Մենք ոչ թե տարին, այլ դարն ենք փակում պարտքերով

Մենք ոչ թե տարին, այլ դարն ենք փակում պարտքերով

ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն ու ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանն այսօր «Հայելի» ակումբում ասուլիս էին տալիս։ Իշխանական ու նախկին իշխանական երկու պատգամավորներին Hraparak.am-ը հիշեցրեց, որ խորհրդարանը երեկ նոր վարկային համաձայնագիր է վավերացրել, որ փակի բյուջեի ճեղքերը։ Ուստի հարցինք նրանց, թե ստացվում է՝ տարին պարտքո՞վ ենք փակում։



«Տարին պարտքերով չենք փակում, մենք տարին փակում ենք նորմալ, իհարկե որոշակիորեն հարկային եկամուտների թերհավաքագրում լինելու է, բայց վարկային համաձայնագրերի մի մասը դրանք այն վարկային համաձայնագրերն էին, որոնց գումարներն արդեն նախատեսված էր արդեն 2016-ի բյուջեում, և այդ գումարները հիմա վերցվում են, որպեսզի մենք բյուջեի ֆինանսական կայունացման խնդիրը լուծենք»,-ասաց ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը։



ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանն էլ է համաձայն իր իշխանական գործընկերոջ հետ, որ տարին պարտքերով չենք փակում, բայց լրիվ այլ ենթատեքստով․ «Ես համաձայն եմ պարոն Ավետիսյանի հետ, որ մենք տարին չենք փակում պարտքերով, այլ արդեն դարն ենք փակում պարտքերով, այո, 21-րդ դարն ենք մենք արդեն պարտքով փակում։ Եվ կարծում եմ՝ դա շատ ծանր կանդրադառնա մեր ժողովրդի կենսամակարդակի վրա»։



Մեր հարցին, թե ու՞մ շնորհիվ ենք այդպես փակում տարին, նախոր՞րդ կառավարության, թե՞ նոր, Խաչատրյանն ասաց․ «Վերջին կառավարությունների»։ Ավետիսյանն էլ հիշեցրեց, որ մենք 1995 թվականից վարկ ենք վերցնում, և դա վատ բան չէ, ուղղակի այն պետք է այնպս անել, որպեսզի այն դառնա հավելյալ արժեք ստեղծող և աշխատող վարկ։ ՀՀԿ-ական պատգամավորն այստեղ ընդունեց, որ մեր վերցրած վարկերի մի փոքր մասն է միայն, որ հավելյալ արժեք է ստեղծել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ