Վարդենիսի քաղաքապետի կաբինետը «ռազբորկաների» վայր է դարձել

Վարդենիսի քաղաքապետի կաբինետը «ռազբորկաների» վայր է դարձել

Օրերս Վարդենիսի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրից սկանդալային լուր ստացանք, որ քաղաքապետին ծեծել են իր աշխատասենյակում։ Երեկ ողջ օրը մենք տեղեկությունը պաշտոնապես ճշտել չկարողացանք, քանի որ քաղաքապետը չի պատասխանում անծանոթ զանգերի, քաղաքային հեռախոսներին՝ առավել եւս։ Բայց մեկ այլ աղբյուրից, որը կրկին քաղաքապետի շրջապատից է, նոր մանրամասներ իմացանք։ 



Պարզվում է՝ Վարդենիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Վոլոդյա Խլոյանին վերջին ամսում երեք անգամ քաշքշել են իր կաբինետում։ Իհարկե, դրանցից ոչ մեկը ծեծ չի կարելի անվանել։ Մոտ 10 օր առաջ Խլոյանը կանչել է փոխքաղաքապետ Աշոտ Դավթյանին եւ առաջարկել նրան պաշտոնը փոխել, ինչին վերջինս համաձայն չի եղել։ Հարցի շուրջ վեճ է առաջացել։ Սենյակից հայհոյանքներ են լսվել։ Ասում են՝ Աշոտ Դավթյանը նույնիսկ ապտակել է Խլոյանին՝ ասելով. «Իբր ընտրվել ես, ոգեւորվե՞լ ես։ Դու չես կարա ինձ հանես»։ Սա եղել է առաջին բախումը։ Երկրորդը տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ, Վոլոդյայի եւ «Հայոց արծիվ» կուսակցության Վարդենիսի կառույցի ներկայացուցիչներ Արամ եւ Արմեն Արշակյանների միջեւ, որոնք երկվորյակ եղբայրներ են։ Պատճառը Վոլոդյա Խլոյանի բողոքն էր «Հայոց արծիվների» ղեկավար Խաչիկ Ասրյանին այն մասին, որ եղբայրներն իր օգտին «չեն աշխատել»։ «Եղբայրները մտել են կաբինետ եւ կաբինետի մեջ Վալոդի դոշերը հավաքել են, գոռգոռացել, թե բռնել մի տուր, մենք հո քո պլենը չե՞նք»։ Կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը ոչինչ չգիտեր իր կուսակիցների եւ քաղաքապետի վեճի մասին։ «Եթե մի բան լիներ, ինձ կասեին։ Իսկ ինձ ոչ ոք չի կարող զանգի ու բողոքի իմ տղաների դեմ»,- ասաց նա։ Նրա «տղաներից» Արմեն Արշակյանը եւս հերքեց լուրը. «Խլոյանը, որպես քաղաքապետ, քաղաքապետ ա, հանրապետական, մենք էլ «արծիվ» ենք, մենք իշխանական կառույց ենք, ո՞նց կարող ենք կոնֆլիկտ ունենալ»։ Նա զարմացած էր եւ շատ էր ուզում պարզել, թե որտեղից ենք տիրապետում նման տեղեկությունների։ Վերջին դեպքն էլ տեղի է ունեցել 4-5 օր առաջ՝ դարձյալ քաղաքապետի աշխատասենյակում, որտեղ ներկա է եղել նաեւ քաղաքապետի եղբայրը։ Այն կապված է եղել Խլոյանի քարտուղարուհու՝ Սոնիկի հետ, որը տարիքով եւ պատկառելի կին է։ Քարտուղարուհու որդին ընտրություններից առաջ մոտեցել է քաղաքապետին եւ ասել, որ ինքը Վարդենիսում արտադրված ամեն ինչից մեկական օրինակ պահել է՝ ժամացույցի գործարանի արտադրանքը, քարերի գործարանի եւ այլն։ Նա քաղաքապետից մի փոքր տարածք է խնդրել տեղական արտադրության իրերի թանգարան հիմնելու նպատակով։ Քաղաքապետը նրան հրահանգել է, որ մոտենա ընտրությունից հետո։ Երբ Սոնիկի որդին մոտեցել է Խլոյանին՝ թե՝ «Խլոյան ջան, բան էիր խոստացել, եկել եմ», քաղաքապետը նրան կոպտել է. «Չե՞ս տեսնում՝ մոտս մարդ կա, թող մնա հետո»։ Անկոչ հյուրն էլ ասել է՝ եղբայրդ է նստած՝ Ֆելոն, ի՞նչ ուրիշ մարդ, ու էլի քաշքշել են իրար, եւ քարտուղարուհու որդին մի «չափալախ» է տվել քաղաքապետին։ «Վարդենիսում ընտրվել է մի քաղաքապետ, որին ով հասնում՝ խփո՞ւմ է»,- հարցրինք քաղաքապետարանի մեր աղբյուրին։ «Զարմանալի չէ։ Նախ, Խլոյանն իր պահվածքով բոլորին հասցնում է անհավասարակշիռ վիճակի։ Երկրորդն էլ՝ մեր վարդենիսցիք ստեղ միշտ էլ ծովը ծոցից է, տաքարյուն են, մեզ մոտ էնքան են դեպքեր եղել։ Նույնիսկ միլպետին են մտել ծեծել կաբինետի մեջ»,- եղավ պատասխանը։ Վերջին ընտրությանը Վոլոդյա Խլոյանը մեծ դժվարությամբ կարողացավ հաղթել, ընդամենը մի 1000 ձայն ավելի հավաքելով իր հիմնական մրցակցից՝ Կարեն Մկրտչյանից, եւ սա այն պարագայում, որ ՏԻՄ ընտրությանը պաշտոնական թվերով մասնակցել էր համայնքի ընտրական իրավունք ունեցող բնակիչների կեսը։ Վարդենիսում լուրեր էին տարածվում, որ Խլոյանն ուժ, շանտաժ եւ փող է բանեցրել հաղթանակի համար, եւ նրան է վերագրվում «Ով ինձ չընտրի, Սերժի հետ գործ կունենա» արտահայտությունը։ Վարդենիսցիք ոչ Խլոյանին են սիրում, ոչ էլ նրա կնոջը՝ Ալիսին։ Անգամ կեսկատակ ասում են. «Սյունիքը Լիսկայից ազատվեց, բայց Վարդենիսն Ալիսկայից՝ ոչ»։



ՀԳ․ Երեկ ողջ օրվա ընթացքում՝ 5 ժամ շարունակ, մենք զանգահարել ենք Վարդենիսի քաղաքապետարանի բոլոր համարներով, ինչպես նաեւ Վոլոդյա Խլոյանի բջջայինին։ Սակայն հեռախոսներին պատասխանողներ չկային, կարծես քաղաքապետարանում աշխատանքային օր չէր։ Փորձեցինք Գեղարքունիքի մարզպետարանից ինչ-որ կոնտակտներ ճշտել, սակայն այնտեղ էլ մեզ պատասխանեցին, որ կարող են միայն քաղաքապետարանի քաղաքային համարները փոխանցել։ «Բայց դե, դրանք ե՞րբ են քաղաքային համարներին պատասխանում»,- ասաց մարզպետարանի ընդունարանի աշխատողը։ Այնուամենայնիվ, կսպասենք Վոլոդյա Խլոյանի պատասխանին։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ