Նոր երգեր՝ Հայաստանի իշխանության երգացանկում

Նոր երգեր՝ Հայաստանի իշխանության երգացանկում

Հայաստանի իշխանություններն ինքնուրո՞ւյն են հասկացել, թե՞ նրանց հասկացրել են, որ Հայաստանին որեւէ մեկը ՆԱՏՕ-ում չի սպասում, որ որեւէ մեկը չի պատրաստվում իր վրա վերցնել Հայաստանի պաշտպանի, անվտանգության երաշխավորի դերը: Երեւի հասկացրել են, որովհետեւ սրանք ինքնուրույն մտածելու եւ որեւէ բան հասկանալու կարողություն չունեն: 5 տարի շարունակ ասում էին. Արեւմուտք, մենք ուզում ենք դուրս գալ ռուսական անվտանգության համակարգից, մեզ ընդունեք ձեր անվտանգության համակարգի մեջ, ապահովեք մեր անվտանգությունը, որ մենք կարողանանք անվտանգ իշխել, անվտանգ հարստանալ, վայելել մեր հարստությունը, բանակ չպահել, զորքի ու զինամթերքի վրա ծախս չանել, մի քանի տասնյակ հազար ոստիկան ու պարեկ պահել՝ ներքին անվտանգությունը պաշտպանելու համար, մնացած փողն էլ մեզանով կանենք ու անհոգ կապրենք: Եթե մի ժամանակ Հայաստանի իշխանությունների հակառուսական երգերի ու բաժակաճառերի համար շաբաշ տվող ու տաշի ասող կար, հիմա արդեն դրա մոդան անցել է:  Փաշինյանի մոտ ԱԽՔ աշխատող Արմեն Գրիգորյանն իր երգացանկը թարմացրել է, նոր երգ է մտցրել, որը պայմանականորեն կարելի է անվանել «արտադաշինքային Հայաստան», բայց դա էլ հին ու ականջ ծակող է, սպառող չունեցող:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս Բրյուսելում ելույթ ունենալով ասել է․ «Հայաստանում, իհարկե, կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաեւ արտադաշինքային պետություն լինելու գաղափար: Մենք լսում ենք քաղաքացիական հասարակությանը եւ փորձում հասկանալ, թե որ գործիքները կարող են լավագույն պայմաններն ապահովել Հայաստանի, տարածաշրջանում անվտանգության, խաղաղության եւ զարգացման ապահովման համար»: Ստացվում է, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում լինել- չլինելու հարցն արդեն վերջնականապես լուծվել է, Հայաստանը դուրս է եկել ՀԱՊԿ-ից, մնում է որոշեն՝ միանո՞ւմ են ինչ-որ նոր դաշինքի, թե՞ Հայաստանը մնալու է արտադաշինքային պետություն: 

Գրիգորյանի արտադաշինքային այս մտորումները նոր չեն. Հայաստանի իշխանություններն օվկիանոսից այն կողմ մի խորհրդատու ունեն` Ժիրայր Լիպարիտյանը, ով իր «Սպիտակ թուղթ» գրքում քննարկում է նման հնարավորություն, որ Հայաստանը հրաժարվի Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքից, հարաբերությունները կարգավորի հարեւանների`հատկապես Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եւ ապրի իր համար խաղաղ եւ անվտանգ: Մոտավորապես այնպես, ինչպես ապրում է Լիխտենշտեյնը կամ Անդորրան՝ Եվրոպայում: Բայց ինչո՞ւ է Արմեն Գրիգորյանը հիմա խոսում արտադաշինքային պետություն դառնալու գաղափարի մասին. որպեսզի շատ չնյարդայնացնեն Ռուսաստանին, որ նա շատ դեմ չլինի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու գաղափարին։ Ասում են`թողեք դուրս գանք ՀԱՊԿ-ից, բայց խոստանում ենք չանդամակցել ձեր թշնամի ՆԱՏՕ-ին, կմնանք արտադաշինքային պետություն։ Թե՞ որ շահեն Իրանի սիրտը, որի ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ իր համար անընդունելի է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն եւ տարածաշրջանի գործերին արտատարածաշրջանային ուժերի միջամտություն, ինչի նախաձեռնողը մշտապես եղել է Հայաստանը:

Հնարավոր է, որ Հայաստանի իշխանության ղեկին հայտնվածները սկսել են հասկանալ, որ իրենք ռազմավարական մեծ սխալ են կատարել՝ հաշվելով, որ Ռուսաստանը պարտվելու է եւ հեռանալու է տարածաշրջանից, ու նրան փոխարինելու է գալու Արեւմուտքը, իրենք էլ հարմար տեղավորվելու են Արեւմուտքի թեւի տակ, որին ո՛չ պարտված ու մասնատված Ռուսաստանն է կարողանալու խանգարել, ո՛չ էլ Իրանը, որն այդքան ուժ եւ հնարավորություն չի ունենալու հակազդելու Ռուսաստանին հաղթած, աշխարհի հարցերը լուծող Արեւմուտքին: Ուկրաինայում տեղի ունեցողը ցույց է տալիս, թե ինչ կարող է լինել, երբ երկրի ղեկին հայտնվում են բացի սեփական եկամուտները հաշվելուց այլ բան հաշվելու անընդունակ մարդիկ:

Ռուս-ուկրաինական պատերազմը մտել է փակուղի, դա ընդունում եւ դրա մասին հայտարարում է անգամ ուկրաինական բանակի հրամանատար Վալերի Զալուժնին: Արեւմուտքն այլեւս չի հավատում ուկրաինական հակահարձակման հաջողությանը, որը 5 ամսվա ընթացքում ունեցել է շատ չնչին առաջխաղացում, իսկ հիմա հարձակվողի դերում Ռուսաստանն է, Ուկրաինան անցել է խոր պաշտպանության: Ուկրաինայի հիմնական հովանավոր ԱՄՆ-ն, որը փորձում էր Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել, հիմա ինքն է պատերազմում երկու ճակատով`Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում: Ընդ որում՝ երկրորդ ճակատն ԱՄՆ-ի համար ավելի կարեւոր է, քանի որ այնտեղ նավթ կա եւ ֆինանսական անհամեմատ ավելի մեծ շահեր: Միացյալ Նահանգները սկսել է մտածել ուկրաինական պատերազմը դադարեցնելու մասին եւ դրա համար պնդում է, որ Ուկրաինայում անցկացվեն հերթական նախագահական ընտրություններ, որ կարողանա իշխանության բերել խաղաղության կողմնակից նախագահի, Զելենսկին դիմադրում է՝ ասելով, որ պատերազմը պետք է շարունակել մինչեւ հաղթական ավարտ, իսկ պատերազմի պայմաններում ընտրություններ անցկացնելն անընդունելի է: Զելենսկու համար պատերազմը մնացել է իշխանության ղեկին մնալու միակ հնարավորությունը, բայց առանց ԱՄՆ-ի աջակցության պատերազմ վարելը, առավել եւս՝ հաղթանակի հույսով, անհնար է: Եվրոպական շատ երկրներ, այդ թվում՝ Հունգարիան, Լեհաստանը, Սլովակիան, եւս դադարել են աջակցել Ուկրաինային, ԵՄ անդամ մյուս երկրներում հոգնել են Ուկրաինայի քմահաճույքներն անվերջ սպասարկելու եւ սեփական երկրների բարեկեցության անկման հաշվին Ուկրաինայի ռազմական ծախսերի համար վճարելու փաստից:

Մի խոսքով, Ռուսաստանի պարտության, մասնատման եւ Հարավային Կովկասից հեռանալու Հայաստանի իշխանությունների ռազմավարական հաշվարկը կարելի է համարել չստացված: Դա ավելի ակնհայտ կդառնա, երբ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի խաղաղության պայմանագրի կամ, առնվազն, հրադադարի համաձայնագրի ստորագրման տեսքով: Փաշինյանը եւ նրա ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հասկանում են, որ դրանից հետո իրենց համար սկսվելու է ծանր եւ փորձություններով լի ժամանակ, դրա համար որոշել են փոխել երգի մեղեդին ու բառերը` Արեւմուտքին ինտեգրվելու փոխարեն սկսել են երգել արտադաշինքային երգեր: Ռուսաստանը պատերազմից առաջ Ուկրաինային եւ Արեւմուտքին առաջարկում էր Ուկրաինայի՝ արտադաշինքային երկիր մնալու գաղափարը, բայց հավաքական Արեւմուտքը, այդ թվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտարարում էր, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցն Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների տիրույթում է, եւ երրորդ կողմը չի կարող դրան միջամտել, մինչեւ որ Ուկրաինան հասցրին պատերազմի, ավերի ու մասնատման՝ դառնալով հարյուր հազարավոր մարդկանց մահվան եւ միլիոնավորների բռնագաղթի պատճառ:

Պատերազմից հոգնած ու թուլացած Արեւմուտքն ի վերջո նստելու է Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ, եւ բանակցությունների ժամանակ որոշվելու է ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Հարավային Կովկասի ճակատագիրը, որը, ամենայն հավանականությամբ, թողնվելու է Ռուսաստանի տնօրինությանը: Զելենսկիների եւ փաշինյանների ժամանակը մոտենում է ավարտին, պատերազմի, պարտության, ավերի խորհրդանիշները հեռանալու են՝ իրենցից հետո թողնելով պարտված ու տարածքային կորուստներ կրած երկրներ, հազարավոր գերեզմանաթմբեր, պարտության հոգեբանական բեռի տակ ընկճված հասարակություններ:

Ավետիս Բաբաջանյան