«Հրապարակ»․ Մենք ո՛չ այդ ՊՈԱԿ-ին ճանաչում ենք, ո՛չ իրենց վրա ազդեցություն ունենք, ո՛չ էլ իմացել ենք՝ ոնց են հաշվարկում

«Հրապարակ»․ Մենք ո՛չ այդ ՊՈԱԿ-ին ճանաչում ենք, ո՛չ իրենց վրա ազդեցություն ունենք, ո՛չ էլ իմացել ենք՝ ոնց են հաշվարկում

Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, թե պարզել են, որ մասնավորեցվել է 10 մլրդ 256 մլն 372,3 հազար դրամ գնահատված արժեքով ««Արաբկիր» ԲԿ երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ի 5,6% պետական բաժնեմասը՝ 574 մլն 356.9 հազար դրամով: «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավարը, հիշեցնենք, ԱԺ նախկին նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանն է։

Ըստ հաղորդագրության՝ ՊՈԱԿ-ի գնահատողի կողմից պետական 5,6 տոկոս բաժնեմասով «Արաբկիր» ընկերությանը պատկանող 7 մլրդ 422 մլն 87 հազար դրամ ընդհանուր արժեքով Երեւան քաղաքի Մամիկոնյանց 30 հասցեում գտնվող 22145 քմ մակերեսով շինությունները, 17678 քմ մակերեսով հողամասը եւ Փափազյան 32 հասցեում գտնվող՝ 2980 քմ մակերեսով շինություններն ու 9369 քմ մակերեսով հողամասը գնահատվել են 5 մլրդ 722 մլն 87 հազար դրամ: Արդյունքում, ՍՊԸ-ի բաժնեմասն օտարվել է 287 մլն 178 հազար 400 դրամով կամ իրական արժեքից 95 մլն դրամով պակաս: Այսինքն` այդքան վնաս է հասցվել պետությանը: Գլխավոր դատախազությունն այստեղ հանցանք է տեսել՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական կեղծիք կատարելու տեսքով, եւ դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով:

Այս թեմայով զրուցեցինք Արա Բաբլոյանի հետ՝ պարզելու, թե ինչ ցածր գնահատման մասին է խոսքը, ինչքանով ինքը կամ իր ղեկավարած հիմնարկն առնչություն ունի այս գործի հետ։
«Դա մեզ չի վերաբերում, այլ իրենց ՊՈԱԿ-ին է վերաբերում, մեզ հետ ոչ մի փոխկապակցվածություն չկա, մենք ո՛չ այդ ՊՈԱԿ-ին ճանաչում ենք, ո՛չ իրենց վրա ազդեցություն ունենք, ո՛չ էլ իմացել ենք՝ ոնց են հաշվարկում։ Պետությունն ինչպես հաշվարկել է, ընկերությունն էդպես էլ ձեռք է բերել։ Ընկերության մեջ էլ կան բազմաթիվ բաժնետերեր, այսինքն՝ էնպես չէ, որ դա Բաբլոյանն է ձեռք բերել։ Ավելին, էդ բաժնեմասն ընկերության բաժնետերերից ոչ ոք ձեռք չի բերել, այլ ընկերությունն ինքն է ձեռք բերել։ Ու քանի որ որեւէ մեկը ցանկություն չի ունեցել ձեռք բերելու, ինքը կապիտալի նվազեցում է արել։ Այսինքն՝ էդ բաժնեմասը ոչ մեկին չի հասել»,- ասաց Արա Բաբլոյանը։

Նրա խոսքով՝ պետությունը որոշել է իր ունեցած ընդամենը 5.6 տոկոս բաժնեմասը վաճառել, քանի որ այդքան քիչ տոկոսով բաժնեմաս պահելն անիմաստ է համարել։ «Մենք չենք էլ ուզել ձեռք բերել, քանի անգամ առաջարկը եկել է, մենք հրաժարվել ենք ձեռքբերումից։ Ու քանի որ ուրիշ ձեռքբերող չի եղել, ստիպված ընկերությունը երրորդ անգամվա առաջարկով նոր ձեռք է բերել մեր ընկերությունը»,- ասաց պարոն Բաբլոյանը եւ առաջարկեց դիմել «Գույքի գնահատման եւ աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ին ու ճշտել, թե ինչ մեթոդաբանությամբ են այդ գնահատումն իրականացրել․ «Կարող է պատահի՝ ՊՈԱԿ-ը հաստատի, որ իր մեթոդաբանությունը ճիշտ է։ Ես ընդհանրապես տեղյակ չեմ»։ Հնարավո՞ր է այս հարցով իրեն էլ անհանգստացնեն, հրավիրե՞լ են, օրինակ, հարցաքննության: Բաբլոյանն ասաց՝ հարցաքննության չեն հրավիրել, բայց կարող են հարցնել, թե ինչու առաջին անգամ ձեռք չեն բերել․ «Մենք էլ կասենք, որ նպատակ չենք ունեցել ձեռք բերելու»։ Բայց դրանից հետո, երբ տեսնում են՝ գնորդ չկա, գույքի արժեքը նվազեցվում է։ Ուստի նկատեցինք, որ հնարավոր է՝ դիտավորություն տեսնեն այստեղ, որ հատուկ են ձգձգել, որ գույքի արժեքը նվազի, որ ավելի ցածր գնով այն ձեռք բերեն։

«Չէ, խոսքը դրա մասին չէ, այլ ի սկզբանե գնահատման մասին է։ Եթե Դուք խորանաք, նախեւառաջ ՊՈԱԿ-ից ճշտեք էդ ամեն ինչը, նոր մեզ հարցրեք, որովհետեւ խնդիրը մեր մեջ չէ, այլ ՊՈԱԿ-ի մեջ է։ Էնտեղ գրված է, որ ՊՈԱԿ-ը ցածր է գնահատել։ Հիմա ՊՈԱԿ-ը կարող է ասել՝ ես եղած մեթոդաբանությամբ հստակ գնահատել եմ։ Այնպես որ, պետք է նախեւառաջ իրենցից ճշգրտել»,- ասաց Արա Բաբլոյանը։

Մեկնաբանություն խնդրեցինք նաեւ Պետգույքի կառավարման կոմիտեից, որի ենթակայութամբ է գործում վերոնշյալ՝ «Գույքի գնահատման եւ աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Կոմիտեի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանն ասաց, որ մի քանի ամիս առաջ Կադաստրի կոմիտեից Պետգույքի կառավարման կոմիտե գրություն է ստացվել՝ կից ցանկով, որ, իրենց կարծիքով, տվյալ ցանկում ներառված գույքերի գնահատումն արժանահավատ չէ։ «Պետգույքի կառավարման կոմիտեն ուսումնասիրել է ցանկը, թե որոնք են ժամանակին օտարվել կամ որոնք են պատրաստվում օտարվել, որպեսզի գործընթացը կասեցնենք, եթե արժանահավատ չեն, եւ մեր կողմից տվյալ փաստաթղթերն ուղարկվել են դատախազություն։ Դատախազությունն ուսումնասիրել է՝ մի կողմից հիմք ընդունելով մեր կողմից ուղարկված փաստաթղթերը, մյուս կողմից՝ նախաքննական իր գործողությունները կատարելով, Հակակոռուպցիոն կոմիտեն, կարծեմ, այս պահին արդեն հարուցել է քրեական գործ»,- ասաց Ասատրյանը: Այսինքն` վաղը կարող է Պետգույքի կառավարման կոմիտե՞ն դառնալ թիրախ։

«Կարծում եմ՝ նորմալ գործընթաց է, էնպես չէ, որ մենք ենք դառնալու թիրախ, գնահատողները եղել են Պետգույքի կառավարման կոմիտեի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի գնահատողները, հետեւաբար, էստեղ մեզ թիրախ դարձնելու հարց չկա։ Եթե այս կամ այն աշխատակիցը պատշաճ չի կատարում իր գործառույթները, էդ պարագայում մենք հո չե՞նք ծածկի՝ մտածելով, որ մենք ենք դառնալու թիրախ»,- ասաց խոսնակը, նաեւ նշեց, որ խոսքը 2021 թ. սկզբին տեղի ունեցած գործողությունների մասին է։ Այդ ժամանակ կոմիտեի նախագահը եղել է Գարիկ Սարգսյանը, ով այժմ Վեդիի քաղաքապետն է, իսկ «Գույքի գնահատման եւ աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը եղել է Արման Աբրահամյանը, ով պաշտոնից ազատվել է Առնակ Ավետիսյանի օրոք՝ 2022 թվականի հուլիսի 1-ին։ Խոսնակն ասաց՝ Առնակ Ավետիսյանն Աբրահամյանին աշխատանքից ազատել է նկատողությամբ եւ Աշխատանքային օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Այսինքն՝ Պետգույքի կառավարման կոմիտեն ինքն է, այսպես ասած, «փուռը տալիս» իր նախկին աշխատակցին։ Գեղամ Ասատրյանն ասաց․ «Կարծում եմ՝ փուռը տալու հարց չկա, որովհետեւ, եթե ցանկացած կառույցի ղեկավար որոշակի ոչ արժանահավատ բաներ է տեսնում այս կամ այն աշխատակցի կողմից, դրա ճիշտ տարբերակը ոչ թե տվյալ հարցը կոծկելն է, այլ, եթե ընդհուպ մինչեւ քրեական տարրեր կան, դրա արժանահավատությունը ստուգելը»։

Հարցրինք նաեւ՝ կասկածներ ունե՞ն, որ կարող էր գույքի ցածր գնահատումը փոխհամաձայնեցված լինել ՊՈԱԿ-ի տնօրենի եւ «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավարության միջեւ։ Խոսնակը նշեց, որ գործը նախաքննության փուլում է, հետեւաբար, հավելյալ մեկնաբանություն տալն իրենց կողմից ճիշտ չի լինի։