Եթե ՓՄՁ սուբյեկտը համագործակցում է տեսուչի հետ, ինչքան էլ պատժենք, դա լինելու է

Եթե ՓՄՁ սուբյեկտը համագործակցում է տեսուչի հետ, ինչքան էլ պատժենք, դա լինելու է

Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը խորհրդարանում ներկայացրեց հարկային համաներում նախատեսող օրենքի նախագծերի փաթեթ, այլ օրենսդրական նախաձեռնություններ էլ կներկայացնի ԱԺ արտահերթ նստաշրջանում։



«Այս պահին ներկայացված նախագծերի փաթեթը համաներման փաթեթն է եւ հարկային արտոնություններ սահմանող օրենքների նախագծերն են, նախատեսված է նաեւ հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետների հետաձգում մինչեւ 2018 թ․ հունվարի 1-ը, եւ մեկ նախաձեռնություն ունենք՝ ակցիզային հարկի հետ կապված, որով առաջարկում ենք էլեկտրոնային դրոշմապիտակներ կիրառել»,-երեկ մեզ ասաց պարոն Միրումյանը՝ մանրամասնելով, թե ինչ է իրենից ներկայացնում համաներման փաթեթը։ Այն 2 բաղադրիչ ունի․ «Առաջինը վերաբերում է անհատ ձեռնարկատերերին, ինքնազբաղված անձանց եւ նոտարներին, ովքեր որ ունեն նվազագույն եկամտահարկի կամ նվազագույն սոցապահովության վճարների գծով պարտավորություններ։ Մենք հիմա չունենք այդ հարկատեսակները, նվազագույն հարկերը, պարզապես կան ձեռնարկատերեր, որոնք որ մինչեւ 2006, մինչեւ 2012 թվականն ունեցել են այդ պարտավորությունները, եւ նրանք տույժեր եւ տուգանքներ ունեն։ Մենք առաջարկում ենք նրանց մայր գումարները, նաեւ տույժերն ու տուգանքները վերացնել։ Երկրորդ բաղադրիչը վերաբերում է ֆիզիկական անձանց, որոնք որ իրականացրել են երկրորդ անգամ գույքի օտարման գործարքներ, որի արդյունքում առաջացել են ԱԱՀ-ի պարտավորություններ, սակայն նրանք չեն ներկայացրել ոչ հաշվարկներ, ոչ էլ վճարել են։ Մենք առաջարկում ենք այդ մայր գումարները վճարելու դեպքում ազատել այդ տույժ ու տուգանքներից»,-ասաց նա՝ նշելով, որ այս օրենքների կիրառումը նախատեսված է 2017-ի հունվարի 1-ից։



- Պետեկամուտների կոմիտեն հանդիպումներ ունենո՞ւմ է գործարարների հետ, եւ հիմնականում ի՞նչ խնդիրներ են բարձրացնում նրանք, որոնց լուծման ուղղությամբ աշխատում եք՝ թե՛ ՓՄՁ-ների, թե՛ խոշորների մասով։



- Այո, ունենում ենք։ Մենք ունենք եկամուտների վարչարարության բարեփոխումների խորհուրդ, որտեղ առնվազն ամիսը մեկ անգամ հանդիպում ենք ունենում ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, բնականաբար, նաեւ հանդիպումներ են լինում ներմուծողների հետ, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հետ, եւ հիմնական այն խնդիրները, որոնք որ կապված են մաքսային արժեքի որոշման, մաքսային հայտարարագրման հետ, բնականաբար, քայլ առ քայլ առաջ ենք գնում եւ կարգավորում ենք այդ խնդիրները։ Խնդիրների մի մասն էլ օրենսդրական դաշտին վերաբերող հարցեր են։



- Օրինակ՝ հսկիչ գների հետ կապված խնդիրներ են բարձրաձայնվում, մոնոպոլ դաշտի վերաբերյալ, որ չեն կարողանում շատ ապրանքատեսակներ այլ անձինք ներմուծել, ՀԴՄ-ների հետ կապված խնդիրներից են շատ խոսում, այս մասով ի՞նչ կասեք։



- Մոնոպոլ դաշտում գործողների խնդիրը, իհարկե, մեր խնդիրը չէ, դրա համար կա համապատասխան հանձնաժողով՝ ՏՄՊՊՀ-ն։ Հսկիչ գների հետ կապված՝ այո, մենք զանգերի կենտրոնում ստանում ենք որոշակի հեռախոսազանգեր, որտեղ որ նշվում են հսկիչ գներ չկիրառելու մասին դեպքերը։ Ի դեպ, այդ հսկիչ գինը չակերտավոր է ասված, որովհետեւ կա, իրականում, գործարքի մաքսային արժեքի որոշման մեթոդ, որը պայմանականորեն անվանում են հսկիչ գին։ Օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերով եթե կան համապատասխան փաստաթղթերը, կիրառվում է գործարքի գնի մեթոդը։ Համենայնդեպս, դա կոմիտեի նախագահի հստակ հանձնարարականն է, որ եթե խոսքը վերաբերում է ոչ ռիսկային երկրներից ներմուծվող ապրանքներին, այսինքն՝ այն երկրների մասին չէ խոսքը, որտեղ ցանկացած պահի կարելի է ցանկացած ինվոյս գրել եւ ներկայացնել որպես ինվոյս։ Բնականաբար, դա արժանահավատ լինել չի կարող։ Բոլոր նման դեպքերում, երբ որ մենք գործ չունենք նման տիպի ռիսկային երկրների հետ, եւ ապահովված են բոլոր փաստաթղթերով, բնականաբար, կիրառվում է գործարքի գնի մեթոդը։ Եվ եթե Դուք լսեք նաեւ տնտեսվարող սուբյեկտներին, կարծում եմ՝ բոլորն էլ կարձանագրեն, որ մենք այդ մասով էական տեղաշարժ ունենք։ Օրինակ՝ մեքենաների մասով էլ իրավիճակ է փոխվել, մասնավորապես, եթե չկան համապատասխան փաստաթղթեր, բայց ձեռքբերման երկրի կայքերով հիմնավորվում է, որ իրականում այն գինը, որը որ հայտարարագրվել էր, տեղավորվում է խելամտության շրջանակներում, մաքսային մարմիններն ընդունում են այդ գինը։



- Վերջին բարձրաձայնված օրինակներից բացի, երբ հայտարարվեց, որ հայտնվել են մոնոպոլ համարվող բանանի եւ դիզվառելիքի շուկայում նոր ներմուծողներ, կա՞ն այլ նմանատիպ ներմուծողներ, որոնք բանան, դիզվառելիք, գուցե շաքարավազ եւ նման այլ «մոնոպոլ» ապրանքներ են ներմուծել, եւ մաքսայինը խոչընդոտներ չի հարուցում։



- Ես կարող եմ մի բան փաստել, որ մաքսային մարմինների կողմից որեւէ խոչընդոտ չկա որեւէ ապրանքի ներմուծման հարցում։ Իսկ ներմուծման նոր դեպքերի մասով ես տեղեկատվության այս պահին չեմ տիրապետում։



- ՀԴՄ-ների հետ կապված՝ կարծեմ ՊԵԿ նախագահն էլ էր ասում, որ որոշակի փոփոխություններ պետք է արվեն։ Օրինակ՝ փոքր տնտեսվարողները կարող է 100 դրամի ՀԴՄ չխփեն, հետո 100 հազար դրամներով տուգանվեն։ Այս հարցում նոր մոտեցումներ կա՞ն, որ փոքր ձեռնարկատերերը մանր խախտումների համար վնասներ չկրեն։



- Գիտե՞ք ոնց, եթե իրապես խոսքը վերաբերում է մանր խախտումներին, ապա դա լրիվ այլ հարց է։ Բայց եթե խոսքը վերաբերում է տնտեսվարող սուբյեկտի վարքագծին, ապա կապ չունի արդեն տվյալ վարքագծի դրսեւորման արդյունքը՝ ինքը 100 դրամի՞ կտրոն չխփեց, թե՞ 1000 դրամի։ Խախտումը մնում է խախտում։



- Ի՞նչ եք կարծում, այս դաշտում բարձրաձայնվող խնդիրներն ավելի շատ տնտեսվարողների՞ կողմից անբարեխղճության արդյունք են, թե՞ հարկային մարմինների, ո՞ւմ մեղքի բաժինն է ավելի շատ այստեղ։



- Կարծում եմ՝ նա էլ կա, նա էլ կա։ Հավասարաչափ կլինի, թե մի փոքր ավելի կամ պակաս, բայց մենք հեռու ենք այն տեսակետն արտահայտելուց, թե մեզ մոտ բոլորն ազնիվ են, մեզ մոտ բոլորը պարկեշտ են, եւ մեզ մոտ չկան համապատասխան դրսեւորումներ, եւ ամբողջ մեղավորությունը մենք բարդենք ՓՄՁ-ի վրա։ Ոչ։ Եվ, բնականաբար, մենք մի կողմից պետք է ՓՄՁ-ների մոտ այն վստահությունը ձեւավորենք, որ այս երեւույթները գնում են սահմանափակման վերացման ուղղությամբ, բայց դուք էլ պետք է մեր կողքը կանգնեք, որպեսզի այս երեւույթները չկրկնվեն։ Այսինքն՝ եթե ՓՄՁ սուբյեկտը համագործակցում է հարկային տեսուչի հետ, մենք ինչքան էլ այդ տեսուչին պատժենք, եթե այդ համագործակցությունն առաջարկվում է ՓՄՁ սուբյեկտի կողմից, մեկ է, դա լինելու է։ Այ, եթե մենք երկուսով ենք դա անում, այսինքն՝ մի կողմից մենք ենք դա անում, մյուս կողմից էլ ՓՄՁ սուբյեկտի մասով իրենք են իրենց կողմից քայլեր ձեռնարկում, ես կարծում եմ՝ մենք կհասնենք հաջողության։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ