Երևի քաղաքականությամբ այլևս չեմ զբաղվի

Երևի քաղաքականությամբ այլևս չեմ զբաղվի

Տավուշի մարզում «Ծառուկյան դաշինքի» կողմից առաջադրված Վարուժան Բաբաջանյանը, ըստ ամենայնի, չի անցնի խորհրդարան, չնայած որ դաշինքի թեկնածուներից ամենաշատ ձայն ինքն է հավաքել։ Նա իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն էր հայտնել իր 5 հազարից ավելի ընտրողներին, բայց «չարաբաստիկ» ռեյտինգային համակարգը, փաստորեն, թույլ չի տալիս, որ նա անցնի խորհրդարան։



«ԿԸՀ-ն ինչ-որ բանաձեւ ունի մանդատները հաշվելու, թե որ տարածքին ինչքան մանդատ է տրվում, լրատվամիջոցներից մեկի հաշվարկով՝ անցել եմ, բայց դրանից հետո մյուս լրատվամիջոցների հաշվարկով՝ չեմ անցել։ Բայց քանի որ պաշտոնապես չի հաստատվել կամ հերքվել, չեմ կարող ասել»,-մեզ հետ զրույցում ասաց Վարուժան Բաբաջանյանը։



- Իսկ ձեր դաշինքում չե՞ն հաշվել՝ ով է անցել, ով՝ ոչ։



- Ճիշտն ասած՝ դեռ էդպիսի կոնսուլտացիաներ չենք արել, ես մարզից նոր եմ եկել Երեւան, չեմ շփվել դեռ, չեմ հանդիպել, իհարկե, որ գնամ շտաբ, կխոսեմ։ Բայց ավելի շատ երեւի թե չեմ անցել, որովհետեւ չեմ կարծում, թե մի քանի լրատվամիջոց սխալ հաշվարկ անեին։



- Հնարավո՞ր է՝ թեկուզ անցած լինելու դեպքում, դուք թիմի ներսում որոշեք, որ պետք է ինքնաբացարկ ներկայացնեք, զիջեք Ձեր տեղը մեկ ուրիշին։



- Չեմ կարծում, որ էդպիսի բան կլինի, որովհետեւ ես ռեյտինգային ընտրակարգով անցա, ինչպե՞ս կարող եմ ինձ վստահած քաղաքացիների հույսերը չարդարացնել։ Դուք հաշվի առեք, որ Նոյեմբերյան քաղաքում եւ բազմաթիվ համայնքներում ռեյտինգային ընտրակարգով գրեթե բոլոր տեղերում կա՛մ հաղթել եմ, կա՛մ հավասար եմ եղել։ Մի քանի համայնքներ են, որ ձայների որոշակի տարբերություն կա։ Ես կարծես թե երրորդ արդյունքն եմ գրանցել բոլոր քաղաքական ուժերի մեջ, ինձնից ավել ձայն հավաքած մյուս երկու թեկնածուն ՀՀԿ-ից են՝ Գրիգոր Ավալյանը եւ Հակոբ Հակոբյանը՝ գարեջրի գործարանի։ Իսկ մեր դաշինքից առաջինը ես եմ։



- Այսինքն, դեռ պա՞րզ չէ՝ «Ծառուկյան դաշինքն» այս տարածքից մանդատ կստանա՞, թե՞ ոչ։



- Պաշտոնապես՝ ոչ։ Դե, մենք 15 մանդատ ենք վերցրել ռեյտինգային, վերջին թարմ հրապարակումներում նշվում է, որ մեր դաշինքը Տավուշի մարզում մանդատ չի ստանա։ Պետք է երեւի սպասենք ԿԸՀ-ի որոշմանը, որովհետեւ էնքան խրթին բանաձեւ է, ես չգիտեմ էդ բանաձեւը, որ իմանայի, միգուցե ինքս էլ կարողանայի հաշվել։ Էնպես է, որ անցած թեկնածուներից շատ-շատերից ես ավելի շատ ձայն եմ հավաքել, բայց երեւի թե ընտրական համակարգն այնպիսին է, որ ես չեմ անցնի:



- Հիմա, եթե վերջնական պարզվի, որ չեք անցել, ի՞նչ եք անելու, ինչո՞վ եք զբաղվելու, եւ արդյոք հիասթափություն կլինի՞։



- Հիասթափություն չեմ ունենա, կտեղափոխվեմ հավանաբար Նոյեմբերյան, մարզում կունենամ իմ գրասենյակը, կփորձեմ իմ լրատվական կապերի, իմ իրավաբան ընկերների, մյուսների միջոցով որոշակի աջակցություն ցույց տալ տեղի բնակչությանը՝ իմ մշտական գործող գրասենյակի միջոցով։ Չեմ նեղանա, չեմ նեղացել ոչ մեկից, եւ այն մարդիկ, ովքեր այս ընթացքում ինչ-որ գայթակղություններից ելնելով գնացին կանգնեցին այլ ուժերի կողքին, ես նրանց ներում եմ, հիասթափված չեմ, հուսահատված չեմ, պարզապես, երեւի քաղաքականությամբ այլեւս չեմ զբաղվի։ Նոյեմբերյանում ես փոքրիկ նախաձեռնություններ ունեմ, աշխատատեղեր եմ ստեղծում, երեւանյան իմ բիզնեսներն էլ կհանձնեմ հավատարմագրային կառավարման, իսկ ես կապրեմ Նոյեմբերյանում, կփորձեմ այնտեղից օգտակար լինել իմ ժողովրդին։



Գիտե՞ք, հիմա տավուշցին մեղավոր չէ, որ ինչ-որ բանաձեւերի արդյունքում հնարավոր է ինքն էնտեղից պատգամավոր չունենա, թեկուզ հենց «Ծառուկյան դաշինքի» համակիրները մեղավոր չեն, հետեւաբար, ես ինքս պարտավորություն եմ վերցրել եւ հենց այդ գիշեր էլ ես հայտարարեցի, որ մեր շտաբը վերածվում է գրասենյակի, որովհետեւ ճիշտ չէ էդ վստահությունը փոշիացնելը, հետեւաբար, մեր գրասենյակը կսկսի համակարգել, օգնել մարդկանց, տարբեր տեսակի օգնություն ցուցաբերել մարդկանց։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ