Ստում են, բոլորն էլ ստորագրել են, որեւիցե մեկն առաջ չի քաշել հարցը, թե խի եմ ստորագրում

Ստում են, բոլորն էլ ստորագրել են, որեւիցե մեկն առաջ չի քաշել հարցը, թե խի եմ ստորագրում

«Ծառուկյան դաշինքի» ինքնաբացարկների շուրջ առաջացած սկանդալն ու «մանդատակռիվը» դեռ շարունակվում են։ Այս դաշինքից Արմավիրի մարզում ռեյտինգայինով առաջադրված, բայց մոտ 6 հազար ձայնով մանդատ չստացած թեկնածու Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, պնդում է, որ ինքնաբացարկի դիմում ստորագրածներն իմացել են, թե ինչի տակ են ստորագրում, բոլորն են նման դիմումներ ստորագրել, այդ թվում՝ ինքը, եւ դա եղել է քաղաքական պայմանավորվածության արդյունքում։ Ստորագրման «արարողությունն» էլ տեղի է ունեցել ընտրություններից մոտ երկու ամիս առաջ՝ փետրվարի 14-ին։ Նկատենք, որ ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել եւ հետո ԿԸՀ-ից դրանք հետ վերցրին նրանք, որոնք ռեյտինգայինով քիչ ձայներ էին հավաքել։



«Քանի որ քաղաքական համաձայնության ենք մենք եկել, եւ Ծառուկյանը խնդիր էր առաջ քաշել, որ անկախ նրանից, թե ցուցակի որ համարում կլինեք, եւ ժողովուրդը ձեզ քիչ քվե կտա, մեկ ուրիշին շատ կտա, ապա ցուցակում ձեր գտնվելու տեղը ձեր վրայից կանցնի եւ կգա մյուս՝ ավելի շատ ձայն հավաքած թեկնածուին։ Ստորագրելու ժամանակ բոլորս իմացել ենք, բոլորս ստորագրել ենք, չիմացող մարդ չկա»,-երեկ մեզ հետ զրույցում վստահեցրեց չընտրված թեկնածուն՝ նշելով, որ «բոլորս» ասելով՝ նկատի ունի ցուցակի մեծամասնությանը, որոնք նաեւ ռեյտինգայինով էին առաջադրվել։



- Այսինքն՝ թեկնածուների ընտրության շեշտն ինչի՞ վրա է դրված եղել, նրա վրա, ով շատ ձայն կբերի՞, թե՞ նրանց ինտելեկտի, քաղաքական կշռի, որ խորհրդարանում կկարողանան լավ աշխատել։



- Կարող է եւ լավ աշխատեին, կարող է եւ վատ աշխատեին, բայց Ծառուկյանը խնդիր էր դրել, որ ժողովրդի կողմից քվե ստացած մարդիկ միայն գնային Ազգային ժողով։ Եվ դա, ես կարծում եմ, ավելի ճիշտ է, չի կարող լինի, որ 7 հազար ձայն ստացածը չգնա Ազգային ժողով, իսկ 1000 ձայն ստացածը գնա։



- Բայց այդ տրամաբանությամբ ինչպես ՀՀԿ-ում, այնպես էլ ԲՀԿ-ում կային մարդիկ, որոնք գուցե մեծամասնականով շատ ձայն էին հավաքել, բայց ԱԺ-ում արդյունավետ չէին աշխատում, իսկ համամասնականով անցածներից ոմանք՝ հակառակը, ակտիվ աշխատում էին։



- Դե, գիտե՞ք ոնց, կան տարբեր մարդիկ, այո, մեծամասնականով էլ կային, որոնք ակտիվ էին, եւ համամասնականով նույնպես կային։ Պարզապես այստեղ դրված էր սկզբունք, որ մենք ժողովրդի ընտրելու իրավունքը կոտնահարենք։ Այսինքն՝ նա, ով կստանար ժողովրդի մեծ թվով ձայները, նա էլ ներկայացված կլինի Ազգային ժողովում։ Եվ նրանք, ովքեր այսօր կրկնում են, թե իրենք տեղյակ չեն եղել կամ իրենք չեն ստորագրել, դա իրենց ստորագրությունը չէ, ես ասում եմ՝ ստում են էդ մարդիկ, բոլորն էլ ստորագրել են, եւ որեւիցե մեկն առաջ չի քաշել էդ խնդիրը, թե խի ենք ստորագրում կամ չենք ուզում ստորագրել։ Դա փետրվարի 14-ին է եղել, եւ եթե իրենք քաղաքական որոշմանը դեմ գնային, ապա իրենց թեկնածությունը չէին առաջադրի, Ծառուկյանը չէր համաձայնի։



- Կոնկրետ ի՞նչ տեքստի տակ են ստորագրել, կարդացե՞լ են այդ տեքստը ստորագրելիս, եւ դա եղել է ընտրություններից հետո մանդատից հրաժարվելու դիմումի տե՞քստ։



- Այո, բոլորն էլ գիտեին, որովհետեւ նախկինում նույնպես նման բան է տեղի ունեցել։ Ո՞նց կարող է պատահի, որ չիմանան, թե ինչի տակ են ստորագրում։ Դա եղել է նույն տեքստը, որը ներկայացված էր ԿԸՀ-ում, եւ բոլորս իմացել ենք, թե ինչի տակ ենք ստորագրում։ Էստեղ որեւիցե կողմնապահություն չկա որեւիցե մեկի նկատմամբ։ Ծառուկյանը որեւիցե սխալ քայլ չի կատարել։ Ընտրություններից հետո չի ծնվել դա, այլ ընտրություններից առաջ։



- Իսկ Գագիկ Ծառուկյանը փորձե՞լ է ԿԸՀ-ից դիմումները հետ վերցնելուց առաջ հանդիպել այդ մարդկանց հետ, կամ իրենք փորձե՞լ են կապ հաստատել Ծառուկյանի հետ, տեղյա՞կ եք։



- Ես չգիտեմ՝ Ծառուկյանը փորձել է հանդիպել, թե չէ, բայց Ծառուկյանին հանդիպելու համար ես, օրինակ, երբ ուզում եմ, Ծառուկյանին տեսնում եմ։ Տենց օր չկա, որ ես ուզենամ Ծառուկյանի հետ խոսամ, չխոսամ, կամ ուզենամ գնամ եւ Ծառուկյանին չտեսնեմ… Ծառուկյանը, կարելի է ասել, բոլորի համար էլ հասանելի է։ Ցանկություն է պետք նրան տեսնելու համար։ Ես էլի եմ ասում, պետք է քաղաքական համաձայնությունը սրբորեն պահել, չխախտել։ Այ, տեսեք, կան մարդիկ, որոնք 4-5 հոգով միասին իմ չափ ձայն չեն հավաքել։ Ու էդ չորսով պիտի գնան Ազգային ժողով։ Այսինքն՝ էստեղ ոտնահարվեց իմ ընտրողի իրավունքը։ Իմ ընտրողն իմ ծրագրերը նայելով՝ ինձ ձայն է տվել, որ ես գնամ ԱԺ եւ իրականացնեմ իմ ծրագրերը։ Իսկ մյուս չորսին չի տվել։



- Օրինակ՝ Արարատ Զուրաբյանը մոտ 1870 ձայն էր հավաքել, բայց փորձառու քաղաքական գործիչ է, գուցե այդ 1870 ձայնով ավելի լավ աշխատեր, քան նա, ով 5 հազար կամ 50 հազար ձայն է հավաքել։



- Ուրեմն այ հենց դրա համար էլ ընտրություն է, թող ժողովուրդն ինքը որոշի՝ ինչ գնահատական տա։ Որեւիցե խնդիր չկա՝ կլինի Արարատ Զուրաբյանը, կլինի ցանկացածը։ Եթե ժողովուրդը վստահում է, ուրեմն նա պիտի գնա եւ աշխատի։ Մենք ժողովրդի տված ձայնով ենք, չէ՞, առաջնորդվում։



- Բայց մենք գիտենք, չէ՞, թե ժողովուրդը հաճախ ինչ չափանիշներով է ընտրություն կատարում՝ ոչ քաղաքական, ծանոթ-բարեկամի, փողի, սիրուն աչքերի։



- Ճիշտ եք ասում, բայց չմոռանանք, որ դա մեր ժողովուրդն է։ Իսկ ժողովրդի ցանկացած արածը մենք պետք է ընդունենք։ Եթե ժողովուրդը գնահատական է տվել՝ մեկին 500 ձայն, մյուսին 5 հազար ձայն, մենք պետք է հաշվի նստենք ժողովրդի գնահատականի հետ։ Երբ կհասկանանք, քաղաքականապես կզարգանանք եւ ժողովրդի կարծիքի հետ հաշվի կնստենք՝ անկախ նրանից, թե դա մեզ օգուտ է, թե վնաս է, էդ ժամանակ էլ մենք կփոխվենք, կփոխվի երկիրը եւ քաղաքականությունը։ Որովհետեւ կան մարդիկ, որ միայն մանդատի համար են գնում Ազգային ժողով՝ գաղափարների հավաքատեղի չէ։ Իսկ մենք գիտենք, որ դա գաղափարների հավաքատեղի է։ Իսկ այսօր մարդ մանդատը վերցնում է, չի ասում՝ էդ 15 ծրագրերը, որը «Ծառուկյան դաշինքում» եղել է, հիմնականում դրա կատարողը Ծառուկյանն է եղել։ Ո՞ւր եք առանց Ծառուկյան գնում։ Ծառուկյանն ընդհուպ էդ մի քանի կոպեկը, էդ մեքենայի բենզինի ծախսի փողն էլ է էդ մարդկանց տվել, որ գնան, իրենց քարոզչությունն անեն։



- Այսինքն՝ Ծառուկյա՞նն է ֆինանսավորել ամեն մի թեկնածուի անհատական ընտրարշավը։



- Այո, Ծառուկյանն օգնել է էդ մարդկանց։ Երբ որ գալիս, վզները ծռած կանգնում ասում էին՝ պիտի էթանք ստեղ-ընդեղ, Ծառուկյանն է, այո, էդ փողերը տվել։



- Բայց այդ մարդկանց մեջ փող ունեցող թեկնածուներ շատ կային՝ մեքենա էլ ունեին, բենզինի փող էլ, բիզնես էլ։



- Պետք է բարեգործ լինել եւ գումարներ ծախսել։ Ծառուկյանը, մենք տեսնում ենք, որ գումարներ է ծախսում, նվերներ է տալիս, հազար ու մի գործողություններ է իրականացնում։ Իսկ շատ մարդիկ, որոնք որ էն «Ոսկե հորթի» հաշվապահի՝ Կորեյկոյի նման թաքնված ապրում են, նրանք մենակ իրենց համար ու իրենց կնանիքի համար են անում, ուրիշ ոչ մեկի ձեռք չեն մեկնում։



- Այսինքն՝ Ծառուկյանը փողերը տվել է, որ իրե՞նք անհատապես բարեգործություն անեին, մարդկանց օգնեին։



- Այո, ոչ թե օգնեին, այլ իրենց ծրագրերն իրականացնեին, էդ հանդիպումները եւ այլն։ Անգամ էդ պլակատները, էդ նկարները, որ խփում էին մարդիկ, բուկլետները, էդ ամբողջը Ծառուկյանն է ֆինանսավորել։



- Իսկ մոտավորապես որքա՞ն գումար է տվել ամեն մեկին եւ Ձեզ, օրինակ։



- Դե, ամեն մեկին չեմ կարող ասել, բայց դե՝ ծախսել են, էլի։ Ինձ գումար չի տվել, ես օգտվել եմ էդ բուկլետներից, էդ պլակատներից, էդ տեսակի մյուս բաներից։ Չմոռանանք՝ առանց Ծառուկյանի էսօր էդքան հեշտ չէ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ