Հայկ Մարությանը պետք է փոխհատուցի երևանցիներին այս ծախսերը

Հայկ Մարությանը պետք է փոխհատուցի երևանցիներին այս ծախսերը

Եվ այսպես, լավ լուր էլեկտրամոբիլիստների համար: Հատկապես ակտուալ Chevrolet Volt, BMW i3 REX, Nissan e-Power, Li L7, Li L9, Voyah Dream և այլ մոդելների համար։
Եւ hատկապես երեկ ընդունված կայանման թանկացումների ֆոնին

Վերջերս Հայաստանի Վճռաբեկ դատարանը հրապարակեց իր վերջնական վճիռը, որով մի խումբ էլեկտրամոբիլիստներին Երևանում անվճար կայանելու արտոնությունից զրկելու քաղաքապետարանի գործողություններն անօրինական ճանաչեց, դրանով իսկ ստեղծելով նախադեպ։ Քաղաքապետարանը որպես տուգանք կլորիկ գումար վճարեց ինձ և փաստաբաններին։ Խնդիրն այն է, որ Հայկ Մարությանի ղեկավարած քաղաքապետարանը չուներ բավարար գրագիտություն և կոմպետենտություն՝ էլեկտրամեքենան հիբրիդից տարբերելու համար, և «միայն էլեկտրաշարժիչով» ձևակերպումը մեկնաբանվել էր որպես «ոչ էլեկտրական ավտոմեքենա», դրանով իսկ զրկելով այդ մեքենաների տերերին «կարմիր գծերի արտոնությունից» ։ Անգամ որոշում կայացնող պաշտոնյայի հետ անձնական հանդիպումն ու «կրթելու» ջանքերը չօգնեցին։ Չաշխատեցին նաև այն փաստարկները, որ ավտոմեքենան մաքսազերծել են որպես էլեկտրական, ինչն ինքնին անհեթեթություն է, երբ մեկ պետական մարմնի ընդունած որոշումը հակասում է մեկ այլ պետական մարմնի որոշմանը։  Քաղաքապետարանն, ըստ էության, մարդատյաց  որոշումներ է կայացնում։ Վախկոտության ու ապաշնորհության պատճառով իմիջիայլոց մերժում են մարդուն, երբ որոշումը կարող էր կայացվել քաղաքացու օգտին։

Հատկանշական է, որ ավագանիներից ոչ ոք, բացի Վահե Գևորգյանի, չի փորձել վիճարկել այս անգրագետ որոշումը։ Ավագանու բոլոր անդամները գլխով արեցին առանց բառ անգամ արտաբերելու, ինչպես և միշտ են վարվում՝ պաշտպանելով գործող քաղաքապետերին՝ նրանց բոլոր սխալ և մարդատյաց որոշումներում:

Բայց այս գրառման իմաստը միայն դա չէ, այլև այն, որ պաշտոնյաներից ոչ ոք, այդ թվում՝ քաղաքապետերը, պատասխանատվության չեն ենթարկվում, մինչդեռ քաղաքապետարանը տույժեր և շահած գործերով փոխհատուցումներ է վճարում իր պաշտոնյաների ապաշնորհ արարքների համար։ Թեև, ինչ խոսք, քաղաքապետարանի փաստաբանները ջանքեր չեն խնայել,  երեք անգամ վերադաս ատյաններ բողոք են ներկայացրել։ Տվյալ դեպքում, կարծում եմ, որ Հայկ Մարությանը պետք է փոխհատուցի երևանցիներին ոչ միայն այն ծախսերը, որոնք դատարանն ինձ վճարել է հարկատուների միջոցներից, այլ նաև պետք է փոխհատուցի այս կատեգորիայի տակ ընկնող ավտոմեքենաների մոդելների բոլոր սեփականատերերին։ Այնպես որ, ոչ բոլոր ստենդափներն են ծիծաղելի լինում: Շուտով հարյուրավոր հայցեր կներկայացվեն ընդդեմ քաղաքապետարանի, և դրանց ակնհայտ քաղաքացու օգտին ապագա որոշումները փոխհատուցումները պետք է վճարի անձամբ մեղավորը, և ոչ թե Երևանի հարկատուները։