Հայաստանի վարչապետն այնպիսի հանդիպումներ ունեցավ, որ գրգռելու է տարածաշրջանի հիմնական ցլերից Ռուսաստանին

Հայաստանի վարչապետն այնպիսի հանդիպումներ ունեցավ, որ գրգռելու է տարածաշրջանի հիմնական ցլերից Ռուսաստանին

Հայաստանի վարչապետը Արևմուտքում այնպիսի հանդիպումներ ունեցավ, որ հակառակը գրգռելու էր այս տարածաշրջանի հիմնական ցլերից մեկին՝ Ռուսաստանին

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում այսօր տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ Ալիև-Շոլց-Փաշինյան, այնուհետև երկկողմ հանդիպում՝ Ալիև-Փաշինյան, որոնցից հետո հայտարարվել է, որ շարունակվելու են աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ։

Համաժողովի արդյունքների մասին Հրապարակը>> զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

-Եթե ի մի բերենք հնչած հայտարարությունները, հանդիպումները, ընդհանուր առմամբ՝ ի՞նչ տպավորություն ստացաք։ Որևէ արդյունք կա՞ր, որևէ նորություն լսեցի՞ք։

-Ոչ, որևէ արդյունք չկա և հազիվ թե լիներ, որևէ նորություն այնտեղ չկա։ Այս հանդիպումը ցույց տվեց, որ եթե Հայաստանը համարում է, որ ինքն իրեն արևմտյան հարթակներում շատ հարմարավետ է զգում՝ ի տարբերություն ռուսական հարթակների, ապա Ադրբեջանը ցույց տվեց, որ իրեն հավասարապես հարմարավետ, կոմֆորտ է զգում ինչպես արևմտյան, այնպես էլ ռուսական հարթակներում։ Եվ պատահական չէ, որ Ադրբեջանը նույն Մյունխենում բարձրացրեց այն նույն պահանջները, որոնք ներկայացնում է նաև այլ հարթակներում։ Այսինքն՝ այնտեղ նույնպես հայտարարեց, որ այս վերջին սրացման պատճառը եղավ հայկական կողմը և այնտեղ նույնպես պահանջեց, որ Հայաստանը փոխի իր օրենսդրությունը և հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից և Արևմուտքը որևէ կերպ դրան չհակազդեց, որևէ կտրուկ, հասցեական արձագանք չհնչեց Ադրբեջանի հասցեին։

-Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Արևմուտքն ամբողջովին համաձայն է Ալիևի կողմից հնչած պահանջներին ու մեղադրանքներին։

-Ես չէի ասի, որ ամբողջովին համաձայն է, պարզապես խնդիրն այն է, որ սա անվտանգությանը նվիրված համաժողով է, իսկ այդ անվտանգությունը Արևմուտքն այլ կերպ է պատկերացնում, քան մենք ենք պատկերացնում։ Այսինքն, Արևմուտքի համար մեր տարածաշրջանում անվտանգությունն իրենց համար գուցե կարող է նշանակել, որ հանուն արևմտյան աշխարհի անվտանգության գուցե ավելի ձեռնտու է, եթե մեր տարածաշրջանում հրահրվի նոր լարվածություն՝ սա նույնպես չի բացառվում։ Երբ որ Արևմտուքը ասում է անվտանգություն, իրենք նկատի ունեն իրենց անվտանգությունը, եթե իրենց անվտանգության հիմնական խաթարողը Ռուսաստանն է և եթե մեր տարածաշրջանում նոր լարվածություն լինի, Ռուսաստանը ներքաշվի երկրորդ ճակատով, դա ըստ էության կմեծացնի Արևմուտքի անվտանգությունը։ Այսինքն, եթե Արևմուտքն իր համար անվտանգություն է ասում, հնարավոր է , որ դա պատկերացնում են մեր տարածաշրջանում հակառակը՝ իրավիճակը լարվի։ Ու այս առումով Հայաստանի իշխանությունների պահվածքը, հանդիպումների ցանկն անգամ, բանակցությունների ընթացքը չենք կարող ասել, որովհետև տեղեկատվությունը խիստ աղքատիկ է, բայց Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ պետք չի կարմիր շորով զայրացնել, գրգռել ցուլերին, մինչդեռ Հայաստանի վարչապետը Արևմուտքում այնպիսի հանդիպումներ ունեցավ,որ հակառակը գրգռելու էր այս տարածաշրջանի հիմնական ցլերից մեկին՝ Ռուսաստանին։ Հանդիպումները Շոլցի հետ, Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ, այսինքն բոլոր այն կառույցների հետ, որոնց Ռուսաստանը համարում է իր թիվ մեկ թշնամին, ստացվեց, որ Հայաստանի վարչապետը հակառակը՝ Արևմուտքում չի վախենում գրգռեցնել, կատաղեցնել ռուսական ցուլին, ինչը անհասկանալի է, որովհետև դրա դիմաց որևէ ակնկալիք չի ստանալու Արևմուտքից աջակցության առումով և պատահական չի, որ որևէ հստակ խոստում չհնչեց։

-Նույն տրամաբանության մեջ՝ ցլերին գրգռելու, երևի թե տեղավորվում է նաև Միրզոյանի՝ X հարթակում արված գրառումը ԱՄՆ - Հայաստան հարաբերությունների մասին, այո՞։

-Այո, դա ինչ-որ արժեք կունենար, եթե պատասխան ազդակներ հնչեին նաև Արևմուտքից։ Բայց, ցավոք սրտի, Արևմուտքից առայժմ հնչում են միայն հայտարարություններ, մտահոգություններ և ոչ ավելին։ Մինչդեռ, այդ վտանգները, որ մենք ունենք, այն անվտանգային մարտահրավերները, որոնք այսօր կան, չափազանց իրատեսական են։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն ինքն է խոսում այդ մասին և անհասկանալի է, երբ որ ինքը խոսում է շատ իրատեսական, լայնամասշտաբ պատերազմի հավանականության մասին, միաժամանակ այնպիսի քայլեր է ձեռնարկում, որոնց արդյունքում այդ նոր ագրեսիայի դեպքում Հայաստանը որևէ տեղից հստակ օգնություն ակնկալել չի կարող կամ այդ ակնկալիքների իրականացման շանսերը նվազում են։

-Ալիևը վերջին շրջանում ամեն կերպ հրաժարվում էր արևմտյան հարթակներում մասնակցությունից։ Սա հաշտությու՞ն է Արևմուտքի հետ, թե՞․․․

-Ալիևը պարզապես ցույց տվեց, որ արևմտյան հարթակներում ևս իրեն հարմարավետ է զգում, որովհետև Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ արևմտյան քաղաքականությունը հիմնված է ոչ թե քաղաքակրթական արժեքների վրա, այլ պրագմատիկ շահերի վրա՝ այդ թվում տնտեսական, էներգետիկ շահերի վրա, իսկ այդ հարթակում Ադրբեջանն իրեն համարում է կարևոր գործընկեր Արևմուտքի համար և Արևմուտքը նույնպես Ադրբեջանին համարում է կարևոր գործընկեր։ Դրա համար էլ Ադրբեջանը ցույց տվեց դա և հետագայում վստահաբար շահարկելու է այն, որ Հայաստանը դեպի Արևմուտք է տենչում, այսինքն այդպիսով Ադրբեջանը փորձելու է էլ ավելի վատթարացնել հայ-ռուսական հարաբերությունները, որպեսզի դա օգտագործի Ադրբեջանի դեմ նոր ռազմատենչ հայտարարության և անգամ նոր էսկալացիոն քայլերի համար և ռուսական կողմից հնչող դիրքորոշումներից էլ հստակ երևում է, որ այնտեղ արդեն բացահայտ զգուշացնում են, սպառնում են Հայաստանին, որ արդեն ժամանակն է կողմնորոշվել և եթե ձեր արտաքին քաղաքական կողմնորոշումները չփոխեք, ապա Հայաստանն անգամ կարող է կորցնել իր ինքնիշխանությունը։

-Չէի կարող զուգահեռ չանցկացնել նաև Իրանում՝ Իրանի նախագահի ու Մհեր Գրիգորյանի հանդիպման ժամանակ հնչած հայտարարության հետ, երբ Ռայիսին ասաց, որ իրենց համար անընդունելի է օտարների ներկայությունը տարածաշրջանում և դա լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնի տարածաշրջանը։ Արդյո՞ք սա նույն ուղերձը չէ։

-Ոչ միայն նույն ուղերձն է, այլ դա հնչում է շատ երկար ժամանակ և գնալով այն ավելի ու ավելի կոշտ ու կտրուկ հռետորաբանությամբ է արտահայտվում։ Ավելին ասեմ, այդ համատեքստում կարելի է դիտարկել նաև, բավականին անսպասելի հայկական կողմի հանդիպումը Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության հետ՝ չճանաչված պետության ղեկավարի հետ։ Սա այն հարցն է, որի նկատմամբ շատ զգայուն են և Թուրքիայում, և Իրանում, և Հայաստանի ղեկավարի հանդիպումը այդ չճանաչված պետության ղեկավարի հետ նշանակում է կտրուկ էլի սրել հարաբերությունները միաժամանակ և Թուրքիայի, և Իրանի հետ, այսինքն տարածաշրջանային հիմնական խաղացողների հետ սրել հարաբերությունները՝ Արևմուտքին դուր գալու կամ Արևմուտքին ավելի շահեկան երևալու ակնկալիքով՝ վերացական ակնկալիքով։

-Անընդհատ այս մասին խոսում ենք, վերլուծություններ, փաստեր, հայտարարություններ, ու այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս իշխանությունները փորձւոմ են ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը ոտնատակ գնա։ Փաշինյանը սեփական կյանքի անվտանգության հա՞րցն է լուծում, թե՞ միգուցե այսպես է պատկերացնում տարածաշրջանը։

-Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ուղղակի դիմում է արկածախնդրության, այն հույսով, որ Արևմուտքը կփրկի մեզ, բայց նա սեղանին է դնում Հայաստանի ինքիշխանության ապագան։

-Ռուսական ռուլետկա՞։

-Կարելի է ասել նաև ռուսական ռուլետկա, չնայած, եթե ռուսական ռուլետկայի դեպքում ողջ մնալու հավանականությունը 84.4 տոկոս ավելի է, ապա Հայաստանի դեպքում այդ ամենից անկորուստ դուրս գալու հավանականությունը շատ ավելի քիչ է։ Խնդիրն այն է, որ Հայաստանը այս շատ բարդ իրավիճակում չնչին շանսեր ունի այս քաղաքականության դեպքում անվնաս դուրս գալ, բայց Նիկոլ Փաշինյանը ռիսկի է դիմում՝ առանց այդ ռիսկին դիմելու իրավունքի, որովհետև նա կարող է խաղասեղանին դնել իր ունեցվածքը, իր ընտանիքի ունեցվածքը, բայց ոչ ոչ երբեք մեր պետականության և մեր ժողվորդի ապագան։ Նա դա հաշվի չառնելով գնում է արկածախնդիր քաղաքականության, որի հետևանքները, մեծ հավանականությամբ, շատ ծանր կլինեն։