Ինչո՞ւ է կառավարությունը թանկացնում ցեմենտի ներկրումը

Ինչո՞ւ է կառավարությունը թանկացնում ցեմենտի ներկրումը

Նախորդ շաբաթ կառավարությունն իր հերթական նիստում որոշեց սահմանափակումներ կիրառել ցեմենտի ներկրման ոլորտում՝ բարձրացնելով ներմուծվող ապրանքի մաքսատուրքերը:

Սրա նպատակը, ըստ բացատրության, տեղական ցեմենտ արտադրողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելն է, քանզի դրսից՝ Իրանից ներկրված ցեմենտն ավելի էժան է նստում, քան այստեղ արտադրվածը, քանի որ Իրանում էներգակիրներն էժան են, Հայաստանում՝ թանկ։ Դա էլ ազդում է արտադրանքի ինքնարժեքի վրա։ Բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ կառավարությունը չի փորձում նպաստավոր պայմաններ ստեղծել տեղական արտադրողի համար, ասենք՝ սուբսիդավորի էներգակիրները, հարկային արտոնություն տա եւ այլն, ոչ թե ավելացնի դրսից ներկրվողի մաքսատուրքը։ Եվ վերջապես՝ ինչո՞ւ հենց ցեմենտի ոլորտի հանդեպ են այսպես սրտացավ, որտեղ ընդամենը երկու խոշոր արտադրող կա, որոնցից մեկը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ-ցեմենտն» է, մյուսը՝ «Հրազդան-ցեմենտը», իսկ երրորդը գաջի գործարանն է, որը Թոխմախի Մհերի որդուն է պատկանում։ Այսինքն՝ գրեթե մոնոպոլիզացված է դաշտը արտադրանքի մասով։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը փորձեց «ճիշտ մեկնաբանություն» մտցնել իրենց այս որոշման մեջ, որի նախագիծը նիստում հենց ինքն էր զեկուցում։ «Կարեւոր է սկզբունքը՝ մենք առաջարկել ենք դրույքի էնպիսի չափ սահմանել, որը ներկրման արժեքին եւ փոխադրման ծախսերին գումարելու արդյունքում ներկրված ցեմենտի գինը տեղական շուկայում կհավասարեցնի արտադրողի գնին, որպեսզի էն դեմպինգային բովանդակություն ունեցող միջոցները, որոնք կիրառվում են հարեւան շուկայում էներգակիրների շատ խիստ ցածր պատճառով, մեր արտադրողներին արհեստական վնասներ հասցնելով՝ չհանեն շրջանառությունից»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

Նա նշեց, որ Հայաստանում ունենք ցեմենտ արտադրող երկու խոշոր եւ մեկ միջին ընկերություն, այդ երկու խոշոր արտադրողներից յուրաքանչյուրն ունի տարեկան մեկ միլիոն տոննա ցեմենտ արտադրելու կարողություն, եւ երկուսի արտադրության հանրագումարը 700 հազար տոննան չի գերազանցում։ Այսինքն՝ իրենք երկուսով միասին օգտագործում են իրենց արտադրական հզորության միայն 30 տոկոսը։ «Էդ կազմակերպությունները Հայաստանում ունեն հազարին մոտ աշխատակիցներ՝ բոլորը միասին, աշխատավարձ են վճարում, հետո նաեւ՝ հարկեր, նաեւ՝ բնօգտագործման վճարներ։ Իսկ ներմուծողը շուկայում հայտնվում էր խիստ շահեկան գնով։ Էդ նույն 150 հազար տոննան, որ շուկայում առկա է որպես ներկրվող ցեմենտ, հայտնվել է ի հաշիվ տեղական արտադրողից էդ պոտենցիալը վերցնելով։ Ուստի, անհրաժեշտ է կանխատեսել, որ եթե ոչինչ չարվի, ապա էդ ճնշող ազդեցությունը կհանգեցնի տեղական արտադրությունը փակելուն»,- ասաց նախարարը՝ նշելով, որ երկրորդ կիսամյակի ընթացքում ներկրվող ցեմենտի ծավալները կտրուկ ավելացել են։

- Բայց սա սպառողին ձեռք է տալիս, որ դրսից ներկրված էժան ցեմենտ է ձեռք բերում, ինչո՞ւ կառավարությունը չի փորձում խթանել ներքին արտադրությունն այլ ձեւով, օրինակ՝ սուբսիդավորելով էներգակիրների վճարները։

- Սխալ եք մեկնաբանում, ասեմ՝ ինչու։ Հայաստանի շուկայում վաճառվում է տարեկան մոտ 800 հազար տոննա ցեմենտ։ Չեք տեսել, չէ՞, որ պարսկական ցեմենտը վաճառվի տոննան 30 հազար դրամով, իսկ տեղական ցեմենտը՝ 40 հազար դրամով։ Այսինքն՝ երկուսն էլ վաճառվում են 40 հազար դրամով։ Ուղղակի պարսկական ցեմենտ ներկրողը ստանում է այն 10 հազար դրամ ավել լրացուցիչ շահույթը՝ համապատասխան օգուտները կրում է ոչ թե սպառող քաղաքացին, այլ օգուտները կրում են այն քիչ թվով ներկրողները, որոնք, օգտվելով շուկայական կոնյունկտուրայից, տեղական արտադրողի գնով վաճառելով ներկրված ցեմենտը, ստանում են գերշահույթ։

- Իսկ էլի կա՞ն ոլորտներ, որտեղ նման իրավիճակ է, եւ հնարավոր է կառավարությունը միջամտի։

- Այո, կերակրի աղը։ Մենք ահազանգ ենք ստացել արտադրողից, ընդ որում՝ էնտեղ երկու բան է տեղի ունենում նորից, բայց արդյունքն այն է, որ ներմուծվող աղի ծավալները շատ-շատ մեծացել են։ Եվ եթե ես չեմ սխալվում, մոտ 30 տոկոսով, 2018 թվականի արդյունքներով, տեղական արտադրողի ծավալները կրճատվել են, բայց ինքը շարունակում է աշխատել, սակայն անհանգստություն ունի, որ եթե ոչինչ չփոխվի, էս տարեվերջին ինքը կունենա արդեն զգալի խնդիրներ՝ ներմուծվող ապրանքի հետ մրցելու հարցում։

- Նմանատիպ իրավիճակ է նաեւ տեքստիլ արդյունաբերության ոլորտում։ Մենք հիմնականում գնում ենք դրսից, առավելապես Թուրքիայից ներմուծված հագուստ, եւ տեղականը չի կարողանում մրցակցել թուրքականի հետ, որին զիջում է ե՛ւ որակապես, ե՛ւ գնային առումով։ Նույն հայկական «Ալեքս տեքստիլի» արտադրանքը գնային առումով շատ ավելի թանկ է թուրքականից։ Այս հարցում կառավարությունն ի՞նչ մոտեցում ունի։

- Ես հասկանում եմ նաեւ Ձեր փաստարկը։ Կառավարության տեսակետը հետեւյալն է․ եթե դրանք էնպիսի շոկային փոփոխություններ են, որոնք կարող են էականորեն փոխել ներքին զբաղվածությունը, մեր տեղական շուկայի պաշտպանվածության համար կարող են ներկայացնել զգալի ռիսկ, ապա մենք դեպքերից յուրաքանչյուրը պետք է քննարկենք։ Մենք ընդամենն ունենք արդյունաբերության մեջ զբաղված մոտ 100 հազար մարդ։ Եվ ամեն հազար աշխատատեղը դրա մեկ տոկոսն է։ Եթե անտարբեր գտնվենք, ուշացնենք որոշումները, մենք կկորցնենք հերթական մեկ տոկոսը։

- Հիմա կոնկրետ հագուստի դեպքում ի՞նչ մոտեցում ունեք։ Այս բիզնեսով զբաղվողները Թուրքիայից հագուստը բերում մաքսազերծում են կիլոգրամով, ինչն օրենքի խախտում է՝ պետք է հատով մաքսազերծեն, եւ արդյունքում նկատելիորեն գնի մեջ շահում են, իսկ տեղական արտադրողը հայտնվում է անմրցունակ վիճակում։

- Բարեբախտաբար, Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում տեքստիլը հանդես է գալիս որպես մրցունակ ճյուղ, զգալի ծավալներով ավելացնում է ե՛ւ արտադրությունը, ե՛ւ արտահանման ծավալները։ Միայն 2018 թվականի արդյունքներով տեքստիլի արտահանումն աճել է ավելի քան 60 տոկոսով։

- Վստա՞հ եք, որ այդ արտահանման ցուցանիշներն արտացոլում են հենց տեղական արտադրանքի արտահանման ծավալները, քանզի նաեւ Թուրքիայից են այսօր ապրանք ներկրում Հայաստան եւ հայկականի անվան տակ արտահանում ԵԱՏՄ անդամ երկրներ, ինչը փաստացի կարող է արտահանման կեղծ ցուցանիշ ապահովել։

- Չէ, կեղծիք չէ դա։ Այո, կան դեպքեր, երբ կա ներմուծում եւ արտահանում։ Բայց դա առանձին թեմա է։ Ես վստահ եմ, որ տեղական արտադրողներից շատերը տարվա ընթացքում զգալի ընդլայնում են արձանագրել։ Այսինքն՝ այդ 60-65 տոկոսով աճերն արձանագրել են նաեւ արտադրությունները։ Բայց Ձեր հարցի մյուս կարեւոր կողմն այն էր, որ ճիշտ եք, եթե կա մաքսազերծման այնպիսի ընթացակարգ, որը վնասում է ներքին շուկայում մրցակցային դաշտը, ապա այդ պրակտիկան պետք է տեղի չունենա։ Եվ մենք կարծում ենք, որ դրա ծավալները նույնը չեն, ինչ անցյալում։ Եվ առաջիկայում պետք է դրանք բացառվեն։ Հարցն ունի երկու կողմ՝ սոցիալական, եւ եթե մեկ օրում մենք միանգամից ամենախիստ վարչարարությունը կիրառում ենք եւ դա բացառում, այն անձինք, ովքեր անցումային որոշակի ժամանակահատված պետք է ապրեն էդ պրոցեսը հաղթահարելու համար, կարող են կանգնել անհաղթահարելի դժվարությունների առաջ։ Կարծում եմ՝ դա է պատճառը, որ որոշակի հանդուրժողականություն կա։