«Հրապարակ». Բերդի նախկին համայնքապետին շարունակում են խոշտանգել

«Հրապարակ». Բերդի նախկին համայնքապետին շարունակում են խոշտանգել

Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիքը) մասերի հատկանիշներով։

Սա նրա երկրորդ կալանավորումն է: Հիշեցնենք, որ ավագանու ընտրություններից հետո, երբ Մանուչարյանը համաձայնեց հրաժարվել մանդատից, նրա նկատմամբ գրավ կիրառեցին եւ ազատ արձակեցին: Նրան ձերբակալել էին 11 ամիս առաջ` 2021-ի նոյեմբերին, իսկ ազատ էին արձակել հոկտեմբերի 7-ին: Ընդամենը մեկ ամիս անց նրան կրկին ձերբակալեցին, ապա կալանավորեցին: Իսկ նոյեմբերի 10-ին Մանուչարյանին ձերբակալելուց ժամեր անց պետք է տեղի ունենար Բերդ համայնքի ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ էլ պետք է ընտրվեր համայնքապետ:
Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ համադրելով փաստերը՝ ակնառու է դառնում, որ Հարություն Մանուչարյանին կալանքի տակ պահելն ունի միմիայն քաղաքական ենթատեքստ:

«Հարություն Մանուչարյանը կալանավորվել է, որովհետեւ վերջինիս որդին 2015 թվականին առանձնատուն է կառուցել` 2017 թվականի շինթույլտվությամբ: Սա դիտարկել են պաշտոնեական դիրքի չարաշահում: Որդին իր համար սեփական տուն էր որոշել կառուցել, տան պարիսպները կառուցել է, դրանից հետո ստացել է շինթույլտվություն, որից հետո միայն տունը կառուցվել է: Մեղադրանքը սրա հիման վրա է»,- ասաց փաստաբանը: Այսինքն՝ մարդն իր հողամասում, իրեն պատկանող տարածքում տուն է կառուցել, եւ սա հիմք է հանդիսացել, որ համայնքապետին մեղադրանք առաջադրեն ու կալանավորեն: Հարցին, թե 2015 թվականին կառուցած առանձնատան գործն ինչու է այս օրերին սկսել մտահոգել իրավապահներին, փաստաբանն ասաց. «Հարություն Մանուչարյանն ազատ արձակվեց կալանքից, ընտրություններում էլ հաղթեց, հենց այդ պատճառով էլ հիշեցին այս գործը: Դատարանի որոշումը ստանալուն պես դիմելու ենք Վերաքննիչ դատարան` բողոքարկելու նպատակով: Մնացյալը պարզ կդառնա հետո»:

Հարցին, թե ինչու հենց նոյեմբերի 10-ին կալանավորվեց Հարություն Մանուչարյանը` ավագանու անդրանիկ նիստից ժամեր առաջ, վաղ առավոտյան ժամը 6:30-ին, կարծես ինչ-որ վտանգավոր ռեցիդիվիստի էին կալանավորում, փաստաբանն ասաց. «Դե պետք է շոու ապահովեն, առանց դրա ամեն բան իմաստազուրկ կլիներ: Համադրելով փաստերը՝ կարող ենք ասել, որ գործն ունի քաղաքական ենթատեքստ»:

Հիշեցնենք, որ ավագանին, այնուամենայնիվ, նիստն արեց, եւ անդրանիկ նիստում էլ համայնքապետ ընտրվեց Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» կուսակցության ներկայացուցիչ` ցուցակի երրորդ համար Աստղիկ Հակոբյանը: