Ես քարոզարշավին չեմ մասնակցում

Ես քարոզարշավին չեմ մասնակցում

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքն իր պաշտոնական քարոզարշավի մեկնարկը տվեց օրեր առաջ՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ հայտնի դաշնակահար, ջազմեն Վահագն Հայրապետյանը, ում կատարման տակ էլ դաշինքի թեկնածուները մտել են դահլիճ: Թե ինչով էր պայմանավորված իր ներկայությունը «Ելքի» պաշտոնական քարոզարշավի մեկնարկին, զանգահարեցինք ու փորձեցինք պարզել Վահագն Հայրապետյանից, ով թեեւ զբաղված էր, բայցեւայնպես, մի քանի հարցի պատասխանեց. 



- Վահագն, «Ելք» քարոզարշավի մեկնարկին մասնակցում էիք նաեւ Դուք, դա արդյոք նշանակո՞ւմ է, որ սատարում եք «Ելք»-ին։



- Չէ, չէ, դա ամենահիմար բանն եք ասում, ես իմ գործն եմ անում, փող են տալիս, նվագում եմ, գնում եմ տուն, ես քարոզարշավին չեմ մասնակցում, ո՞նց կարելի է, երաժիշտն ի՞նչ մասնակցի քարոզարշավին, այսինքն՝ ի՞նչ անի....։ Ես իմ աշխատանքն եմ անում, նվագում եմ, դրա համար վարձատրվում եմ ու գնում տուն, այդքան մի բան, մնացածը չգիտեմ այնտեղ ինչ է կատարվում։



- Եթե որպես երաժիշտ, Ձեզ հրավիրեն ՀՀԿ-ի կամ ՀԱԿ-ի հանրահավաքին, կգնա՞ք։



- Եթե ժամանակ ունենամ ու քաղաքում լինեմ՝ հա, բայց եթե հրապարակում հրավիրեն՝ հաստատ չեմ գնա, որովհետեւ այն երաժշտությունը, որ ես նվագում եմ, հրապարակի երաժշտություն չէ։



- Այսինքն՝ այդտեղ անձնական որեւէ բան չկար։



- Բացարձակապես ոչ մի բան չկար, ես երաժիշտ եմ, մարդիկ էլ այդ օրն այդ երաժշտությունն են պատվիրել, ես էլ նվագում եմ ու գնում տուն, ես քարոզարշավին չեմ մասնակցում, Դուք սխալ եք դնում հարցը։



- Ուղղակի որոշ մտավորականներ ընդգրկված են ոչ միայն ընտրական ցուցակներում, այլ նաեւ մասնակցում են ընտրական պրոցեսներին։



- Ես չեմ մասնակցում, մասնակցելը գիտե՞ք որն է, որ կանգնես բեմի վրա ու իրենց հետ նույն կոչերն անես։ Մտավորականներ կան՝ խոսում են, մտավորականներ էլ կան, որ չեն խոսում, սուս- փուս իրենց գործն են անում։ Ամեն ինչ չէ, որ կարելի է քաղաքականացնել այս կյանքում։ Ես հասկանում եմ, որ բոլորն անգործությունից դարձել են քաղաքագետ, դա անբան մարդկանց գործն է, որ ոչ մի բան չեն անում ու ստիպված մտնում՝ նման բաներով են սկսում զբաղվել ու իրենք իրենց զբաղեցնել։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ