքսատանը խնդիրներ չեն առաջացել։ Այնուամենայնիվ, գործարարները դժկամությամբ եւ վախով, զգուշությամբ են խոսում մաքսայինի հետ հարաբերություններից։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ