Մի կյանքի փողոց

Մի կյանքի փողոց

Հատվածներ Արշակ Գյումրյանի էսսեից



Աբովյան փողոց: Արեւի փոշին խառնվել է աշնան խանգռած ամպերին ու կախվել քաղաքի վրա: Այդ երկնքի տակ, Աբովյան փողոցով քայլում է ծաղկավաճառ ու միշտ գինով Ղարաբալան: Կարմիր վարդեր գրկած, սեւ կաշվե վերարկուն հագին: Այդ վերարկուն այնքան հին է, ինչքան Ղարաբալան, իսկ Ղարաբալան այնքան հին է, ինչքան Աբովյան փողոցի հին տները:



Քանդում են Աբովյան փողոցի հին տները…



Քայլում է Ղարաբալան՝ խառնելով վարդերի բուրմունքը ամբողջ մի դար խմած գինու բուրմունքին, ու չգիտես որն է հաղթում՝ գինի՞ն, թե՞ վարդերը: Բայց առանց գինու ու վարդերի չկա Ղարաբալան:



Աբովյան փողոց: Աբովյան փողոցը, ինչպես կյանքը, ունի սկիզբ եւ ունի վերջ:
Սկիզբը մի քանի հազար շատրվանների ցոլացող քրքիջն է՝ թրջված ու բախտավոր երեխաների ճիչ ու աղաղակին խառնված: Վերջը այգին է՝ բարձունքի վրա։



…Երեկոյան Աբովյան փողոցի մեր մասում բարձրանում էր աղմուկը: Մեր հայրերն աշխատանքից հոգնած ու ջղային վերադառնում էին տուն, լսում էին մեր մայրերի լացակումած բողոքը… Սկսվում էր ծեծն ու սամակատների ջարդը:



Անցնում էին օրեր: Մեր պայքարի մտքից կառչած՝ սկսում էինք տախտակ ճարել հարեւանների ցախանոցներից, մոտիկ շինարարություններից եւ մթերային խանութի դատարկ արկղերից: Սկսվում էր նոր սամակատների ծնունդը, բայց ավելի լավը, ավելի ամուրը եւ արդեն ղեկավարման նորություններով…



Պատրաստ էինք նոր մրցումների…



Աբովյան փողոց: Աբովյան փողոցում մենք սամակատները փոխարինեցինք տրամվայով: Սամակատների արագությունն այլեւս չէր բավարարում: Մեզ պետք էր խենթ, կատաղած զրնգացնող տրամվայի սուրոցը, շունչ կտրող արագությունը: Դասերից հետո կպած դղրդացող շնչահեղձ տրամվայից, բարձրանում էինք դեպի փողոցի վերջը, եւ մինչեւ տրամվայը շունչ կքաշեր, որպեսզի ազատ, անկաշկանդ վազեր ներքեւ, մենք սահմանում էինք, թե ով ումից հետո է թռչելու: Տրամվայը շարժվում էր: Արագացնում ընթացքը ու հետո գլխապատառ փախչում էր ներքեւ:



…Այդպիսին էր մեր Աբովյան փողոցը: Եվ այդ փողոցում սկսած պայքարից անփորձ մնացածներս գնացինք պատերազմ: Քչերս վերադարձանք, որ նորից գնանք Աբովյան փողոցով վեր, դեպի վերջը: Այնտեղ նստած են ծերունիների մի քանի խմբեր, նրանք վիճում են, իրենց հորինած շաշկին են խաղում ու սպասում են երեկոյին, որ տուն վերադառնան: Նրանցից ոչ մեկը չի մտածել այդ փողոցի սկզբի ու վերջի մասին, քայլել է ու տեսել վերջը, հիմա նստած սպասում է: Մենք շատ ենք մտածել: Ու մտածում ենք նաեւ այն մասին, թե արդյոք մեզանից որեւէ մեկը, որպես թեկուզ անմիտ մի ծերուկ, կնստի՞ Աբովյան փողոցի վերջում ու կսպասի…



Գիշերվա խաղաղությունը փշրվում է խնջույքից փախչող զույգերի հաղթական քրքջոցից: Աբովյան փողոցով այժմ չի գնում ո՛չ սայլ, ո՛չ կառք եւ ո՛չ էլ տրամվայ: Անցնում են աշխարհի տարբեր ծայրերից բերած ու աշխարհ տեսած ավտոմեքենաներ: Իսկ առավոտյան ծեգին՝ ջրցան ավտոմեքենան: Նա լվանում է մայթերն ու փողոցը: Նա լվանում է մեր հիշողությունների գիրքը: Լվանում է Աբովյան փողոցը:



Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ