Բյուջետային ԾԻԳ-երն անցնում են պատմության գիրկը

Բյուջետային ԾԻԳ-երն անցնում են պատմության գիրկը

Կառավարության երեկվա նիստում մի շարք հիմնարկներ փակելու մասին որոշումներ ընդունվեցին։ Նախարարները մեկը մյուսի հետեւից կարդում էին իրենց ոլորտներում փակվող ԾԻԳ-երի մասին։ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտարարեց, որ դադարեցվում է արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» հիմնարկի գործունեությունը, որի արդյունքում տնտեսվում է շուրջ 61 մլն. դրամ։ «Շատ լավ, դուր է գալիս ինձ այս որոշումը»,- ասաց Կարեն Կարապետյանը, ինչը հասկանալի է։ Որոշման հիմքը նրա հանձնարարականն է։ Լիկվիդացիոն գործընթացը կտեւի երկու ամիս։ ԾԻԳ-երի պարտքերն ու գույքը կփոխանցվեն ԱԻՆ-ին, իսկ 15 մլն. դրամը, որն այս ԾԻԳ-ը չէր հասցրել այս տարի ծախսել, ուղղվելու է բյուջե։ Սույն ԾԻԳ-ը 22 հաստիք ուներ։ Հաջորդ զեկուցողը՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, մշակույթի ոլորտում գործող ԾԻԳ-ի դադարեցման մասին որոշումն էր բերել։ 66.5 մլն. էլ սրանով է տնտեսվում։



Երրորդը, որը լուծարվող գրասենյակի մասին ազդարարեց, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչ Ռոստոմյանն էր, որը ծիծաղից փռթկալով կարդաց այն։ Լուծարվող ԾԻԳ-երի հայտարարությունների շարքն իրոք զավեշտալի էր։ Մնում էր մեկն ասեր՝ ո՞վ ավելի կտնտեսի։ Մի 60 մլն.-ից ավելի էլ սպորտի ԾԻԳ-ից տնտեսվեց։ Լուծարվեց նաեւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության «Արփա-Սեւան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակը՝ պայմանավորված «Արփա-Սեւան» թունելի հիմնանորոգման աշխատանքների կատարման ժամկետի ավարտով։ Փաստորեն, կառավարության մեկ նիստով մոտ 200 մլն. դրամ տնտեսվեց հարկատուների գումարներից։ Բայց ԾԻԳ-երի հարցը երկրորդ կողմ ունի։ Ստացվում է՝ սրանք հիմնարկներ էին, որոնք կարող էին եւ չլինե՞լ։ Հարցի շուրջ զրուցեցինք ‹‹Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ›› պետական հիմնարկի տնօրեն Գոռ Ենոքյանի հետ։ Նա այդ պաշտոնին է 2015 թվականից ու թեեւ կորցնում է աշխատանքը, սակայն ողջունում է վարչապետի այս որոշումը։



- Պարոն Ենոքյան, ինչո՞վ էր զբաղվում Ձեր գրասենյակը։



- Մեր ԾԻԳ-ն իրականացնում էր ԱԻ նախարարության պետական գնումները։ Պետբյուջեով նախատեսված գումարների հաշվին, ըստ գնումների անվանացանկի եւ պլանի, կատարում էինք բոլոր այն ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների գնումը, որն անհրաժեշտ էր նախարարության ստորաբաժանումների ամենօրյա կենսագործունեությունն ապահովելու համար։ Հիմա նախարարության այդ ֆունկցիաները վերցնում են, կենտրոնացված գնումների կառույց է ստեղծվում, եւ այդ կառույցը նշված ֆունկցիաներն իրականացնում է, բայց մի քիչ ավելի փոքր ուժերով եւ գումարներով՝ բյուջեի տնտեսումներ ապահովելով։



- Իսկ ինչո՞ւ են հենց այս 4 հիմնարկները փակվում։ Կան ավելի մեծ, ավելի խոշոր գումարներով «ապրող» ԾԻԳ-եր։



- Երկու տեսակի ԾԻԳ կա՝ միջազգային կազմակերպությունների վարկային ծրագրերով զբաղվող, որոնք վարկային միջոցներով են գոյատեւում։ Հիմա նրանց մոտ օպտիմալացում է գնում։ Նրանք չեն լուծարվում, միայն պետական բյուջեից ֆինանսավորվողներն են լուծարվում, որոնք գնումներով էին զբաղվում, եւ դրանք այս չորսն են։



- Հիմա ի՞նչ, ստացվում է, որ այս հիմնարկները կարող էին եւ չլինե՞լ։



- Ինձ թվում է, որ նորմալ պրոցես է այս օպտիմալացումը։ Մենք էլ դժգոհ չենք դրանից։ Բայց ինչ-որ մի կառույց նախարարություններին, կարծում եմ, հարկավոր է։ Տեսեք, այսօր ստեղծվում է մարմին, որը պետք է զբաղվի պարբերական գնումներով։ Կան ապրանքներ ու ծառայություններ, որոնք ամեն տարի պետք են նախարարություններին, ասենք՝ վառելանյութ, գրենական պիտույքներ, գույք եւ այլն։ Սրանց գնումը կենտրոնացված ձեւով ճիշտ է։ Բայց մեր նախարարությունը, օրինակ, ունի առանձնահատուկ գնումներ։ Օրինակ, փրկարար ծառայության համար՝ գույքի, սարքավորումների եւ դրանց տեխնիկական բնութագրերին ծանոթ են մեր մասնագետները։ Եվ կարծում եմ՝ նախարարությունում գոնե փոքր ստորաբաժանումներ՝ գնումների հարցերով զբաղվող, պետք է լինեն։



- Դուք ինչո՞վ եք զբաղվելու, երբ հիմնարկն այլեւս չլինի, որոշե՞լ եք։



- Դեռ չեմ կարող ասել, այսօր է որոշումը եղել։ Երկու ամիս տեւելու է ԾԻԳ-ի գործունեության դադարեցման գործընթացը։



- Ձեր ԾԻԳ-ում կոռուպցիոն ռիսկեր եղե՞լ են, հիմա գնումների կենտրոնացումը կնվազեցնի՞ կոռուպցիայի վտանգը։



- Կոռուպցիոն ռիսկեր միշտ էլ կան։ Բայց իմ փորձից կարող եմ ասել՝ էս վերջերս, երբ սկսեցին գնալ դեպի էլեկտրոնային գնումների համակարգը, զգացի, որ այն կոռուպցիոն ռիսկից ավելի հեռու է։ Դու չգիտես, թե էլ ովքեր կգան մասնակցելու գնումներին, որ գնաս՝ հետները բան պայմանավորվես։ Գալիս ես, տեսնում ես, որ ինչ-որ մեկը մասնակցում է, եւ նրա գնային առաջարկը փոփոխման ենթակա չէ։



- Դուք 22 հաստիք ունեիք, հիմա աշխատողներն ի՞նչ են անելու՝ հիմնարկը լուծարելուց հետո։



- Սեպտեմբերի վերջին, երբ խոսվեց լուծարումների մասին, մեր նախարարն առաջին իսկ օրից հանձնարարեց աշխատակազմի ղեկավարին, որ ԾԻԳ-ի բարեխիղճ աշխատողներին կարողանան տեղավորել աշխատանքի։ Ոչ բոլոր 22 հաստիքներն էին զբաղված։ 4-5 աշխատողի արդեն տեղավորել ենք, մյուսների հարցն էլ, կարծում եմ, կլուծվի։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ