Միթե՞ Հայաստանը ճգնաժամի մեջ է

Միթե՞ Հայաստանը ճգնաժամի մեջ է

«Ինչպես դուրս գալ ճգնաժամից» հոդվածում, հարգելի Արամ Աբրահամյանը, թեպետ ճիշտ ու հանրահայտ բաների մասին է ասում, բայց, գուցե, չի պատ­կե­րաց­նում, որ արմավենին, օրինակ, մերձարևադարձային գոտում է աճում: Հիմա, ուզում ես երկու կես եղիր, միևնույն է՝ Հայաստանում արմավենի չի կարող աճել: Մեկ այլ այլաբանություն: Եթե մարդը չի կարողանում հարթ տեղանքում ավտոմեքենան նոր­մալ վարել, որտեղ գրեթե ավտոմեքենաներ չեն երթևեկում, ապա ինչպե՞ս կարող է դա անել ոլո­րաններում, խիստ թեք ճանապարհին՝ ինտենսիվ երթևե­կութ­յան պայմաններում: 

1994 թվականից ի վեր, Հայաստանը գտնվում էր նշված հարթ տեղանքում: Այս առումով, կարելի է համաձայնել հոդվածագրի հետ. «ռազ­մական պարտությունը, որքան էլ այն լինի ներկա իշխանության ապաշնոր­հության արդյունք, «նախապատ­րաստվում էր» երկար ժամանակ՝ ինձ թվում է, 1994 թվա­կա­նից սկսած. ոչ մի իշ­խա­­նություն չկարողացավ ռազմական հաջողութ­յուններն ամ­րապնդել կայուն, միջազգայնորեն ամրագրված խաղա­ղությամբ»: Ավելին, այսօրվա իշխանություն­նե­րի կարկառուն երիտասարդները «կոփվել» են «հեղափոխությանը» նախորդող տաս­նամյակում՝ հիմնականում ուսանողական խորհուրդներում:

Այլ հարց է, թե ինչու՞ այդպես ստացվեց: Եթե համառոտ, ապա «մշակութային շոկի» պատճառով: Արժեքներն այլևս սերմանվում են համացանցի կամ օտար­երկրյա այն կազ­մակերպությունների միջոցով, որոնք ֆինանսավորում են ազգային արժեհա­մա­կար­գերը փլուզող ծրագրեր: Ուսուցիչները, դասախոսները, ծնողները, ընդհանուր առ­մամբ՝ ավագ սերունդը, այլևս հեղինակություն չեն երիտա­սարդներից շատերի համար: Խախտվել է սերունդների հաջորդափոխությունը (приемст­вен­ность), որի շնորհիվ դարեր շարունակ, սերնդեսերունդ փոխանցվել ու կուտակվել են ազգային արժեքները՝ ցանկացած ժողովրդի ինքնության ապացույցները: 

Ցավալիորեն, ներկայում ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց մեծ մասը ենթարկվել է մշակութային շոկի: Նրանց որևէ բան բացատրելն անիմաստ է: Ճիշտ է, այսօր էլ ՀՀ-ում ապրողներին անվանում են հայ ժողովուրդ, բայց դա այն նույն ժողովուրդը չէ, ինչ 30-40 տարի առաջ էր:
Եթե այս դատողությունները հիմնազուրկ են, ապա հայ ժողովուրդ կոչվածն ինչպե՞ս է հանդուրժում օտաերկրյա զորքերի ներխուժումն իր պետության ինք­նիշխան տարածք, ինչպե՞ս է հանդուրժում թշնամի երկրի ղեկավարի նվաստա­տացուցիչ հոխորտանքները: Դե, իսկ Արցախի մասին ավելորդ է խոսել, քանզի այն, մշա­կու­թային շոկ ապրած ժողովրդի համար, ընդամենը հող էր՝ դժգույն բնա­կա­վայրերով:

Գավառականությամբ տառապող հայ ժողովուրդը կարծել է, թե արհեստա­կանորեն ընդօրինակելով զարգացած երկրներում արմատավորված արժեհամա­կար­գերը, հնարավոր է զարգանալ: Այդ ապարդյուն ջանքերն ընդամենը տարա­կուսելի, նույնիսկ, ծիծաղելի դրսևորումներ են ունեցել: Այդ սխալ ճանապարհով չգնալու համար, գուցե, արժե՞ր հայցքով շրջվել դեպի Արևելք: Ինչո՞վ զարգացած չեն Չինաստանը, Ճապոնիան կամ Հարավային Կորեան: Բայց, այդ երկրների ժողո­վուրդների վրա չի ազդել մշակութային շոկը, նրանք սրբորեն պահպանել են իրենց ազգային արժեհամակարգերը:
Բավական դիպուկ օրինակ է բերել հոդվածագիրը, Ֆինլանդիայի օրինակը: Հոդվածում նշվել է 1994 թվականը: Կրկին նշենք այդ տարեթիվը, երբ, կորցնելով շուկաները նախկին ԽՍՀՄ-ում, Ֆինլանդիայի կառավարությունը սահմանեց ազ­գային ռազմա­վարությունը՝ «Դեպի ֆիննական տեղեկատվական հասարակություն»: Վերափոխ­վեց երկրի տնտեսությունը՝ նոր տեխնոլոգիաները կլանելու համար: Մշակող արդյունաբերության, էներգիայի և բնապահպանական, շինարարական, գյուղատնտեսական տեխնոլոգիաներին, շուկայական գիտելիքներին ֆինները միա­վորում են տեղեկատվական և կենսատեխնոլոգիաները: Փոխկապված՝ այս տեխնո­լո­գիաները դառնում են մրցունակ և ապահովում սիներգիկ արդյունքներ:

Արդեն 20 տարի է, ինչ ՀՀ կառավարությունը ՏՏ-ն հայտարարել է գերա­կայություն, իսկ արդյունքները դեռ իրենց սպասեցնել են տալիս: 18-20 տարում՝ շնորհիվ հարավկորեական «չեբոլների» (օլիգարխների)՝ Հարավային Կորեան տնտե­­սական թռիչք ունեցավ: Բայց այդ երկրները չունեին մեզ նման գոյատևելու խնդիր, չէին գտնվում պատերազմական վիճակում: Այդ երկրները ձգտում էին ապահովել մարդկանց համընդհանուր բարեկեցությունը, բարձրացնել կյանքի որակը: 
Իսկ թե ինչով զբաղվեցին մեր օլիգարխները, հայտնի է բոլորին: Խնդիրն այստեղ ուրիշի փողերը հաշվելու մեջ չէ (տնտեսագիտությունից քիչ, թե շատ տեղյակները գիտեն, որ տեղի է ունեցել կապիտալի նախասկզբնական կուտակում, ինչի արդյունքում, տրամաբանորեն, առաջացել են խոշոր սեփականատերեր), այլ նրանում է, որ որևէ կառավարություն չփորձեց, չկարողացավ, թե չցանկացավ «կա­ռավարել» օլիգարխներին, որոնք տևական ժամանակ «կառավարում» են պե­տութ­յունը:

Անցած երեք տասնամյակների և հատկապես վերջին երեք տարիների փորձը միթե՞ կարող է ինչ-որ մեկին հույս ներշնչել, թե հնարավոր է ճգնաժամից դուրս գալ: 

Զարմանալի է, որ 8-րդ գումարման ԱԺ-ում քննարկումները չեն հուշել Արամ Աբրահամյանի նման անկեղծ ու ազնիվ մտածելակերպով մարդկանց, որ ժամանակն է հրաժարվել հայ ժողովրդի բացառիկության վերաբերյալ չափազանցված կարծի­քից: Այլապես, պարոն Աբրահամյանը չէր խոսի որոշակի քայլերի մասին. «…առաջին քայլն …ընդհանուր ազգային համաձայնությունն է այն մասին, որ երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ»: 

Հուլիսի 20-ին «ընդհանուր ազգային համաձայնություն» ձեռք բերվեց, որ Հայաստանում ոչ մի ճգնաժամ էլ չկա: Կան մանր-մունր խնդիրներ, ինչպիսին, օրինակ, Սևան լճից ջրառի խնդիրն է, որն էլ լուծվեց իշխող քաղաքական ուժի և ընդդիմության կառուցողական քննարկումների արդյունքում: «Ինչ-որ» Գորիս-Կապան ճանապարհի մասին է, որը կլուծեն ռուս խաղապահները…

Հ.Գ. Ամերիկացի կենսաբան եւ փիլիսոփա Ջարեդ Դայմոնդի գիրքը թեպետ արժեքավոր աշխատություն է, այդուհանդերձ, նրանում տեղ գտած երաշխավո­րութ­յունները կիրառելի չեն մշակութային շոկում հայտնված հասարակություն ունեցող երկրում:  

Հ.Գ. Հռետորական հարցեր երեք նախագահներին (հուսանք, որ Հայաստանը չորրորդ ձևական նախագահի նման նախագահներ այլև չի ունենա). Ի՞նչ է պատա­հել «Օրբիտա», «Սապֆիր», «Հրազդանմեքենա», «Հայէլեկտրամեքենա», «Նաի­րիտ», «Մարս» ու նման բազմաթիվ այլ գործարանների հետ: Կարո՞ղ է թուրքերն են մեղավոր. 30 лет коту под хвост! Ասում են, թե ներկա ԱԺ-ի պատ­գամավորները 100 հազար դոլարից էժան ավտոմեքենաներով «գործի» չեն գնում: Միևնույն է՝ ազգովի «քյասիբ» ենք. մի խաբվեք ձեր տների ու ավտոմեքենաների մեծությամբ: Ցավա­լիորեն, ոչ միայն քյասիբ ենք, այլև անթասիբ: 

Գագիկ Վարդանյան