Մեղադրանքի տակ ինչ են գրել մեղադրյալները

Մեղադրանքի տակ ինչ են գրել մեղադրյալները

Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի նյութերում մեր ուշադրությունը գրավեց Ռոբերտ Քոչարյանին «որպես մեղադրյալ ներգրավելու» որոշման փաստաթուղթը, որի տակ կա մեղադրյալի դիրքորոշումը։ Նախ փաստաբանն է նշել, որ Ռ․ Քոչարյանը հրաժարվում է ստորագրել մեղադրանքը, քանի որ այն հստակ չէ։ Իսկ ստորեւ կա Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների գրառումը․ «Մեղադրանքը հստակ չէ, պարզաբանված չէ, թե պարոն Քոչարյանի որ արարքներն են համարվում հանցավոր։ Մեղադրանքում առկա են բազմաթիվ անորոշ արտահայտություններ, անհայտ սուբյեկտներ եւ գործողություններ, որոնց առնչությունը պարոն Քոչարյանին անհստակ է եւ անհասկանալի։ 

Մեղադրանքն ակնհայտ ապօրինի է, քաղաքական շահ սպասարկող փաստաթուղթ»։
Մարտի 1-ի գործով մյուս մեղադրյալը՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ծանոթանալով իրեն առաջադրված մեղադրանքին, «մեղադրանքը փոփոխելու» որոշման տակ թողել է հետեւյալ գրառումը․ «Նախկինում ես նշել եմ, որ անհիմն է, եւ մեղադրանքը չեմ ընդունում, ավելին՝ անհասկանալի է»։

Հարցաքննությանը ներկա է եղել նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը, որը «որպես մեղադրյալ ներգրավելու» մասին որոշման տակ միջնորդել է իրենց տրամադրել պաշտպանության նախարարի թիվ 0038 հրամանը, քանի որ այն ընկած է մեղադրանքի հիմքում։
Յուրի Խաչատուրովը, ծանոթանալով իրեն առաջադրված մեղադրանքին, ընդամենը մեկ նախադասություն է գրել, որ մեղադրանքի էությունն իրեն անհասկանալի է, եւ այդ գրառումը կատարել է ռուսերեն։ Հիշեցնենք, որ Խաչատուրովը պաշտոնավարման ընթացքում նույնպես ենթակաների հետ շփվում էր ռուսերեն։ Պատմում էին, որ նա հայերեն խոսողներին անգամ դիտողություն էր անում եւ երկար տարիներ պաշտպանության համակարգում աշխատելով՝ այդպես էլ հայերեն չսովորեց։