Վերանայեք երեխաների դպրոց հաճախելու կարգը

Վերանայեք երեխաների դպրոց հաճախելու կարգը

Նախօրեին, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու, որոշակի սահմանափակումներ վերանայելու նպատակով, առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել սանիտարական եւ համաճարակային բոլոր այն պահանջներին, որոնցով կարգավորվում են հանրակրթական ու նախադպրոցական հաստատությունների աշխատանքները կորոնավիրուսային հիվանդության պայմաններում:

Ըստ այդմ, հաշվի առնելով հանրապետությունում առկա համաճարակաբանական կայուն իրավիճակը` վերանայվել են որոշակի սահմանափակումներ, «Կորոնավիրուսային հիվանդությամբ (Covid-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» որոշման մեջ կատարվել են փոփոխություններ։ Այդ համատեքստում քննարկվել են դասարաններում սովորողների առավելագույն թվի սահմանափակման վերանայման, սննդի կազմակերպման կանոնների, սոցիալական հեռավորության պահանջների փոփոխության հարցեր։

Ինչպես տեղեկացանք, դպրոցներում թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողները սպասողական վիճակի մեջ են, քանի որ շրջաբերական դեռ իջեցված չէ, ըստ այդմ՝ վերջնականապես հստակեցված չէ, թե ինչ սահմանափակումներ են հանվել։ 

Որոշ սահմանափակումների վերանայման հարցն ու այդ մասին ինֆորմացիան մեծ ռեզոնանս է առաջացրել նաեւ ԿԳՄՍ-ի ֆեյսբուքյան էջում, որտեղ հարյուրավոր մեկնաբանություններ, դիտողություններ եւ արձագանքներ կան դրա հետ կապված․

«Վերականգնեք դպրոցների բնականոն աշխատանքը», «Մի քիչ արագ կողմնորոշվեք, անգրագիտություն եք տարածում, երեխաները պետք է շաբաթական 5 օր դպրոց գնան, իսկ մանկապարտեզներում էլ պետք է նորմալ ընդունելություն լինի, մայրերն աշխատանքի դուրս գան։ Համավարակը, միեւնույն է, ինքն իր կյանքով ապրում է, ոչնչով վիճակը չեք թեթեւացնում։ Մեր ունեցած միակ ռեսուրսը խելքն է, պետք չէ այն թուլացնել ու քնեցնել, սերունդը պետք է գրագետ ու ամբիցիոզ լինի», «Խնդրում ենք՝ թող յուրաքանչյուր դասարան միանգամից դպրոց գնա, միեւնույն է՝ սովորողները փողոցում ոչ մի կանոն չեն պահում, նույնիսկ ամեն անգամ հանդիպելիս պարտադիր ողջագուրվում եւ համբուրվում են», «Մեր դպրոցն ամենօրյա է, բայց, ցավոք, աշակերտները դասարանից դուրս չեն գալիս, իբր ի՞նչ, ո՞նց կարող են այդ փակ տարածքում այդքանով անընդհատ շնչել՝ թեկուզ 6 հոգով։ Էդ հիմար որոշումը վերացրեք, էլի, հարսանիքին 50 հոգի կարող է դուրսուներս անել, 18 աշակերտ չե՞ն կարող, երեխեքին մի տանջեք, ո՞նց կարող է մարդ անընդհատ նստի ե՛ւ դասին, ե՛ւ դասամիջոցին, ոտքերի ցավ կառաջանա», «Վերանայեք երեխաների դպրոց հաճախելու կարգը։ Առանց այն էլ անցած տարվանից բոլորը հեռացել են կրթությունից։ Փորձեք մտնել Մեգա մոլ, Երեւան մոլ ու մնացած մոլերը, երեխաների տեղ ու դադար չկա։ Ամբողջ պատասխանատվությունը կրում է դպրոցը։ Բարձրացրեք չկիսվող դասարաններում աշակերտների թվաքանակի շեմը գոնը մինչեւ 24։ Խնայեք մեր երեխաներին»։