Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում 

Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում 

Մոտ երկու շաբաթ է՝ 60-ի չափ բեռնատար մեքենաներ կանգնած են Լարսում՝ թույլ չեն տալիս սահմանն անցնեն։ Բեռնատարներում Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոնյակ է՝ տարբեր ընկերությունների պատկանող։ Մեր տեղեկություններով, դրանց մեջ կա եւ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» կոնյակի գործարանի, եւ ֆրանսիացիներին պատկանող գործարանի, «Վեդի Ալկո»-ի, ՄԱՊ-ի կոնյակի խմբաքանակ։ Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ կոնյակը պետք է փորձաքննություն անցնի՝ իբրև թե պարզելու համար՝ օրիգինա՞լ են, թե՞ կեղծիքներ կան։ Սակայն կարծիք կա, որ սրանով ռուսական կողմը սկսել է չհայտարարված պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ։

Լարսի անցակետում Հայաստանի ներկայացուցիչ Վահան Հակոբյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս լուրը․ «Իրականում կոնյակների վրա վերահսկողությունը դրվել է մոտ մարտ- ապրիլ ամիսներին, և այդ ժամանակվանից սկսած խիստ հսկողություն է իրականացվում ռուսական մաքսային ծառայության կողմից։ Մի քանի օր առաջ հսկողությունը ավելի են ուժեղացրել ու եթե այն ժամանակ մաքսային ծառայության ռիսկերի կառավարման համակարգը ընտրում էր կոնկրետ ինչ-որ արտադրողների աարանքներ և հսկողություն էր իրականացվում, ապա հիմա համակարգը ընտրում է բոլոր հայկական կոնյակները։ Այս պահին ունենք մոտ 60 բեռնատար, որոնք ենթարկվում են հսկողության»։