Հանուն մեկ անձի հոգեկան ու ֆիզիկական անդորրն ու անվտանգությունն ապահովելուն

Հանուն մեկ անձի հոգեկան ու ֆիզիկական անդորրն ու անվտանգությունն ապահովելուն

Ժամանակին (26-20 տարի առաջ), երբ որպես լրագրող էի աշխատում այս կամ այն լրատվականի խմբագրությունում, հոդված գրելու համար ստիպված էի ամբողջությամբ ծանոթանալ տեղեկատվական առաջնային աղբյուրներին: Իսկ դրանք պարունակում էին ոչ թե մեկ-երկու էջանոց, այլ մի քանի և նույնիսկ մի քանի տասնյակ անգամ ավելի ծավալ: Դա պարտադիր պայման էր նյութ գրելու առումով՝ հատկապես եթե հոդվածագիրն ինձ նման տնտեսական ոլորտի նյութեր էր պատրաստում: Իսկ եթե վերջինս ստիպված էր լուսաբանել նաև տնտեսական ոլորտի դատական լսումները, ապա նրան կարելի էր ուղղակի ցավակցել: Բայց վերջին երեք տարում հանդես գալով որպես հրապարակախոս՝ ինքս ինձ ազատել եմ որևէ երևույթի բոլոր մանրամասներին ծանոթանալու տաժանակիր աշխատանքից: Քանի որ տվյալ դեպքում կարևոր են ոչ թե դրանք, այլ այս կամ այն հասարակական երևույթն իր ամբողջության մեջ: Այսինքն, գտնում եմ դրա առանցքային թեման և տարիների ընթացքում կուտակած գիտելիքներիս վրա հենվելով՝ «Հրապարակ»-ի ընթերցողներին եմ ներկայացնում իմ պատկերացումներն այդ երևույթի մասին: Սակայն որպես ճշմարտության և արդարության կողմնակից անձնավորություն՝ փորձում եմ երբեք չշեղվել օբյեկտիվ իրականությունից: 

Ենթադրում եմ, որ վերը ներկայացվածն իրական հրապարակախոսության բանաձևումն է՝ երբ ու որտեղ էլ այն օգտագործվի: Բայց այն, օրինակ, 2022 թվականից այս կողմ այլևս օրակարգային չէ արևմտյան լրագրության համար, երբ արծարծվում են ռուսականությանն առնչվող հարցեր: Այն ոչ միայն օրակարգային չէ, այլև վտանգավոր է այսօրվա Ռուսաստանում, երբ արտահայտվում են պաշտոնական տեղեկատվությանն անհարիր մոտեցումներ: Արդեն երեք տարուց ավելի է, ինչ ասվածն ամբողջությամբ վերաբերելի է նիկոլական «ժողովրդավարության բաստիոնին»:

Ըստ որի, մեր ժամանակի գլխավոր հակահերոսը պետք է զերծ մնա պարսավանքներից, որոնց նա արժանի է որպես խայտառակ պարտության պատասխանատու և մեղավոր, որպես Արցախը թշնամուն հանձնած իշխանության ղեկավար, որպես Հայաստանի վրա կախված անվտանգային հսկայական սպառնալիքները գեներացնող վարչապետ: Հայաստանյան «ժողովրդավարությունն» այս առումով շատ նման է ռուսաստանյան կարգերին, սակայն էական երկու տարբերությամբ: Նախ, այդ երկրում նոր հազարամյակի տասական թվականներից չեն տարփողում, որ իրենք «ժողովրդավարության բաստիոն» են: Երկրորդ, այդ երկրի ղեկավարը, ի տարբերություն երբեմնի «դուխով» գրությամբ կեպի դրած Նիկոլի, խելացի ու գրագետ, վճռական, սակայն հավասարակշռված անձնավորություն է: Այնպիսի ղեկավար, որի գործունեության արդյունքներով հետագայում հպարտանալու են այսօրվա ապրողների սերունդները: 

Անցնենք այն հարցին, հանուն ինչի գրվել է այս հոդվածը: Դա Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) հայտարարությունն է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) վերջին որոշման առումով: Հիշեցնեմ, որ մեկ շաբաթ առաջ ՀՌՀ-ն որոշել էր մեկ ամսով  կասեցնել «Տոսպա» ընկերության գործունեությունը: Որը վերահեռարձակում էր ռուսական «Սպուտնիկ» լրատվական գործակալության «Սպուտնիկ Արմենիա» խմբագրության ռադիոհաղորդումները: Ընկերությունը միաժամանակ տուգանվել է կես միլիոն դրամով։ Ընթերցելով ոչ թե ՀՌՀ-ի որոշումը, այլ ՀԺՄ-ի՝ «Պետական մարմնի՝ ՀՌՀ-ի խնդիրը հանրային շահի դեմ ոտնձգությունը կանխելն է, ոչ թե բարձրաստիճան պաշտոնյայի՝ Նիկոլ Փաշինյանի, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը» հայտարարությունը, հանգում եմ այն եզրակացության, թե որքան ճշմարիտ են իմ պատկերացումներն այսօրվա Հայաստանի և նրա ղեկավարի առումով: Որ այսօր մեր երկրում գործում են ոչ թե օրենքն ու արդարությունը, հանուն ինչի ժամանակին մերժվեց Սերժը: Որ պետական բոլոր ինստիտուտները և այդ թվում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գործում են ոչ թե ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իրենց գործառույթների հիման վրա: Այլ այդ ամենն օգտագործվում է միայն մեկ անձի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռից կառչած անձի, հոգեկան ու ֆիզիկական անդորրն ու անվտանգությունն ապահովելու նպատակով: