Գյուղապետարանում դարանակալել են զենքերով և հարձակվել մարդկանց վրա. Էլինար Վարդանյան

Գյուղապետարանում դարանակալել են զենքերով և հարձակվել մարդկանց վրա. Էլինար Վարդանյան

Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած զինված միջադեպի հետեւանքով վիրավորված «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին տեսնելու համար Էլինար Վարդանյանը քիչ առաջ այցելել է «Էրեբունի» հիվանանոց: Նա լրագրողների հետ
զրույցում ասել է, որ Ջրառատի գյուղապետը դեպքի ժամանակ եղել է գյուղապետարանում դարանակալած եւ այդ պահին իր հանցակիցների հետ միասին դուրս է եկել:



«Եվ իմ գնահատականը թույլ տվեք հնչեցնել, սա ամենաթողության հետևանք է, երկու օր առաջ տեղի ունեցաած իրադարձությանը, երբ տրվում է միակողմանի գնահատական, արդյունքը լինում է հետևյալը: Այսինքն՝ հասկանում են, որ իրենց ամեն ինչ կարելի է: Որ կարելի է գյուղապետարանում, իսկ գյուղապետարանը դա համայնքի շենքն է, գյուղապետարանում դարանակալել զենքերով և հարձակվել մարդկանց վրա: Ավելին՝ գյուղացիներից պատմեցին, որ այս ամենը եղել է որոշ ոստիկանների ներկայությամբ և միայն կրակոցից հետո է, որ փորձել են զենք ունեցողին վնասազերծել»:



Հիշեցնենք, որ այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբը հաղորդագրություն տարածեց, որ այսօր Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ: Մեր տեղեկություններով՝ միջադեպը մարտի 12-ին տեղի ունեցածի շարունակությունն է, որի արդյունքում դաշինքից տուժածներ կան։ Երեք հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, որոնցից մեկը՝ անչափահաս, վերջինը կոտրվածքներ ունի։ Տուժածներից մեկը թե հրազենային վնասվածք ունի, թե դանակի կտրվածքներ, երրորդն էլ գլխի շրջանում կոտրվածքներ է ստացել։ Նրանցից երկուսը եղբայրներ են, մեկն էլ Լեռնիկ Երանոսյանն է:



Նախնական վարկածով՝ հարձակման կազմակերպիչները կրկին Ոստիկանության պետի տեղակալ Լյովա Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանն են ու Ջրառատի ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանը, որը Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ նույն Երանոսյանի ծննդավայրն է։