Երբ նա դառնում է «հայրենասեր», ավելի վտանգավոր է․․․

Երբ նա դառնում է «հայրենասեր», ավելի վտանգավոր է․․․

Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի բանավոր պայմանավորվածությունների մասին խոսակցությունները արդեն փաստերի տեսքով համտեսում է հանրությունը։ Գրավոր պայմանավորվածությունները չեն իրականացվում, փոխարենը Ադրբեջանի կողմից նորանոր պահանջներ են դրվում Հայաստանի վրա, որոնք չարաբաստիկ փաստաթղթում չկան։ 

Երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթը, եթե քաղաքականությունից անտեղյակ  մարդ լսեր, կասեր՝ լավ, էս մարդուց ի՞նչ եք ուզում, հենա կարգին- սարքին Ալիևի «պորտը տեղն է դնում»։ Նույնիսկ ասում է, որ Ալիևը ոչ միայն սպառնում, այլ ցեղասպանություն է նախապատրաստում։ Քիչ չեն նման արձագանքները։ Իսկ ես լրիվ հակառակը կասեմ։ Փաշինյանի կառավարության նիստում արված հայտարարությունն անգամ Ալիևի հետ բանավոր պայմանավորվածության շրջանակում է տեղավորվում։ Ասեմ՝ ինչու։ Շատ մեծ ծրագրի շրջանակներում Փաշինյանին խանգարում է մի բան։ Հասարակությունն արդեն  նրան չի վստահում ու նրա ցանկացած խոսքը սվիններով է դիմավորում։

Հարկավոր է ներքին լսարանի կառավարելիություն, որպեսզի նա կարողանա «յուղի նման» սահուն իրագործել այն ծրագիրը,  որը մինչ այդ, ինչպես շատ աղբյուրներ են նշում, բանավոր պայմանավորվել է։ Դրա մեջ է մտնում Հայաստանի տարածքում հակառակորդին ռազմավարական բազմաթիվ ու խոշոր  դիրքեր զիջելը ու էլի շատ բաներ, որոնց մասին լռում են։ Բայց մենք հո տեսել ենք, որ Սյունիքում մինչև թշնամուն «գրկաբաց ընդունելը» մարդկանց զինաթափել են կամ հենց ինքն է խոստովանել, որ նահանջի հրաման ինքն է տվել։ Ջերմուկում ադրբեջանցիների խորհրդավոր «գերեվարությունը» ու նրանց ռազմական դիրքերի ամրապնդումը, խոշոր ճանապարհների կառուցումը։ 44- օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի վարկանիշային սանդղակը ահավոր ընկել է, ու նա չի կարող նախկինի նման «մատների վրա ֆռցնել ժողովրդին»։ Այդ իսկ պատճառով Ալիևի հոխորտալից հայտարարություններն ու Նիկոլ Փաշինյանի «հայրենասիրական հայտարարությունը» համարում եմ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի կողմից բանավոր համաձայնություն՝  որոշ չափով կարկատելու նրա վարկանիշային սանդղակը, որ կարողանա կիսատ թողած գործերն ավարտի։ Այսօրվա հարցազրույցն էլ նույն նպատակն է հետապնդելու։ Այսօր «քարը քարին չի թողնելու»՝ Ադրբեջանին մեղադրելու համար։ Դրանց հավաստիությունը իր աշխատած  չորս ու կես տարվա կտրվածքով չափեք ու կհասկանաք, որ երբ նա դառնում է «հայրենասեր», ավելի վտանգավոր է․․․ Ավելի լուրջ բաներ են սպասվում։