Ինչու՞ մանանեխ ճաշից հետո, պարոն Տեր-Պետրոսյան

Ինչու՞ մանանեխ ճաշից հետո, պարոն Տեր-Պետրոսյան

Կապիտուլյացիայի մասին նվաստացուցիչ ու պարտվողական, բոլոր ժամանակների համար վատագույն սցենարով հայտարարության ստորագրումից հետո, Հայ ազգային կոնգրեսը հանդես եկավ հայտարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրածը որակելով աններելի հանցանք ու ահավոր փորձանք։ «ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության նախօրեի հայտարարությունը ցույց է տալիս, որ գործող իշխանությունը դեռեւս չի հասկացել, թե ինչպիսի ահավոր փորձանք է բերել Արցախի եւ Հայաստանի գլխին՝ աններելի հանցանք գործելով առհասարակ ողջ հայ ժողովրդի նկատմամբ։ 

Միգուցե պատմության ու պատմաբանասիրության առաջ՝ իր գնահատականների հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունն արդար է, բայց ժամանակագրական առումով՝ ոչ։ Ինչո՞ւ է այս մասին ՀԱԿ-ը խոսում կապիտուլյացիայի մասին ակտի ստորագրումից 2 օր անց՝ 2 տարի շարունակ քաղաքական պատվար լինելով երկիրն, իր իսկ գնահատմամբ, աղետի հասցրած իշխանությունների համար։ Արդյոք սա մանանեխ չի՞ ճաշից հետո։ Հիշեցնենք, որ նախօրեին ՀԱԿ-ը բավականին խիստ հայտարարություն էր տարածել գրելով․ «Գործող իշխանությունը դեռեւս չի հասկացել, թե ինչպիսի ահավոր փորձանք է բերել Արցախի եւ Հայաստանի գլխին՝ աններելի հանցանք գործելով ողջ հայ ժողովրդի նկատմամբ»։

Չմոռանանք նաեւ՝ պատերազմի 44 օրվա ընթացքում էլ կոնգրեսականների հիմնական մասը Արծրուն Հովհաննիսյանին էր լսում, հանրությանը հորդորում միայն Արծրուն լսել, լռում էր մեր մարդկային ու տարածքային կորուստների մասին, թեպետ մի թռուցիկ հայացքն իսկ քարտեզին բավական էր, որ գոնե հոկտեմբերի կեսերից առաջնագծում վիճակը ծանր է, եւ թշնամին ահռելի առաջխաղացում ունի։ Մենք մի քանի հարց ուղղեցինք ՀԱԿ-ի «քույր» կուսակցության՝ ՀԺԿ-ի քարտուղար Գրիգոր Հարությունյանին։

- Չե՞ք կարծում, որ ՀԱԿ-ի այս հայտարարությունն ուշացած եւ անիմաստ էր՝ որքան էլ գնահատականների հարցում համամիտ լինենք դրա հետ։

- Ինչի՞․ դուք իշխանությանը մեղադրո՞ւմ եք։

- Այո։

- Ինչու՞։

- Ստորացուցիչ, փաթեթային ու Մեղրիի կամրջի մի խառը տարբերակով լուծումների գնաց՝ այդքան զոհերից հետո։ Եթե ստորագրվելու էր նման փաստաթուղթ, ինչո՞ւ ավելի շուտ չստորագրվեց։

- Բայց ինչու՞ է եկել, հասել սրան։ Պատճառներին ինչո՞ւ չեք նայում։

- Հազար անգամ ասել են «պատճառների» մասին՝ կերել են, թալանել են, Սերժ Սարգսյանը 2011- ին համաձայնել էր 5 շրջանների շուրջ։ Ենթադրենք, բայց ինչո՞ւ նաեւ Մեղրին, որ բանակցային արխիվից հանվել է ու խցկվել համաձայնագրի տեքստ։ Քոչարյանի ժամանակ քննարկվել ու մերժվել էր Մեղրիի վրայով էստակադա կառուցելու հարցը, հիմա՝ տարիներ անց կրկին վերադարձանք դրան։

- Դա Քոչարյան Ռոբերտի ծրագիրն էր, եթե հիշում եք՝ մենք պետաիրավականում քննարկում էինք անում։ Դա խառնում եք։ Քոչարյանի ժամանակ մի քանի տարբերակ էին առաջարկում․ 1․5 կիլոմետր լայնությամբ հատված տալ Ադրբեջանին, դա նշանակում էր՝ ողջ Մեղրին տալ։ Դրանից առաջ Քոչարյանն ասում էր՝ Մեղրին փոխանակենք Լաչինի հետ։ Հլը մի քանի գործարարների հետ էլ, իմ ինֆորմացիայով կիսվել էր՝ բա ինչ։ Դուք բերում եք՝ համեմատում Քոչարյանի ժամանակվա ծրագրի հե՞տ։ 

Ստեղ խոսքը ճանապարհների օգտագործման մասին է։ Այսինքն՝ եթե մենք Նախիջեւանով չենք գնալու Երեւան, ուրեմն՝ նրանք էլ Մեղրիով չեն գնալու- գան։ Խոսքը ճանապարհների ապաշրջափակման մասին է, որը դեռ շատ ջուր կտանի։ Էդ Մեղրիով ճանապարհը էդքան հեշտ չի սարքելը։

- Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ էդքան հեշտ չէ։ Այսինքն՝ պատերազմեցին, 7 շրջանները հետ վերցրեցին, այս մի ճանապարհը չե՞ն կարող սարքել։ Ի՞նչ խնդիր ունեն, փող կդնեն կանեն, իրենց համար կարեւոր է։

- Մեղրիի ճանապարհը կգործի այն ժամանակ, երբ մենք Նախիջեւանով կգնանք, կգանք, երբ կգործի երկաթուղին։ Մեր բեռները կգնան, կգան Պարսկաստան։ Այնպես որ հիմա մի բերեք այդ հանցագործությունը համեմատեք սրա հետ։

- Իսկ հիմա հանցագործություն չէ՞։

- Ինչն ա հանցագործություն։ Մի րոպե 2016-ի ապրիլյանին թեթեւ սկսեցին, Սերժին էլ ասացին՝ Սերժ, նայիր, տես, քեզ զգուշացնում ենք, մենք սկսելու ենք մեծ պատերազմ։ Իրենք են բերել-հասցրել պատերազմական իրավիճակի։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ էս իշխանությունը էս 2 տարում գոնե էս բանակը մի քիչ կարգի բերեց։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ էր լինելու։

- Ինչո՞վ կարգի բերեց՝ պարգաեւավճարներո՞վ, ԱԹՍ -ներ առնելո՞վ․․․ մեր զինվորները ԱԹՍ-ի միս դառան։

- Լսեք, գնացեք խորացեք թեմայի մեջ։ Ես Մեղրիի ճանապարհով, ձնով իջնում եմ, չեմ կարող խոսել։

- Վերջին հարցը՝ այսինքն, Դուք չեք համարում, որ վատ փաստաղուղթ է։

 - Փաստաթուղթը շատ վատ փաստաթուղթ է։ Ահավոր վատ փաստաթուղթ է, բայց եկեք արմատները գտնենք, թե որտեղից է, ինչո՞ւ սենց եղավ։ Ես ինչ արեցի, Դուք ինչ արեցիք, էն մեկն ինչ արեց, որ էդ փաստաթուղթը չլինի։ Էլ սրանից հետո բան կա՞ շարունակելու։