ՀԿ-ներին ասել են՝ դուք գործ չունեք արցախցիների խնդիրների հետ, այլ գործերով զբաղվեք

ՀԿ-ներին ասել են՝ դուք գործ չունեք արցախցիների խնդիրների հետ, այլ գործերով զբաղվեք

Կա՞ քաղաքական կամք՝ արցախցիներին լիարժեք ինտեգրելու մեր հասարակությանը՝ լուծելով նրանց սոցիալական եւ զբաղվածության խնդիրները։ Նման երկարաժամկետ ծրագիր իրականացնելու համար պետք է լինեն համարժեք որոշումներ, հաջողված փորձի կիրառում, միջազգային կառույցների հետ ակտիվ աշխատանք։ Դատելով իրադարձությունների ընթացքից՝ կարող ենք ասել, որ Հայաստանի քաղաքական ղեկավարության մոտ բացակայում է քաղաքական կամքը՝ այս մարդկանց խնդիրները լուծելու համար։

Երբ 2020-ի 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը կորցրեց իր 7 շրջանները, հազարավոր մարդիկ զրկվեցին իրենց տներից, բայց Արցախի կառավարությունը ստանձնեց նրանց խնդիրների լուծումը՝ սկսեց բնակելի շենքեր կառուցել, վարկեր տրամադրել, նպաստներ տալ, որ նրանք մնան Արցախում կամ գոնե Հայաստանում։ Մասնավորապես, 2020-ից ի վեր Արցախի կառավարությունն այդ մարդկանց բնակարանների վարձակալության գումարներ էր տրամադրում, ովքեր բնակվում էին թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում` վարձով։ Արցախի ուսանողները կարողանում էին կառավարության սոցիալական ծրագրերով անվճար ուսում ստանալ Հայաստանի եւ Արցախի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 7 շրջանների կորստից հետո լուծվեցին հազարավոր մարդկանց զբաղվածության՝ աշխատանքի խնդիրները։ Արցախի կառավարությունը սոցիալական ծրագրերում ներառել էր նաեւ խոշոր գույք կորցրած մարդկանց փոխհատուցման ծրագիրը, որն այս պահին չի գործում՝ սառեցվել են այն գումարները, որ մինչեւ դեպտեմբերի 19-ը պետք է փոխանցվեին։
Բնականաբար, Արցախի կառավարությունն այս խնդիրները լուծում է Հայաստանի Հանրապետության եւ միջազգային մարդասիրական կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայաստանում հասարակական հիմունքներով գործունեություն ծավալողների հետ միասին։

Արցախի կառավարությունը 2020-ից հետո կարողանում էր ուղիղ խոսել դոնորների հետ, ովքեր առաջին ձեռքից ստանալով կարիքների մասին ճշգրիտ ինֆորմացիա՝ գումարներ էին հատկացնում Արցախի կառավարությանը, նաեւ՝ որոշ հասարակական կազմակերպությունների, որոնք էլ զբաղվում էին սոցիալական խնդիրների լուծմամբ։ Այս գործընթացներում, իհարկե, մեծ դեր ուներ նաեւ Ռուբեն Վարդանյանը։ Նշանակվելով Արցախի պետական նախարար՝ նա իր կապերի շնորհիվ կարողանում էր ողջ աշխարհից գումարներ հայթայթել եւ ուղղել տարբեր ծրագրեր կյանքի կոչելուն։ Այս համագործակցությունները եւ ծրագրերի իրականացումը տեւեցին մինչեւ 2023 թ․ սեպտեմբերի 19-ը։ Արցախի դեմ սանձազերծված մեկօրյա պատերազմի արդյունքում կազմալուծվեց Արցախի պետական ապարատը, եւ հազարավոր արցախցիներ ստիպված լքեցին Արցախը` կորցնելով ամեն ինչ եւ արտագաղթելով Հայաստան։

Արցախցիների խնդիրների լուծմամբ հիմա զբաղվում է Հայաստանի կառավարությունը, որը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում հայտարարում է՝ լուծվել են 100 հազարից ավելի մարդկանց առաջնահերթ խնդիրները՝ թե՛ կացարանների հետ կապված, թե՛ կարճաժամկետ ծրագրերով։ Այնինչ խնդիրներն օր-օրի խորանում են, նույնիսկ կառավարության կողմից ընդունված որոշումներն են նորանոր խնդիրներ առաջացնում, եւ միանվագ օգնությունները ստանալու հարցում կան դժվարություններ։

Ուշագրավ է, որ Հայաստանում տարիներ շարունակ հասարակական գործունեություն իրականացրած կազմակերպություններն այսօր հնարավորություն չունեն լուծելու սոցիալական խնդիրները, ինչը, անշուշտ, կմեղմեր իրավիճակը եւ մեծ օգնություն կլիներ պետությանը։ Սակայն այս հարցում մի շարք դժվարություններ կան։ Նախ՝ այս կազմակերպություններին չի հաջողվում բավարար գումարներ ստանալ դոնորներից, քանի որ դոնորներն ասում են, որ Հայաստանի վարչապետն իր ելույթներում պարբերաբար վստահեցնում է, որ ՀՀ կառավարությունն է լուծելու այդ մարդկանց խնդիրները, եւ իրենք լրացուցիչ օգնության կարիք չունեն։ Իսկ իրենք փողի պակաս, փող գտնելու խնդիր չունեն։

 

Մեր աղբյուրներից տեղեկանում ենք նաեւ, որ մի շարք ՀԿ-ների ղեկավարներին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հավաքել է եւ ասել՝ գործ չունեք արցախցիների խնդիրների հետ, մենք լուծելու ենք արցախցիների բոլոր խնդիրները, դուք այլ գործերով զբաղվեք։ Ավելին՝ եթե որեւէ ՀԿ փորձի հանրայնացնել արցախցիների խնդիրները, կզրկվի գործունեություն ծավալելու իրավունքից եւ լիցենզիայից։
Բնականաբար, հասկանալի չէ, թե ՀՀ-ն ունի՞ արդյոք բավարար միջոցներ, որ լուծի արցախցիների սոցիալական խնդիրները՝ աշխատանքով ապահովելուց մինչեւ հիմնական բնակարանների տրամադրում։ Տարբեր ոլորտի ներկայացուցիչներ՝ տնտեսագետներ, սոցիոլոգներ, կոնկրետ փաստերով, թվերով ներկայացնում են Հայաստանում առկա սոցիալական խնդիրները եւ նշում, որ ՀՀ բնակչության 10%-ն աղքատ է, 30%-ն աղքատության շեմին է,  աղքատության շեմին են գտնվում անգամ աշխատող մարդիկ, եւ այդ մարդկանց հարկերից էլ ձեւավորվում է պետական բյուջեն, որը 3 միլիարդ դոլարից մի քիչ ավելի է, բայց ունենք 10 միլիարդ դոլարի շեմը հատած արտաքին պարտք եւ խիստ ցածր կենսաթոշակային ֆոնդ։ Այդ 3 միլիարդով լուծվում են պետության կարիքները, եւ սոցիալական քաղաքականություն է իրականացվում։

Քաղաքական, հասարակական գործիչները, անգամ շարքային քաղաքացիները պնդում են, որ իշխանությունների կողմից չեն տեսնում բավարար ջանքեր միջազգային հանրության հետ աշխատելու ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի դրսից ստանալ գումարներ՝ արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու համար։ Այս փաստերը համադրելուց հետո մեկ հարց է առաջ գալիս․ օրվա իշխանություններն ինտեգրման ճանապա՞րհ են բացում արցախցիների համար, թե՞ գաղթի՝ «չկա մարդ՝ չկա խնդիր» կարգախոսով։ Եվ դատելով նաեւ նրանից, թե ինչ վերաբերմունք կա այս իշխանությունների կողմից առհասարակ Արցախի թեմայի հետ կապված, պարզ է, որ ՔՊ-ական իշխանությունը չի լուծելու այս հարցերը եւ ամեն ինչ անելու է արցախյան թեման մեր օրակարգից հանելու եւ Արցախի էջը փակելու համար։