Անորոշ պահանջ է՝ շրջանների մի մասը հետ տվեք, հետո կորոշենք ձեր կարգավիճակը

Անորոշ պահանջ է՝ շրջանների մի մասը հետ տվեք, հետո կորոշենք ձեր կարգավիճակը

Արկադի Ավանեսյանը՝ Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղի դպրոցի տնօրենը, օրերս Երեւանում էր, մասնակցում էր Միջազգային բակալավրիատի 11-րդ համաժողովին։ Գյուղը փոքր չէ, աշակերտների ու բնակչության թվով Մարտունու շրջանի 3-4-րդ գյուղն է։ 90-ականներից ի վեր տնօրենն ինքն է։ Դպրոցն ունի 179 աշակերտ, այս տարիներին դինամիկան դեպի նվազումն է եղել, բայց տնօրենը դա չի պայմանավորում արտագաղթով, հիմնական պատճառն այն է, որ գյուղի տղամարդկանցից շատերը ծառայում են, եւ ծառայության բերումով ընտանիքով տեղափոխվում են Ղարաբաղի տարբեր շրջաններ՝ տեղափոխելով նաեւ իրենց երեխաներին․ «Հիմնական, որ աշակերտների թիվը նվազել է, էդ պատճառով է, իհարկե, քիչ ու միչ էլ եղել է արտագաղթի պատճառով, մանավանդ, ես կասեի, վերջին տարիներին»։



2011-ին «Հայաստան համահայկական հիմնադրամի» եւ ԼՂ իշխանությունների համատեղ ֆինանսավորմամբ դպրոցը վերակառուցվել է, եւ այժմ նորակառույց դպրոցում են դասերն անցկացնում։ Դպրոցն իր պատմությամբ, սակայն, բավականին հին է՝ գոյություն ունի դեռ 19-րդ դարի կեսերից։ «Թող գոռոզություն չլինի, բայց մեր դպրոցն այսօր շրջանի առաջատար դպրոցներից է»,- մեզ հետ զրույցում այսպես ներկայացրեց տնօրեն Ավանեսյանը։ Գյուղը սահմանակից չէ, այդ պատճառով անմիջապես կրակի տակ չէ, բայց ապրիլյան պատերազմի օրերին մի քանի օրով դադարեցրել են դասընթացները, քանի որ կրակի տակ հայտնվելու վտանգ կար։ Պարոն Ավանեսյանի խոսքով՝ դպրոցում կան եւ լավ սովորողներ, եւ ծույլեր, բայց հարգանքը գիտության, կրթության, մշակույթի հանդեպ կա իրենց գյուղում։ «Դրա վառ ապացույցներից մեկն էլ թերեւս այն է, որ անցյալ տարի COAF-ի գործունեության շրջանակներում տասնօրյա ճամբար կար՝ Հայաստանի մասնագետներով, մեր դպրոցի մասնագետներով ընդգրկված, եւ հետաքրքիր էր, որ օգոստոսյան էն տաք օրերին մեր գյուղից 100-110 երեխա առանց տրտնջալու, մեծ հաճույքով մասնակցում էր»։



- Իսկ ունե՞ք աշակերտներ, շրջանավարտներ, որոնք նկատելի հաջողությունների են հասել թե՛ Ղարաբաղի ու Հայաստանի մասշտաբով, թե՛ միջազգային ասպարեզում։



- Միջազգային՝ չէի ասի, բայց Ղարաբաղի, Հայաստանի մասով․․․ էսօր Հայաստանի բուհերում մեր դպրոցի շրջանավարտներից սովորում են՝ Բժշկական համալսարանից սկսած, մնացածով վերջացրած, էլ չեմ ասում՝ Ստեփանակերտի բուհերը։



- Խնդիրներից խոսենք, դպրոցն ի՞նչ խնդիրներ ունի։



- Դպրոցը նորակառույց է, բոլոր պայմաններն էլ ունենք՝ լաբորատորիաներ, համակարգչային կաբինետ։ Նախարարությունից էլ ամենօրյա ուշադրություն են դարձնում, միշտ իրենց հսկողության տակ է՝ ոչ միայն հսկելու նպատակով, այլեւ օգնելու։ Իհարկե, չեմ ասում՝ 100 տոկոսով ամեն ինչ իդեալական է, դա հնարավոր էլ չէ, բայց մեր հիմնական խնդիրը եղել եւ մնում է խաղաղությունը։ Խաղաղությունը եղավ, ուսուցիչն էլ, աշակերտն էլ սրտանց դպրոց են գնում, ով ինչքան կարողանում է, սովորում է։



- Ապրիլյան պատերազմն ինչ-որ ազդեցություն թողե՞ց ձեր դպրոցի ուսումնական պրոցեսի վրա։



- Մեկ-երկու օր միայն գիտակցված ձեւով դադարեցրել ենք պարապմունքները՝ հասկանալի պատճառներով, որովհետեւ թշնամին ամեն ինչ օգտագործում էր։ Բայց, փառք Աստծո, գյուղում քաղաքացիական կյանքում վնասներ չեն եղել, բայց, իհարկե, մեր գյուղի տղաներն այդ օրերին բոլորն էլ դիրքերում էին։ Ցավոք, ունեցանք նաեւ կորուստ գյուղից․ Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտի շրջանավարտ Հայկ Գրիգորյանը Ջաբրաիլի հարավային ուղղության մարտերում, ես կասեի, հերոսի մահով զոհվեց։



- Խաղաղության մասին խոսեցիք, Արցախում ինչպե՞ս են պատկերացնում խաղաղության ճանապարհը։



- Ղարաբաղցին լինի, շիրակցին լինի, հայն ընդհանրապես խաղաղության կողմնակից է։ Բայց խաղաղությունը մենք չենք մուրում, չենք խնդրում, եւ խնդրելով էլ ոչ մեկը մեզ չի տա։ Այդ խաղաղությունը մեր ժողովուրդն արյան գնով նվաճել է, էսօր էլ պահպանում է, եւ պիտի պահպանենք։ Էնպիսի տարածաշրջանում ենք, որ մեզ երբեք ինչ-որ նվիրատվություն չի լինելու մեր հարեւանների կողմից։



- Հայաստանյան ընտրություններին առաջին նախագահի կողմից խաղաղության ծրագիր էր առաջ քաշվում՝ փոխզիջումներով, այսօր նաեւ բանակցությունների սեղանին է դրված փոխզիջումային ծրագրի նոր փաթեթ, այս ամենին ինչպե՞ս եք վերաբերվում։



- Չգիտեմ՝ ով ինչպես է մտածում, բայց ես համոզված եմ՝ եթե թուրքին մի բան զիջես, երկրորդն է պահանջելու։ Եվ հետո, անորոշ պահանջ է դա՝ էս շրջանների մի մասը հետ տվեք, հետո կորոշենք ձեր կարգավիճակը։



- Այդ դեպքում լուծումն ինչպե՞ս եք տեսնում։



- Լուծումը․․․ հարցը լուծված է ընդհանրապես, ուղղակի մենք մեր անվտանգությունը պիտի պահպանենք, միշտ զգոն լինենք, ինչքան հնարավոր է՝ զինվենք եւ նվիրվածության դեպքում կպաշտպանենք։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ