Այդ փոխանցումը կատարվել է Գորիսի համայնքապետի որոշմամբ. Քարահունջի ղեկավարը հարցաքննվել է

Այդ փոխանցումը կատարվել է Գորիսի համայնքապետի որոշմամբ. Քարահունջի ղեկավարը հարցաքննվել է

«Հայաստան» դաշինքի քարոզարշավին մասնակցելու նպատակով քաղաքացիներին գումար փոխանցելու մեջ կասկածվող Գորիսի Քարահունջ համայնքի վարչական շրջանի ղեկավար Լուսինե Ավետյանը ձերբակալվել է։

Նա ձերբակալվել է ՀՔԾ֊ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով։

Նրա փաստաբան Ռաֆֆի Ասլանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ձերբակալման որոշումը  բողոքարկել են, այն կքննվի այսօր` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։ 

Այս պահին դեռեւս մեղադրանք չկա առաջադրված։

Փաստաբանի խոսքով` ձերբակալումը ապօրինի է, բացակայում է եւ հիմքը եւ կասկածանքի հիմավորվածություն չկա. «Պարզաբանված չէ կասկածանքը, ըստ պաշտպանական կողմի դիտարկման քրեական հետապնդումը կրում է ակնհայտ ապօրինի եւ ուղղորդված բնույթ»։

Լուսինե Ավետյանին տարբեր հանցակազմերի կասկածանքով են ձերբակալել, եւ ընտրակաշառքի դրսեւորում,  եւ ազատ կամքի արտահայտման խոչընդոտում, ընդ որում, ըստ մեր զրուցակցի, հստակ նշված չէ, թե նրա գործողությունը ինչպիսի հանցակազմի հատկանիշ է պարունակում։

«Այն պայմաններում, երբ  բնակավայրի վարչական ղեկավարը ոչ օգնությունը տրամադրելու լիազորություն ունի,  ոչ չափը որոշելու, ոչ էլ բանկային փոխանցում կատարելու։ Այդ փոխանցումները կատարվել է Գորիս համայնքի ղեկավարի համապատասխան որոշմամբ  եւ նշված անձանց դիմումների հիման վրա։ Բազմաթիվ անձինք են եւ ոչ միայն Քարահունջից, այլ նաեւ այլ բնակավայրերից։  Այդ անձանց պարբերաբար նյութական աջակցություն տրամադրվել է, բայց չգիտես` ինչի համար փորձել են մեկ երկուսից ցուցմունք կորզել հավանաբար եւ քրեական հետապնդում հարուցել կոնկրետ անձի վերաբերյալ,  սակայն էլի նշեմ, որ Քարահունջից ոչ թե մեկ երկու այլ  20 անձ է։

Փորձում են ճնշում գործադրել այս կնոջ նկատմամբ»։

Վարչական շրջանի ղեկավարը հարցաքննվել է եւ հերքել է իր առնչությունը վերագրվող գործողություններին։