Հայկական ժառանգությունը՝ Հրայր Բազեի նոր «Խաչքար» պատկերագրքում

Հայկական ժառանգությունը՝ Հրայր Բազեի նոր «Խաչքար» պատկերագրքում

«Խաչքար»․ այսպես է կոչվում կանադահայ լուսանկարիչ Հրայր Բազեի 516 էջանոց նոր պատկերագիրքը, որտեղ շուրջ հազար լուսանկար է ներառված։ Ինչպես լուսանկարիչն է պատմում, գրքի վրա աշխատել է այն օրվանից, երբ 92-ին գնաց Արցախ՝ պատերազմը նկարելու, խաչքարերի առաջին լուսանկարներն այնտեղ արեց, որոնք տարիների ընթացքում ավելացան եւ 2016-ի վերջին ամբողջացան գրքի տեսքով։ 



Հայաստան, Արցախ, Արեւմտյան Հայաստան, Կիլիկիա, Վրաստան․ բոլոր այս վայրերում Հրայր Բազեն լուսանկարել է հայկական խաչքարեր։ «Լուսանկարել եմ նաեւ պատմականորեն կարեւոր Նախիջեւանի խաչքարերը, որ 97-ին նկարել էի Պարսկաստանի սահմանից, երբ դեռ 3-4 հազար խաչքար կանգուն էին։ Վեց տարի հետո, երբ նկարեցի նույն տեղից, բուլդոզերներով հավասարեցրել էին հողին, իսկ դրանից 6 տարի հետո էլ ամբողջովին ոչնչացրել էին, ու հետքն անգամ չկար։ Այդ պատճառով էլ սկսեցի փնտրել Ջուղայի խաչքարերը, որտեղ կային՝ Էջմիածնում, Թոխմախի գերեզմանում, կոնյակի գործարանում, Վրաստանում։ Մի օրինակ էլ ունենք Պետերբուրգում՝ Էրմիտաժում, ուր գնացի այդ խաչքարը նկարելու եւ գրքում ներառելու համար»,-հիշում է Բազեն ու նշում, որ շատ է պատահել, երբ գնացել է մի խաչքարի հետքերով, որովհետեւ վստահ է՝ ցանկացած ինֆորմացիա մեր մշակութային կոթողների մասին շատ կարեւոր է։



«Խաչքարը միայն քար չէ, այլ կրոնական թեմա, որը տարբեր թեմաներով կրկնվում է նաեւ ձեռագրերի մեջ, խույրերի, վարագույրների վրա, եւ ես ուզեցի խաչքարը ձեռագրերի հետ համեմատել, որովհետեւ այնտեղ կա Ծնունդ, Տյառն ընդառաջ, Խաչելություն, Համբարձում, Մկրտություն։ Ամենաճիշտ ձեւը խաչքարերը լավ հասկանալու համար դրանք ձեռագրերի հետ համեմատելն էր, եւ գրքի մեջ էլ դրանք կողք կողքի դնելով՝ ավելի հետաքրքիր դարձավ խաչքարի պատմությունը, քան միայն քար ցույց տալը։ Գրքում կան նաեւ մոտիկից լուսանկարված մասնիկներ, որպեսզի մարդիկ տեսնեն, թե որն է խաչքարի իմաստը»։



Լուսանկարիչը նկատում է՝ այսօր շատ շքեղ խաչքարեր են կառուցում, որոնց մեջ հոգի չկա, եւ որոնք թեմայից դուրս են։ «Շատ մակերեսային է դարձել, հոգեւորը շատ է պակասել, միայն խաչն է երեւում, որն էլ ավելի շատ մեխանիկական բնույթ է ստացել։ Կան վարպետներ, որ լավ են քանդակում, բայց կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ լավ ուսումնասիրեին հին, պատմական խաչքարերի պատկերագրությունն ու բովանդակությունը»,-ասում է նա ու հավելում, որ գտնվելու վայրից սկսած՝ փոխվում են նաեւ խաչքարերի ոճերը. Սեւանի ավազանի մոտ գտնվող խաչքարերի ոճը լրիվ տարբերվում է Արեւմտյան Հայաստանի կողմում գտնվող խաչքարերի ոճից, բայց դրանք բոլորն առանձնահատուկ են, որովհետեւ լավ վարպետների կողմից են ստեղծվել։



Շուրջ 25 տարիների ընթացքում այնքան հսկայական նյութ է կուտակվել, որ, ըստ հեղինակի, չի կարելի այդքան նյութը մի գրքի մեջ խտացնել ու ասել՝ գործն ավարտվել է։ «Գրքի վերջում գրել եմ, որ սա անավարտ աշխատանք է եւ հնարավոր չէ մեկ հատորում ներկայացնել»,-ասում է Բազեն ու նշում, որ, հավանաբար, գիրքը շարունակություն կունենա։ Գրքի վրա աշխատելիս ունեցել է թե օգնականներ, թե խորհրդատուներ, օգտվել է տարբեր հեղինակների գրքերից՝ Համլետ Պետրոսյան, Սամվել Կարապետյան, Պատմության թանգարանի, Վենետիկի, Վիեննայի, Երուսաղեմի, Սուրբ Ղազար կղզու արխիվներից, ինչպես եւ հին, պատմական լուսանկարներից, նաեւ Ստեփան Քյուրքչյանի, Զավեն Սարգսյանի լուսանկարներից, որպեսզի ցույց տա, թե ժամանակի ընթացքում ինչ են եղել ու ինչ են դարձել։



Լուսանկարներն ընտրելիս հեղինակն առաջին հերթին կարեւորել է ճանաչված, բայց միեւնույն ժամանակ նաեւ հետաքրքիր խաչքարերը, որոնք մի բան են պատկերում. «Գրքում ամենահին թվագրված խաչքարը Գառնիի խաչքարն է, կան խաչքարեր, որոնք ավելի հին են, բայց թվագրված չեն։ Իսկ ամենանոր խաչքարերը դա Երզնկայի Սուրբ Դավիթ վանքի 2 բարձր խաչքարերի կրկնօրինակներն են, որ այսօր գտնվում են Էջմիածնում։ Դրանք 2015-ին արված խաչքարեր են, դրանից առաջվա նորերը երեւի 17-րդ դարի Այրքի խաչքարերն են՝ Սոթքի տարածքում։ Ասում են նույնիսկ, որ ժամանակին ունեցել ենք նաեւ փայտե խաչեր, որոնք չեն պահպանվել, բայց ես կենտրոնացել եմ ավելի հետաքրքրական խաչքարերի վրա»։



Հրայր Բազեն պարբերաբար վերադառնում է այն տարածքները, որտեղ արդեն եղել է ու լուսանկարել, դա ոչ միայն վավերագրելու պրոցես է, այլեւ իր համար ունի նախեւառաջ տեխնիկական ենթատեքստ. «Լույսը շատ կարեւոր է լուսանկարչության մեջ, քանդակը, վանքը կամ խաչքարն ավելի ճիշտ են լուսավորվում օրվա 2-րդ կեսին, երբ խորությունը երեւում է իր ստվերներով, եթե մի քիչ ուշանաս, ասենք՝ ժամը 4-5-ի կողմերն արդեն բան չես տեսնի՝ տափակ լույս, իսկ մենք ունենք խաչքարեր, որոնք թեքված են, կոտրված, խոնարհված, դրանք անընդհատ գնում լուսանկարում եմ տարբեր լույսերի տակ։ Կան խաչքարեր, որ 5 րոպե տարբերությամբ կարող են իրենց խորությունն ու գրավչությունը կորցնել։ Մի հատ խաչքար կա՝ Նորատուսից հարավ է գտնվում, այնտեղ 4-5 անգամ եմ գնացել, դիմացը ձկնորսներ կային, մի օր ինձ ասեցին՝ ախպեր ջան, դու էս խաչքարի հետ ի՞նչ ունես..., ասեցի՝ լույսին եմ սպասում, որ այս կողմ գա...։ Հետո՝ արեւի լույսը փոխվում է ոչ միայն ուժգնությամբ, այլեւ ջերմությամբ, ամառը, օրինակ, ուրիշ ջերմություն է ստանում խաչքարը, աշնանն ու ձմռանը՝ ուրիշ»։



Հրայր Բազեն վստահ է՝ արժե փնտրել յուրաքանչյուր խաչքարի վայրը, յուրահատկությունը, եւ դրա համար երբեմն հայտնվել է ամենաէքստրեմալ իրավիճակներում. «Օգտագործել ենք տարբեր ձեւեր՝ հասնելու եւ նկարելու այդ խաչքարերը՝ ոտքով, ուղղաթիռով, բեռնատարով, հեծանիվով, անձրեւի տակ՝ ցեխերի միջով սղալով։ Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքում խաչքարերը պատերի մեջ են զետեղված, ու որպեսզի ճիշտ նկարես խաչքարը, պետք է դիմացից նկարես, իսկ դրա համար մոտավորապես 10 մետր բարձրությամբ աստիճան պահանջվեց։ Էքստրեմալ էր նաեւ, երբ մտա նկարելու ականապատված տարածք՝ Անիից մի քիչ հյուսիս՝ Հոռոմոսի վանքի մոտ էր, բայց դրա մասին իմացա նկարելուց հետո միայն»։



Հիմա լուսանկարիչը մեկ այլ գրքի վրա է աշխատում, ասում է՝ 97-ից ձեռագրեր է նկարում, 92-ից էլ՝ վանքեր, այդ լուսանկարները փորձելու է կողք կողքի համադրել իր հաջորդ գրքում։ «Այնքան հետաքրքիր է ձեռագիրների պատմությունը, հետաքրքիր է տեսնել նաեւ քարտեզի վրա՝ Արցախից մինչեւ Արեւմտյան Հայաստան, Ղրիմից մինչեւ Հռոմ հայկական ինչ վանքեր ու ձեռագրակենտրոններ են եղել։ Ու շատ հետաքրքիր է կողք կողքի դնել այդ գյուղը, վանքն ու ձեռագիրը, որ պատրաստվել է այդտեղ։ Ձեռագիրն ու իր ծննդավայրը՝ դրա շուրջ է կառուցվելու հաջորդ գիրքը»,-ասում է Բազեն ու նշում, որ դեռ մի 10 գրքի մտահղացում էլ ունի, իսկ թե ինչպես է հասցնում այդ ամենը, պատասխանում է կարճ ու հումորով. «Ֆեյսբուք չունեմ»։



ՀԳ․ Հրայր Բազեի «Խաչքար» գրքի շնորհանդես-ներկայացումը տեղի կունենա ուրբաթ օրը, ժամը 14։00-ին, Մատենադարանում։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ