Նախարարները նիստի ժամանակ են տեղեկանում իրենց ոլորտների վերաբերյալ հանձնարարականների մասին

Նախարարները նիստի ժամանակ են տեղեկանում իրենց ոլորտների վերաբերյալ հանձնարարականների մասին

Պատմության գիրկն անցնող «ատրիբուտներից» առաջինը գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունն է։ Այս մասին իմացանք այսօր՝ կառավարության նիստին։ Վարչապետը հայտնեց կառավարության անդամներին, որ մեկ շաբաթ ժամանակ է տվել այս տեսչությունը վերակազմավորելու համար, նկատելով, որ այն որևէ արդյունավետ գործառույթ չունի անելու: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի համար սա անակնկալ էր։ Փաստորեն, նա կառավարության նիստի ժամանակ ասաց, որ տեղյակ չէ նման հանձնարարականի մասին և խնդրեց մանրամասներ ներկայացնել: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ պարզաբանեց հատուկ նախարարի համար․ «Մի շարք տեսչություններում ուսումնասիրություններ են արվել, եւ այն տեսչությունները, որոնք պետությանն օգուտ չեն տալիս, լուծարվում են, դրանց թվում է նաև գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը։ Առաջարկն այն է, որ եթե խոսքը վերաբերում է պետհամարանիշներ տրամադրելուն և վարորդի իրավունքը վարելու՝ օգտագործելու այդ մեքենաները, ապա այդ գործառույթը ոստիկանությունը կատարում է, այդ մասով տալիս ենք ոստիկանությանը, մյուս բոլոր մասով լուծարում ենք»:



Թե ուր են գնալու այս կառույցի լիազորությունները, Իգնատի Առաքելյանը դեռ չգիտի։ Ինչո՞ւ Իգնատի Առաքելյանը կառավարության նիստի ժամանակ չգիտեր Տրանսպորտի տեսչության վերացման մասին։ Այս հարցին Առաքելյանը անհամոզիչ պատասխան «կմկմաց»․ «Տեղյակ եմ, դա բազմիցս քննարկվել է, տեղյակ եմ, որ պետք է լինի օպտիմիզացիան, միջամտելու հարցն է, զուտ պրոցեսներ կան, որոնց ես դեռ չեմ իմանում։ Տեղյակ եմ, որ դա պետք է լինի»։ Ուղղում կատարեց, որ տեսչությունը ոչ թե լուծարվում է, այլ «կենտրոնացվում է մի տեղ»։ Այն ուներ 13 աշխատող, յուրաքանչյուր մարզում մեկը։ «Հրապարակի» հարցին՝ Ձեր համակարգում նման «ատրիբուտներ» շա՞տ կան, նախարարը պատասխանեց․ «Լիցենզիայի վարչությունն է, որը՝ ենթադրում եմ, կրկին պետք է կենտրոնացնել, պարզեցնելու համար գործառույթները։ Այստեղ էլ 3 աշխատող կա»։



Ս․Ս․