Այսօր Տավուշում զոհված սպան տան միակ արու զավակն էր

Այսօր Տավուշում զոհված սպան տան միակ արու զավակն էր

Այսօր առավոտյան Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղի ունեցած դիվերսիայից զոհված 3 զինծառայողներից մեկը՝ ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը Շիրակի մարզի Աշոցք համայնքից էր:



Աշոցքի համայնքապետ Արթուր Ալոյանը hraparak.am-ին տեղեկացրեց, որ այս պահին գյուղում չէ, եւ զոհված զինծառայողի ծնողների հոգեվիճակի հետ կապված որևէ բան չի կարող հաղորդել, միայն ասաց, որ Շավարշն ընտանիքի միակ արու զավակն էր, ունի իրենից փոքր քույր, ամուսնացած չէր: Համայնքապետի խոսքերով՝ Շավարշի ծնողները համեստ, իրենց աշխատանքով ապրող մարդիկ են:



Նշենք, որ այսօր ՝ դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:



Արևիկ Հակոբյան, Գյումրի