Նոր մարդիկ են եկել և այդ նոր մարդիկ աշխատելու են իրենց թիմի հետ. Նվեր Մնացականյան

Նոր մարդիկ են եկել և այդ նոր մարդիկ աշխատելու են իրենց թիմի հետ. Նվեր Մնացականյան

Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանը հեռացվել է աշխատանքից: Այս լուրը մեզ հետ զրույցում հաստատեց Նվեր Մնացականյանը: Վերջինիս խոսքով` աշխատանքից հեռացվելու որոշումը իր համար սպասելի էր, որովհետև նոր մարդիկ են եկել և այդ նոր մարդիկ աշխատելու են իրենց թիմի հետ. «Ես այդ թիմի անդամ չեմ, ի՞նչ կա զարմանալու: Աշխատանքի նոր առաջարկնե՞ր, դեռ ոչ, չեմ ստացել, մեր զրույցից 1,5 ժամ է անցել»:



-Ի՞նչ եք պլանավորել, գուցե ետ գնա՞ք «Շանթ» հեռուստաընկերություն:



Չէ, ես դեռ հանրային հեռուստաընկերության աշխատող եմ, ես այդ հեռուստաընկերության հետ աշխատանքային պայմանագիր ունեմ, ինչպե՞ս կարող եմ ուրիշ տեղ գնալ աշխատանքի: Ես ընդամենը եթերում չեմ լինի, մինչև գտնեմ որևէ նոր աշխատանք, ինչպես բոլոր Հայաստանի քաղաքացիները:



-Հանրայինում մնալու եք, այնտեղ կուլիսային աշխատա՞նք եք անելու:



Չէ, ոչ մի բան, ըստ աշխատանքային պայմանագրի, ես պարտավորություններ ունեմ այդ հեուստաընկերության նկատմամբ:



-Ե՞րբ է ավարտվում ձեր պայմանագիրը:



Չգիտեմ, անկեղծ ասած չգիտեմ:



-Պարոն Մնացականյան, այնուամենայնիվ, ձեր նկատմամբ այդ քայլը ինչպե՞ս կորակեք, իշխանամետ հարցազրույցներ էիք անում, բայց անգամ դա հաշվի չառան: 



Բացարձակ, չկա նման բան, ես շատ ազատ եմ աշխատել, շատ լավ մթնոլորտում եմ աշխատել, լավ մարդկանց, ինձ հասկացող մարդկանց հետ եմ աշխատել: