Եթե պատժելու արարք է, ինչու՞ ոչ․ Արտակ Դավթյանը՝ «ՍԱՍ»-ի ձայնագրությունների մասին

Եթե պատժելու արարք է, ինչու՞ ոչ․ Արտակ Դավթյանը՝ «ՍԱՍ»-ի ձայնագրությունների մասին

Հինգերորդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում նոր խորհրդարանի նախնական կազմը, որտեղ ինքը չի լինելու։



«Եկեք երկրորդենք իմ գնահատել կամ չգնահատելը։ Մեր ժողովուրդը կատարել է ընտրություն, և ես կարծում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պիտի անկախ ամեն ինչից դա իր սպասումների շրջանակներում էր, թե ոչ, պիտի խորին հարգանքով վերաբերվի էս ընտրությանը։ Կարող են տարատեսակ մեկնաբանություններ լինեն ընտրությունների հետ կապված, բայց ընտրությունն արդեն կատարվել է, պիտի սա ընդունենք արդեն որպես կատարված փաստ, որին պիտի հարգանքով վերաբերվենք»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Դավթյանը։



Մեր դիտարկմանը, թե ընտրություններից հետո ընտրությունների որակը բացահայտող ձայնագրություններ են հարապարկվում, մասնավորապես՝ «ՍԱՍ» գրուպի հայտնի ձայնագրությունը, նախկին պատգամավորը նկատեց, որ անկախ ամեն ինչից, այն փաստը, ինչ ունենք, չի փոխվի։



-Բայց այս ձայնագրությունը հետընտրական շատ տխուր պատկեր է ստեղծում, թե ինչպիսի մեթոդներով են մարդիկ քվե կորզել իրենց աշխատողներից։



-Չէի ասի՝ շատ տխուր պատկեր, միգուցե որոշակի տրտմություն առաջացնում է։ Բայց հասկանու՞մ եք, այդ գործընթացներն էլ, որոնք տեսանելի են, այդ Ձեր ասած ձայնագրությունը, նաև մեզ պիտի այնպիսի գործողությունների դրդի, որ առաջիկայում ընտրություններ են՝ Երևանի ավագանու ընտրություններ, և անենք այնպես, որպեսզի զերծ մնանք Ձեր ասած այ էդ դեպքերից։



-Իսկ պետք չէ՞ նաև մարդկանց պատասխանատվության ենթարկել, պատժել, որ հետո չանեն։



-Ես ասում եմ՝ մենք էնպիսի գործողությունների պիտի գնանք, և եթե անհրաժեշտություն կա որոշակի պատժիչ գործողությունների, որոնք որ միտված են լինելու էդ նպատակին, ինչու՞ ոչ։ Եթե պատժելու արարքն է, ապա միանշանակ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ