Եթե դա այսօր լիներ

Եթե դա այսօր լիներ

Տասը տարի առաջ հունիսյան այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցավ հակառակորդի դիվերսիա: Պաշտոնական տեղեկություններով զոհվեց չորս հայ զինծառայող, ադրբեջանական կողմից՝ մեկը, որի մասին տեղեկությունները հակասական էին: Նախ հաղորդվեց, որ նրա դիակը «գտնվում է չեզոք գոտում»: Ըստ Վիքիպեդիայի, Armenia today գործակալությունն այդ տեղեկությունը տարածել էր՝ հղելով Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանին:

Ադրբեջանական կողմը պնդում էր, որ իր զինծառայողի դիակը գտնվում է հայկական վերահսկողության տարածքում: Օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան դիմել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեին: Այնուհետեւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքին նամակ էր հղել Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեն, որից հետո Ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին խնդրել էր մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել եւ սպանված ադրբեջանցի զինծառայողի դիակը հանձնել հակառակորդ կողմին, ինչը եւ ի վերջո տեղի ունեցավ: Ի՞նչ հետեւեց:

Ադրբեջանի Բիլասուվարի շրջանի Ալիաբադ գյուղում ծնված ենթասպա Մուբարիզ Աղաքերիմ օղլու Իբրահիմովը զինվորական պատիվներով թաղվեց Բաքվում՝ պատվավոր հուղարկավորությունների երկրորդ ծառուղում՝ արժանանալով Ադրբեջանի ազգային հերոսի կոչման: Ահա Իլհամ Ալիեւի հրամանագիրը. «Ադրբեջանական Հանրապետության անկախության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությանը բացառիկ ծառայությունների եւ ցուցաբերած խիզախության համար ենթասպա Մուբարիզ Աղաքերիմ օղլու Իբրահիմովին շնորհել Ադրբեջանի ազգային հերոսի կոչում (հետմահու)»:

Ալիեւը նաեւ կարգադրություն էր ստորագրել՝ կառավարությանը հանձնարարելով Բիլասուվարի շրջանի դպրոցներից մեկը կոչել Մուբարիզ Իբրահիմովի անունով: Ինչպե՞ս էր հակառակորդի ենթասպային հաջողվել թափանցել հայկական դիրքեր, սպանել առնվազն չորս զինծառայողի՝ գուցե գերատեսչական մակարդակի քննության էր արժանացել, ինչ-որ մեկը, թերեւս, ենթարկվել էր պատասխանատվության, բայց Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարությունից ոչ ոք չպաշտոնազրկվեց, հանրությունն այդպես էլ չիմացավ դեպքի մանրամասնությունները: Ոչ ոք թեմա չդարձրեց, որ հակառակորդը մի դիվերսանտի արժանացնում է հերոսի կոչման, պանծացնում նրա անունը, իսկ հայրենական իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում: Ավելին, դեպքից մի քանի ամիս անց տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների աստրախանյան հանդիպումը՝ ՌԴ նախագահ Մեդվեդեւի միջնորդությամբ: Քաղաքականությունն, ինչ խոսք, հույզերի տեղ չէ: Եւ Հայաստանի նախագահը միանգամայն ճիշտ որոշում էր ընդունել՝ չմերժելով Իլհամ Ալիեւի հետ հանդիպումը:  Պարզապես հարց. Ինչպիսի՞ն կլիներ որոշ շրջանակների եւ նրանց շահերն սպասարկող մամուլի արձագանքը, եթե, չտա աստված, նման աղաղակող դեպք տեղի ունենա այսօր: