Անցնող տարին՝ քաղաքագետների աչքերով

Անցնող տարին՝ քաղաքագետների աչքերով

Անցնող 2016 թվականն ամփոփեցինք մի քանի քաղաքագետների հետ։ Նկատենք, որ նրանք բոլորն էլ՝ որպես տարվա ամենաառանցքային եւ կարեւոր իրադարձություն, առաջինը մատնանշեցին ապրիլյան քառօրյա պատերազմը։ Ապա նաեւ՝ ՊՊԾ գնդի գրավումը։ Իսկ մյուս իրադարձությունների մասով գնահատականները բավականին տարբեր էին ու հետաքրքիր։



Ռուբեն Մեհրաբյան



«Անցնող տարին չափազանց լարված էր, եւ գալիք տարին էլ կլինի նույնպես չափազանց լարված եւ վճռորոշ։ Ես անցնող տարվա մեջ կառանձնացնեմ նախ քառօրյա պատերազմը։ Երկրորդը, ինչը կառանձնացնեի, այն է, որ բոլոր իլյուզիաները՝ կապված հայ-ռուսական դարավոր բարեկամության հետ, կարծես թե ցրվեցին, եւ մոտեցավ Հայաստանի իրական սպառնալիքների եւ իրական շահերի վերարժեւորման ժամանակաշրջանը, որը, ես կարծում եմ, հաջորդ տարվա ընթացքում արդեն կնյութականանա։ Մյուսն էլ, իհարկե, այն է, որ աշխարհում ձեւավորվել է մի նոր թրենդ, դա պոպուլիստների հաղթարշավն է»,-ասաց քաղաքագետը՝ կանխատեսելով, որ հաջորդ տարին լինելու է այդ պոպուլիստների նահանջի տարի։ Մեհրաբյանն այս վերջինը պրոյեկտեց նաեւ Հայաստանի ներքաղաքական դաշտի վրա․ «Այս իմաստով Հայաստանը, որպես Եվրատլանտյան տարածքի բաղկացուցիչ, չի կարող զերծ մնալ այդ տենդենցներից, եւ Հայաստանում նույնպես պոպուլիզմի հաղթարշավի հետ մենք գործ ունենք»։ Մեհրաբյանը կարեւորեց նաեւ 2016-ի՝ նախընտրական տարի լինելը եւ ընդգծեց, որ 2017-ը՝ որպես խորհրդարանական ընտրությունների անցկացման տարի, կարեւոր է լինելու մեզ համար։



Սերգեյ Մինասյան



«Ապրիլյան պատերազմը, հուլիսյան դեպքերը՝ կապված ՊՊԾ գնդի գրավման հետ, եւ նոր կառավարության ձեւավորումը»,-տարվա կարեւոր իրադարձություններն առանձնացրեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Թե դրանք ինչ ազդեցություն կթողնեն հաջորդ տարվա մեր ներքաղաքական կյանքի վրա, պարոն Մինասյանն ասաց․ «Դրանք բոլորն իրենց ազդեցությունը թողել են, եւ ամեն մեկն իր նախորդի, կարելի է ասել, հետեւանքն է որոշ չափով։ ՊՊԾ գնդի իրադարձությունները կապված էին նաեւ կոնկրետ ապրիլյան իրադարձությունների հետ, կառավարության նոր կազմը՝ նախորդ երկու իրադարձությունների հետ։ Կարծում եմ, որ դա նաեւ կանդրադառնա այն իմաստով, որ 2017-ի ընտրությունների արշավի ժամանակ քննարկումներ, քննադատություններ կլինեն նաեւ այս տարվա այդ իրադարձությունների շուրջ»։ Մինասյանը պատերազմն ու ՊՊԾ գնդի գրավումը, բնականաբար, դրական կոնտեքստում չի կարող գնահատել, իսկ ինչ վերաբերում է կառավարության փոփոխությանը, ապա այստեղ նրա գնահատականը հետեւյալն է․ «Կարող եմ ասել, որ կառավարության առումով հասարակության մեջ կան սպասումներ, միգուցե մի քիչ չափազանցված, քանի որ կա բարեփոխումների բավականին լուրջ պահանջ հասարակության մեջ։ Արդյոք նոր կառավարությունն ու նոր վարչապետը կկարողանա՞ն այդ սպասումներն արդարացնել, ես չգիտեմ, ակնհայտ է, որ մինչեւ ընտրությունները նրանք դժվար թե կարողանան անել, իսկ ընտրություններից հետո կտեսնենք»։



Ստեփան Գրիգորյան



Նա ամենակարեւոր իրադարձությունը համարում է այն, որ հայ ժողովուրդն ապրիլյան պատերազմի ժամանակ համախմբվեց եւ հակահարված տվեց ագրեսորին։ Դրանից բացի, այլ կարեւոր բան դժվարանում է մատնանշել։ Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդի գրավմանը, կառավարության փոփոխությանն ու ընդդիմադիր նոր դաշինքների ձեւավորմանը, պարոն Գրիգորյանն այս բոլոր գործընթացներին կարծես թե հատուկ կարեւորություն չի տալիս, հատկապես կառավարության փոփոխությանը։ «Ես այդ բոլոր պրոցեսները չեմ գնահատում բարձր՝ կառավարության փոփոխություն-բան, չգիտեմ՝ մարդկանց տեղերով փոխեցին, ասում են՝ կառավարություն փոխեցին, չէ։ Իհարկե, այո, նաեւ «Սասնա ծռերի» այդ քայլը բավականին լուրջ էր։ Դա խոսում է այն մասին, որ եթե դու ռեֆորմներ չես անում, եթե դու թույլ չես տալիս, որ երկրում իշխանափոխություն լինի ընտրությունների միջոցով, եթե դու ուժ ես կիրառում քաղաքացիների, ընդդիմության, լրագրողների նկատմամբ, այո, ծնվում են մարդիկ, որոնք ուժով ձգտում են փոփոխությունների հասնել»։ Իսկ այս ամենի հիմքի վրա ի՞նչ կանխատեսում կարելի է 2017-ի մասով։ «Եթե իշխանություններն այս ամենին ադեկվատ արձագանքեին, ես կասեի, որ, այո, իշխանությունները կանցկացնեն արդար ընտրություններ ապրիլին, որ պետությունը զարգացման նորմալ հունի մեջ մտնի։ Բայց այդ կամքը ես իշխանությունների մեջ չեմ տեսնում»,-ասաց Ստեփան Գրիգորյանը։



Խաչիկ Գալստյան



«Տարին աչքի ընկավ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքաղաքական հարաբերություններում բռնության աննախադեպ ալիքով։ Ապրիլին ունեցանք Արցախի սահմանին ստեղծված իրավիճակը, փառք ու պատիվ հայ զինվորին, որ կարողացավ պաշտպանել հայրենիքի սահմանները։ Դրա վերքերը դեռ չսպիացած՝ նաեւ ներքաղաքական դաշտում ունեցանք բռնության ալիք։ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը»,-կարծում է քաղաքագետ Խաչիկ Գալստյանը։ Ինչ վերաբերում է ներքաղաքական վերջին զարգացումներին, Գալստյանը կարծում է, որ դաշինքների ձեւավորումը բնական գործընթաց է։ «Ես վստահ եմ, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո աստիճանաբար դաշտում կմնան առավելագույնը 4-5 խաղացողներ, որոնցից կսկսեն դիրքավորվել դասական քաղաքագիտական օրինաչափությունների շրջանակներում, կորդեգրեն հստակ գաղափարախոսություններ, եւ մենք կունենանք հստակ գաղափարական պայքարի շուրջ քաղաքական դիսկուրս ու դրա հիման վրա ձեւավորված քաղաքական դիրքորոշումներ»,-ասաց նա։ Խ․ Գալստյանն անցնող տարում դրական, աչքի զարնող որեւէ իրադարձություն, հաջողություն դժվարացավ նշել Հայաստանի համար՝ բացառությամբ օլիմպիական խաղերի, որտեղ ունեցանք չեմպիոններ։



Ստյոպա Սաֆարյան



«Տարվա թիվ մեկ իրադարձությունն ապրիլյան իրադարձությունն էր, անշուշտ։ Մեզ համար մի փոքր անսպասելի էր, որ տարիներ շարունակ փառաբանված մարտունակ բանակը հանկարծ կանգնում է մի իրավիճակի առջեւ, երբ պետությունը գրեթե հայտարարում է, որ ինքն ըստ էության չէր սպասում դրան»,-առաջին տեղում կրկին ապրիլյան պատերազմն է մատնանշում Ստյոպա Սաֆարյանը։ Ապա հիշեցնում է «Սասնա ծռերի» գործողությունները, որոնք, ըստ Սաֆարյանի, ցույց տվեցին, որ մարդկանց մի խումբ, որոնք մի ժամանակ լուսանցքային էին համարվում, կարող են հանկարծ դառնալ քաղաքական կյանքի առանցքային դերակատարները։ Թե ինչ սպասել 2017-ին, Սաֆարյանն ասաց․ «2017-ի թիվ մեկ քաղաքական իրադարձությունը, անշուշտ, խորհրդարանական ընտրություններն են լինելու։ Այս կտրվածքով, իհարկե, ցանկալի էր, որ, ի վերջո, քաղաքական սուբյեկտները հրապարակ բերեին այլընտրանքային իշխանության կոնցեպցիան։ Եվ քաղաքական դաշտում այլընտրանքը դիտարկվեր ոչ թե նրանով, թե քանի աբիժնիկ դուրս եկավ իշխանությունից եւ ուզում է զբաղեցնել այս իշխանության տեղը, այլ որ այլընտրանքը լինի ներքին ու արտաքին քաղաքականությունների, պետության մոդելի եւ այլ առումներով։ Այդ կտրվածքով, իհարկե, միայն կարելի է լավատեսական հույս հայտնել, թեպետ նկատելի է, որ քաղաքական դաշտ են վերադառնում մարդիկ, ովքեր երբեք այլընտրանքային խոսք երբեք չեն ներկայացրել եւ այլընտրանք էլ չեն կարող լինել»։ Սաֆարյանն այս առումով զվարճալի է համարում իշխանությունից տակավին վերջերս հեռացած մարդկանց՝ ընդդիմադիր դաշտը համալրելու, «երկիրը փրկելու» գաղափարը։ «Եթե ապրիլյան պատերազմում պարտված հրամանատարը ցանկանում է քաղաքականություն վերադառնալ եւ երկիրը «փրկել», դա արդեն դառնում է մղձավանջ»,-ասաց նա՝ ըստ էության ակնարկելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ