Բա կարող ա ես մալյար եմ, էդ կոչումը ինձ տվել են․ Թովմաս Պողոսյանը՝ դոկտոր

Բա կարող ա ես մալյար եմ, էդ կոչումը ինձ տվել են․ Թովմաս Պողոսյանը՝ դոկտոր

ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը վերջերս ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի կոչում։ «Հրապարակ»-ի այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Թովմաս Պողոսյանը՝ նշելով, որ ունեցել է երեք ընդդիմախոս, ովքեր ծանոթացել են իր աշխատանքին եւ խրախուսել։



-Թեման ո՞րն է եղել։



Ջիվանու բանաստեղծական ժառանգությունը։



-Ի՞նչ տվեց Ձեզ դոկտորի կոչումը։



Ընդհանրապես, եթե մարդը գիտական աստիճան է ստանում, ի՞նչ է տալիս։



-Տարբեր մարդկանց տարբեր բաներ է տալիս։



Օրինակ։



-Օրինակ մեկը դրանով հպարտանում է, մյուսը ավելի առաջ է գնում․․․



Ես ոչ առաջ գնալու տեղ ունեմ, ոչ հպարտանալու տեղ ունեմ։ Դա պարզապես իմ երկար տարիների աշխատանքի արդյունքն է։



-Ինչքա՞ն ժամանակում եք գրել։



9-10 տարի մոտավորապես։



-Դուք դասավանդում եք նաեւ, բ․գ․դ․ կոչում ստանալուց հետո այլ տեղերում եւս դասավանդելո՞ւ եք։



Ոչ, ես միայն Կոնսերվատորիայում եմ դասավանդում՝ քառորդ դրույք։ Առանց այդ էլ ես շատ-շատ ծանրաբեռնված եմ, «Սայաթ-Նովա» աշուղական երգի պետական վաստակավոր անսամբլը, Ջիվանու անվան աշուղական դպրոցը, Կոնսերվատորիայի իմ դասերը, «Հայ աշուղների միությունը», կարծում եմ՝ մի մարդու համար այսքանը արդեն շատ-շատ է։



-Ձեր ընդդիմախոսները ովքե՞ր են եղել։



Վլադիմիր Կիրակոսյան, ակադեմիկոս Սարգիս Հարությունյան, երրոդինը մոռացա։ Պաշտանությունը եղել է դեկտեմբերին, վավերացումը՝ ապրիլի 4-ին։



-Ջիվանու ստեղծագործությունների հետ կապված ի՞նչ նորույթ եք հայտնաբերել, աշխատանքի մեխը ո՞րն է եղել։



Ջիվանու անհայտ մնացած երգերը՝  400-ից ավելի հրատարակել եմ առաջին անգամ։ Բեմից մենք երգում ենք հաճախ, ներկայացնում ենք նոր հայտնաբերված ստեղծագործությունները։ Երաժշտական համերգների ժամանակ։



-Դոկտորի կոչում ստանում են գիտությամբ զբաղվող մարդիկ։ Դուք գիտությամբ զբաղվո՞ւմ եք։



Անշուշտ, բա կարող ա ես մալյար եմ, էդ կոչումը ինձ տվել են։ Ես տասնյակ հոդվածների, տասնյակ գրքերի հեղինակ եմ։ Հոդվածները լույս են տեսել Հայաստանում եւ արերկրում։