Ես սպասում եմ ՀԽ նիստի, որ այդ հարցը դնեմ

Ես սպասում եմ ՀԽ նիստի, որ այդ հարցը դնեմ

Ստյոպա Սաֆարյանի՝ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո հայտնի չէ, թե Հանրային խորհուրդն ինչով է զբաղված։ Հետեւելով ՀԽ ֆեյսբուքյան էջին՝ տեսնում ենք, որ հեռավար կարգով ինչ-որ քննարկումներ, կարծիքների փոխանակումներ են եղել, սակայն կոնկրետ թեմաներով, օրախնդիր հարցերով քննարկումների վերաբերյալ, էլ չենք ասում կոնկրետ որոշումների կայացման մասին, որեւէ հիշատակում չկա։ Հանրային խորհրդի անդամ Արծրուն Պեպանյանից փորձեցինք ճշտել, թե վերջին 3-4 ամիսների ընթացքում ՀԽ-ն որեւէ հանդիպում, քննարկում, ի վերջո, նիստ, անցկացրե՞լ է։

«Ռեալ հանդիպումներ չեն եղել, որ հավաքվենք եւ հարցեր քննարկենք, համացանցային ինչ-որ մի քանի բաներ են եղել՝ մի քանի հոգու մասնակցությամբ, որոշ հարցերի շուրջ կարծիքներ հայտնելու, բայց ռեալ՝ ՀԽ-ն չի աշխատում, որ հավաքվենք եւ կոնկրետ հարցեր բերենք։ Վերջին անգամ, երբ մասնակցել եմ այդ հեռավարին, ասել եմ, որ ռեալ նիստ պիտի անեք՝ քվորումով, եւ ես հարց եմ դնելու, թե արդյոք Հանրային խորհրդի նախագահի վարքը համապատասխանո՞ւմ է այդ պաշտոնին։ Ես սպասում եմ ՀԽ-ի ռեալ նիստի, որ այդ հարցը դնեմ, եւ տեսնենք, թե ինչ են մտածում ՀԽ անդամները։ Մնացածի վերաբերյալ հեռավոր ինչ-որ հարցեր են քննարկում, բայց ես չեմ համարում, որ դրանք Հանրային խորհրդի նիստ են, կարող է մի 10-20 հոգի լինեն, ինչ-որ կարծիք ասեն։ Նիստ պիտի լինի, քվորում պիտի լինի, քննարկեն, քվեարկեն, որոշում կայացնեն։ Այդպիսի բան չի եղել՝ երեւի արտակարգ դրությունով պայմանավորված»,- ասաց Պեպանյանը։

Բայց պարետը մինչեւ 40 հոգով հավաքները թույլ է տալիս, ի՞նչն է խանգարում գոնե հանձնաժողովի նիստեր հրավիրել ու անցկացնել՝ հարցրինք Պեպանյանին։ «Դե, չի լինում, ես չգիտեմ, թե ինչու, բայց չի լինում։ Ես ասում եմ, որ ես էլ եմ սպասում եւ այդ հարցը դնելու եմ, թե Ստյոպա Սաֆարյանի վարքն արդյոք համապատասխանո՞ւմ է Հանրային խորհրդի նախագահի պաշտոնին»։

Պեպանյանին հարցրինք նաեւ, թե Սաֆարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում եղե՞լ է դեպք, որ ՀԽ-ն կոնկրետ հարց քննարկի եւ կառավարությանն առաջարկ ներկայացնի, չէ՞ որ նման լիազորություն ունի։
«Դե, իհարկե, կարգն էդպես է։ Կառավարությունն ինքն է դիմում, եթե հանրությանը հետաքրքրող հարցեր կան, որոնք պետք է Հանրային խորհուրդը քննի, մյուս կողմից՝ ՀԽ-ն ինքը կարող է տեսնել, որ ինչ-որ խնդիրներ կան, ինքը պետք է նիստ հրավիրի, կառավարությանն առաջարկ ներկայացնի։ Այդ իրավունքները Հանրային խորհուրդն ունի, բայց 2-3 տոկոսով է աշխատում»։