Հարկայինը չեկավ տուգանելու, դա Գագիկ Խաչատրյանի ինքնագործունեությունն էր

Հարկայինը չեկավ տուգանելու, դա Գագիկ Խաչատրյանի ինքնագործունեությունն էր

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը կարծում է, որ երեք ընտրության մասնակցած մարդը քաղաքականությունից չի կարող դուրս գալ։ Եվ այս ընտրություններին չմասնակցելը չի նշանակում քաղաքականության մեջ չլինել։



«Հիմա Դուք զանգել եք, ինձ հարցնում եք, չէ՞։ Չպատասխանե՞մ։ Այսինքն՝ անընդհատ մենք քաղաքականության մեջ ենք, էնպես չէ, որ քաղաքականությունից դուրս եկանք ու վերջ։ Բայց կոնկրետ ես անցել եմ արդեն ավելի շատ գործարար աշխատանքին»,-բացատրեց Աղաբաբյանը։ Նրա եւ իշխանությունների հարաբերությունները վերջին 2 տարում լավ չէին։ Հարկայինը նրա «Հրազդան» տոնավաճառը 60 մլն․ դրամով տուգանեց։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աներորդի լինելն էլ չփրկեց։ Աղաբաբյանը դեռ «Էլեկտրիկ Երեւանի» օրերից սկսել էր քննադատաբար արտահայտվել իշխանության հասցեին, ինչը դուր չէր եկել վերնախավին։ Արդյունքում նա հայտնվեց հարկայինի թիրախում, սկսեց խորհրդարան չգնալ։



- Իշխանություններից նեղացածությունը դեռ կա՞, թե՞ ամեն ինչ հարթվել է։



- Բայց ես նեղացած չեմ եղել երբեք ու երբեք չեմ էլ նեղանում։ Եթե դու ճիշտն ասում ես, ճիշտը պնդում ես ու հետեւում ես քո ճշտին, դա նեղանա՞լ է նշանակում։



- Ասում են՝ «ճիշտն ասացիք», եւ իշխանությունները որոշեցին դիմել պատժիչ քայլերի՝ հարկայինը տուգանեց։



- Բայց ի՞նչն է պատժիչ․․․ հարկայինին չուղարկեցին, դա Գագիկ Խաչատրյանի ինքնագործունեությունն էր՝ բյուջեում փող ապահովելու, բայց բյուջեում չի կարելի փող ապահովել անօրինական գանձումներով կամ տուգանելով։ Ամբողջ խնդիրը դա է։ Բայց դա չի նշանակում, որ ես հանրապետական եմ, ինձ մոտ չպիտի ստուգեին։ Ստուգել են, սխալ են անցկացրել ստուգումները, դատի ենք տվել, կվերականգնվենք, ի՞նչ է եղել։



- Ինչպե՞ս եք գնահատում նոր կառավարության աշխատանքը, Գագիկ Խաչատրյանն այլեւս չկա, նոր մարդիկ են, նոր վարչապետ։



- Մարդկանց նոր լինելը պիտի մարդու մտքի մեջ նոր լինի։ Օրինակ՝ նոր վարչապետը, ես կարծում եմ, շատ պարզ, կոնկրետ հարցերին մոտենում է եւ փորձում է բոլոր հարցերի պատասխանները ճիշտ տա, ոչ թե մտածի, թե էս օրենքն ընդունել են, չեմ կարող վերանայել։ Ոչ։ Վարչապետը միշտ պիտի օրենքների նկատմամբ ուշադիր լինի, եւ էն օրենքները լինեն, որ խթանվի արդյունաբերությունը, առեւտուրը, նոր աշխատատեղեր բացի։ Ես կարծում եմ, որ ինքը շատ ճիշտ մոտեցումներ ունի նման խնդիրներին, եւ, ճիշտը որ ասեմ՝ հավատում եմ։



- Հովիկ Աբրահամյա՞նն ինչպես էր մոտենում այդ խնդիրներին, ի՞նչ հարաբերություններ ունեք նրա հետ։



- Ես ոչ մեկի հետ էլ անձնական հարաբերություններ տենց չեմ ունեցել, խնդիրն ինչն է, ես մի անգամ ասել եմ, որ եթե երկու տարին մեկ վարչապետ ենք փոխում, ուրեմն մեր վիճակը լավ չէ։ Հիմի դրա համար հարկավոր է նոր վարչապետի հետ ռեալ, կոնկրետ իր ասածների եւ դրանց տեր կանգնելու մասին մտածենք։ Իսկ ինքը, իմ կարծիքով, հենց էդպես էլ անում է։



- Այս ընտրություններին ի՞նչ մասնակցություն ունեցաք, որեւէ մեկին աջակցեցի՞ք։



- Էս ընտրություններին իմ ամբողջ տարածքում, որ երեք անգամ իմ ժողովրդի կողքն եմ եղել, ու իմ կուսակցությանն ընտրել են, նորից իմ գրասենյակի միջոցով բոլորին խնդրել եմ, որ անպայման ՀՀԿ-ին ձայն տան։ Բայց կոնկրետ առաջադրանք չի եղել, թե որ թեկնածուին, խնդիրը նրանում է կայացել իմ համար, որ ոչ թե անձին, այլ ՀՀԿ-ին ձայն տան։



- Ինքնե՞րդ չցանկացաք առաջադրվել, թե՞ կուսակցությունը հարմար չգտավ։



- Ինձ թվում է՝ կուսակցությունը հարմար չգտավ։



- Հնարավո՞ր է՝ կուսակցության համար ընտրություններին կատարած աշխատանքն ինչ-որ ձեւով գնահատվի։ Որեւէ ակնկալիք ունե՞ք՝ պաշտոնի կամ այլ տեսքով։



- Գիտե՞ք ինչ, ես չեմ աշխատում, որ գնահատեն, ես անում եմ էն, ինչ որ մեզ պետք է, մեր ժողովրդին, մեր պետությանը։ Իսկ գնահատելը, թող ամեն մարդ ինքն իրեն փորձի գնահատի՝ ինքը ճի՞շտ է ապրում, ճի՞շտ գործունեություն է ծավալում, իր երկրին օգուտ տալի՞ս է, թե՞ չի տալիս։ Այսինքն՝ ես կարիք էլ չունեմ ինձ գնահատելու, ես, մեկ է, իմ գործն անում եմ, ես չեմ մտածում ուրիշների նման, որ ես էսինչ բանն արեցի, ինձ էսինչ բանն է պետք, ոչ։ Տենց բան չկա, չպիտի լինի։ Մարդ պիտի ինքն իրա գործն անի ու իմանա, որ ինքը հայ է, սա Հայաստանն է, նենց չի, որ ես վաղը, մյուս օրը կարող է լքեմ Հայաստանը, գնամ նոր ափեր ման գամ, տենց բան չկա իմ համար։



- Ամեն դեպքում, ՀՀԿ-ից հեռանալու մտադրություն չունեք։



- Ես ո՞նց կարող եմ հեռանալ ՀՀԿ-ից, երբ որ Աշոտ Նավասարդյանի հետ հիմնադիր անդամ եմ եղել, իմ ամբողջ էությունը դրված է էդ կուսակցության մեջ․․․ դա չի նշանակում, որ պիտի հեռանաս, ո՞ւր հեռանամ։



- Ասում են՝ Նավասարդյանի ժամանակվա ՀՀԿ-ից բան չի մնացել, կուսակցությունը շեղվել է իր հիմնական ուղուց, առաջվա ՀՀԿ-ն չէ։



- Դե առաջ էլ․․․ դա մարդկանցից է կախված, հասկանո՞ւմ եք, էն ժամանակ մենք քիչ էինք, իսկ հետո յուրաքանչյուր կազմակերպության, կուսակցության մեջ կան ժողովրդի բոլոր շերտերից։ Բնականաբար, կուսակցությունը մեծանալուց նրա լավ կողմն էլ, վատ կողմն էլ մեծանում է։ Հին հանրապետականները, ովքեր որ կան, ես ինձ եմ վերցնում, անուններ չեմ ուզում տամ, ես չեմ շեղվելու, չեմ էլ կարող շեղվել։



- Նոր խորհրդարանում ՀՀԿ-ի լա՞վ որակն է ներկայացված, թե՞ վատ։



- Ուրեմն ամբողջ խնդիրը նա է, որ յուրաքանչյուր բան մեկնաբանելու համար հարկավոր է նրա աշխատանքը տեսնել։ Բնականաբար, ես մի անգամ ասել եմ, նորից եմ ասում՝ չկան վատ նախարարներ, վատ աշխատողներ, օրենքը երբ որ էդպիսին է, էդ նախարարի անունը Պողոս կլինի, թե Պետրոս կլինի, ի՞նչ կապ ունի, էդ օրենքով է, չէ՞, ինքն առաջնորդվում։ Եթե օրենքը լավը չէ, ինքն ի՞նչ կարա անի։



- Բայց Գագիկ Խաչատրյանը, Ձեր ասելով, ինքնագործունեությամբ էր զբաղվում, չէ՞, օրենքին չէր ենթարկվում։



- Չէ, չէի ասի, օրենքները շրջանցելն ուրիշ բան է, ենթարկվել-չենթարկելն ուրիշ բան է։ Պետք չէ օրենքներ ստեղծել բյուջեն լցնելու համար, պետք է նոր ձեռնարկություններ, նոր արտադրություն կազմակերպել եւ դրանից շահութահարկ ու ավելացված արժեքի հարկ ստանալ, ոչ թե մարդուն ասել՝ պլանը չենք կատարում, տվեք, երբ որ չեն տալիս, մտնում են ու անօրեն ստուգումներ են անում։ Դա լրիվ ուրիշ բան է։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ