Սերժ Սարգսյանի հովանու ներքո Թեղուտում այդքան ծառեր կտրեցին ու հենց իրենք էին հովանավորում. Անի Խաչատրյան

Սերժ Սարգսյանի հովանու ներքո Թեղուտում այդքան ծառեր կտրեցին ու հենց իրենք էին հովանավորում. Անի Խաչատրյան

«Երկու մետրանոց քոթուկներ թողնելն ինձ համար վանդալիզմ չէ, բարբարոսություն ու հանցագործություն է, որովհետև նման դեպքերի շատ ենք ականատես լինում, ինչ-որ օբյեկտի դիմաց ծառեր են լինում, խանգարում են, որ իրենց գովազդները տեսանելի լինեն ու գալիս կտրտում են, կամ ինչ-որ նյութերով չորացնում են, որ հետագայում կտրեն».- նշում է բնապահպան Անի Խաչատրյանը։



Ապրիլի 10-ին Դավթաշենում կտրված, կամ էտված 23 բարդիները շարունակում են «ալեկոծել» մամուլը։ Հիշեցնենք, որ Դավթաշեն վարչական շրջանում բարդիներ հատելու համար ձերբակալված անձը ազատ էր արձակվել, իսկ ավելի ուշ քննիչի միջնորդությամբ՝ կալանավորվել:



Առաջին անգամ նախագահն արձագանքում է նման խնդրին, դա նշականում է, որ սկսել են ուշադրությո՞ւն դարձնել բնապահպանական խնդիրներին:



«Իհարկե բնապահպանությանը չեն սկսել ուշադրություն դարձնել, ուղղակի այդ թեման աղմուկ հանեց, որոշեցին «փիառվել» դրանով, որովհետև Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո Թեղուտում այդքան ծառեր կտրեցին ու հենց իրենք էին հովանավորում այդ ամեն ինչը։ Իրենցից ոչ ոք ձայն չհանեց, դեռ մի հատ էլ տաբու էր այդ թեմայի վրա դրված, ու մինչև հիմա ծառեր են կտրվում Թեղուտում։ Նույն քաղաքապետարանը, որ բողոքում է այդ մարդու դեմ, ավելի լավ ձևով չի այդ ծառերն «էտում»։ Երբ նայում ենք քաղաքի բնական պատկերն ինչպես են նրանք այլանդակել, նույն քաղաքապետարանը... սղոցի ձայնը լսում ես, արդեն սարսափում ես, էլի հերթական ո՞ր տեղն են վերացնում, ո՞ր կանաչ տարածքը։ Այսինքն՝ այդ մարդն ինչ-որ տեղ ճիշտ է ասում, ինքն ասում է՝ այո ես էտել եմ, այն չափով, որ չափով որ դուք էլ եք էտում։ Քաղաքապետարանն այդ դեպքում խոսելու տեղ չունի, որովհետև նույն տրամաբանությամբ էլ իրենք են աշխատում։ Բայց այդ մարդը չի էտել, ինքը դա հատուկ արել է, որ վերացնի, ես այդպես եմ կարծում, որովհետև ձեռագիրը նույնն է նաև ուրիշ տեղերում։ Եվ շահարկել՝ ես բնապահպան եմ, ես հաշմանդամ մայր ունեմ, երեխաներ ունեմ և այլն, սպառել է այդ արդարացումները».- պատասխանում է Անի Խաչատրյանը։



Բնապահպանը ծառերն էտած անձի կալանավորումն էլ անհամաչափ է համարում, թեև կողմ է, որ բնությունը վերացնողներին խիստ պատժի ենթարկեն. «Այնպես չէ, որ մեկին թիրախավորեցին, ինչ է թե Սերժ Սարգսյանը խոսել է, որ պատժեք, ուրեմն պետք է լինել օրենքից դուրս այդ մարդու հանդեպ»։



Ամեն տարի գարնանը մեր պաշտոնական այրերը «ցեխոտում են» իրենց կոշիկները, մասնակցում ծառատունկերին, սակայն այդ տնկված ծառերից բոլորի՞ն է հաջողվում «ապրել», թե՞ ոչ։



Անի Խաչատրյանն ընդգծում է, որ միայն ծառատունկի օրն աննպատակ հողի մեջ ծառ դնելը չէ. «Մենք «ԷյԹիՓի»-ի հետ ամեն տարի գնում ենք ծառատունկերի և «ԷյԹիՓի»-ին (Հայաստանի ծառատունկ ծրագիր- հեղ.) իր վրա է վերցրել պատասխանատվությունը, իրենք խնամում են ծառերը, որ ծառն աճի։ Օրինակ՝ հանքարդյունաբերության համար անտառները կտրում են, հետո խոստանում են, որ պետք է վերականգնեն, մենք գնում ենք տեսնում ենք իրենց տնկած ծառերը խնամված չեն, ոչ մի ծառ կպած չի լինում, կարող է հազար ծառից մեկը կպնի։ Այս ամեն ինչը իհարկե բոլորիս զայրացնում է, նայում ենք, տեսնում ենք... Բայց մի ուրիշ կողմ էլ կա, միշտ այդ ծառերը կտրվում են ու այդ ծառերը կտրվում են մարդկանց աչքի առաջ, այսինքն՝ քանի դեռ մենք անտարբեր կանգնած նայում ենք, թե ոնց են այդ ծառերը կտրվում ու ոչ ոք չի միջամտում, այդ ծառերը շարունակվելու են կտրել: Եվ մենք հավասար ձևով մասնակից ենք դրան, քանի որ մենք անտարբեր նայում ենք։ Եթե մենք ուզում ենք այդ ամեն ինչը վերանա, մենք մեր չափով պետք է փորձենք դրա դեմն առնել։ Եթե տեսնում ենք ծառահատում է, գնում ենք, հարցնում ենք՝ ինչի եք կտրում, իրավունք ունե՞ք... Անգամ էտելու համար իրենք պատրտավոր են թղթեր ունենալ, որ իրենք էտման թույլտվություն ունեն համապատասխան մասնագետներից»։



Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: Հիշեցնենք, որ այս դեպքին արձագանքել է նաեւ ՀՀ նախագահը՝ կատարվածը բարբարոսություն որակելով: Ի դեպ, մամուլը գրում էր, որ ծառերն էտած անձն ինքն է տնկել այդ բարդիները և տարիներ շարունակ խնամել դրանք։



Սիրան Հունանյան