Բանակցություններ՝ թշնամու զենքի սպառնալիքի ներքո

Բանակցություններ՝ թշնամու զենքի սպառնալիքի ներքո

Միրզոյանն ու Բայրամովն արդեն առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների են հանդիպում՝ «խոչընդոտը» վերացված է։ Դա, սակայն, բնավ չի խանգարում Բաքվին՝ Հայաստանին նոր պատերազմով սպառնալու, ընդհուպ՝ Սյունիքն ուժով խլելու։ Իսկ պարտված դիվանագիտությունը չի կարող որեւէ պատերազմ կասեցնել կամ դադարեցնել։ 44-օրյա պատերազմը եւս արդյունքն էր տապալված արտաքին քաղաքականության։ Փաշինյանն ինքն էլ անուղղակիորեն ընդունել է, որ այն կարող էր եւ չսկսվել, եթե հայկական դիվանագիտությունը հաջողեր։ Ուրեմն՝ ի՞նչ էր 44-օրյա պատերազմը, եթե ոչ ծայրեիծայր տապալված արտաքին քաղաքականության դեմքը փրկելու հուսահատ, դավադիր եւ խայտառակ փորձ, մի մեծ խաբեություն։

Ազատամարտիկներից եւ զինվորականներից շատերի պնդմամբ՝ այն ոչ սովորական մի պատերազմ էր, ավելի շատ՝ ծրագրված բնաջնջում։ Մինչդեռ հակամարտ ուժերը կարծես թե չէին փոխվել՝ մի կողմից 1994-ին ծնկած եւ ջախջախված, սակայն տասնամյակների ընթացքում վերականգված Ադրբեջանն էր, մյուս կողմից՝ մինչեւ վերջ գնալու պատրաստ հայկական զինուժը, եթե, իհարկե, թիկունքից հարված չստանար, ապա եւ ամեն օր սեփական պարտության անխուսափելիության մասին անհեթեթ պնդումներ չլսեր։ Ռազմական հանցագործությունների, գերիների խոշտանգման եւ սպանության, քիմիական զենքի կիրառման, զոհերի օրգանների առուվաճառքի հեղինակ պետության գլխավոր դիվանագետի հետ ԱԱԾ նախկին գործակալ Արարատ Միրզոյանը բանակցում է որպես գործընկերոջ, անգամ հույս եւ լավատեսություն որոնում նրա աչքերում ու խոսքերում։

Վաղքրիստոնեական հայկական եկեղեցիներով եւ հուշարձաններով գերխիտ ազատագրված հողերն ու անգամ Արցախի բուն տարածքի մեծագույն մասը թշնամուն օտարած իշխանախումբը երկրի ներսում արդարանում, թե՝ դրանք «գրավյալ տարածքներ» էին։ Դրա համար էին երեւի Ալեն Սիմոնյանն ու Սուրեն Պապիկյանն Ակնայում նռները ձեռքներին՝ լուսանկարվում ու պնդում, թե իրենց հայրենիքում են։ Ստեփանակերտի երկինքն անպաշտպան թողնելն ու այն թշնամական «Բայրաքթարի» թիրախ դարձնելն էր երեւի այս իշխանախմբի անվտանգային հայեցակարգը, համալրված զինանոցով հպարտանալու աղբյուրն ու «նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձեւի կենսագործումը։ Այս ամբողջն արդեն իրագործված է, հիմա Արցախի վերջին խլյակներն ու Հայաստանի ինքնիշխան տարածքն են զոհասեղանին, բանակցություններն էլ դրանց շուրջ են։

Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի պատգամը, որ ինքը հողի գույնն ունի, ուղեկից էր մեզ առաջին պատերազմի հաղթական օրերին։ Ո՛չ սեւ ու սպիտակի, ո՛չ գյումրեցու կամ իջեւանցու, ո՛չ ամերիկահայի կամ լիբանանահայի տարաբաժանում չկար, բոլորը նույն գործին էին լծված՝ արժանապատվորեն, հաստատակամ, մեծախոսության եւ ամբոխահաճության փոխարեն՝ գործով ապացուցելի։ Արցախյան գոյապայքարի շուրջ բռունցքվելն իրապես ոգեղեն ուժ էր հաղորդել համայն հայությանը։ Եվ ո՞վ կպատկերացներ, որ այդ նույն հաղթանակը մեծագույն դավադրության արդյունքում կարող է կորսվել եւ արժեզրկվել։ Ինչպե՞ս կարող են Հայաստանի երեք նախկին նախագահները, նրանց օրոք պաշտոնավարած բոլոր ԱԳ նախարարները, եւ Փաշինյանն ու իր կուսակից «Օմեգան» նույն դրոշը ներկայացնել, նույն պետության ու ժողովրդի անունից խոսել։

Քչերն են հիշում, որ պատերազմի 44 օրերի ընթացքում այդպես էլ անառիկ մնացած Քարվաճառն ու Ակնան թշնամուն հանձնվեցին գրչի մեկ հարվածով, այն դեպքում, երբ առնվազն Քարվաճառը հայկական պահելու մի շարք տարբերակներ նախկինում բանակցվել են։ Ազատագրված հինգ շրջանների հանձնում ենթադրող, փոխարենը միջանկյալ կարգավիճակ, միջազգային անվտանգություն եւ ինքնորոշում ստացող Արցախը, փաստորեն, Փաշինյանին ձեռնտու տարբերակ չէր, այն պետք էր վիժեցնել, ապա հարցը մտցնել դիվանագիտական փակուղի ու պատերազմ սանձազերծել։ Զոհերը, Փաշինյանի պնդմամբ, կարող էին եւ չլինել, բայց պիտի լինեին՝ որպես իր պաշտոնավարման անխախտ պահանջ։ Հետաքրքրական է՝ ի՞նչ է նա նախապատրաստել այս անգամ, եւ ի՞նչ մարդկային ու տարածքային կորուստներ է արժենալու նրա նոր արկածախնդրությունը։

Դավիթ Սարգսյան