Արցախում իրավիճակը ծայրահեղ է

Արցախում իրավիճակը ծայրահեղ է

«Հրապարակի» զրուցակիցն արցախցի ակտիվիստ, հասարակական գործիչ Տաթև Արցախն է:

-Տաթև, Արցախում զոհեր ու վիրավորներ ունենք: Իրավիճակը հիմա ինչպե՞ս է այդտեղ:

-Արդեն մի քանի օր է Արցախում իրավիճակը կատարյալ լարված է, ադրբեջանցիները ներխուժել են Փառուխ գյուղ: Մինչև հիմա Փառուխ և Խրամորթ գյուղերի համար մարտերը շարունակվում են: Իհարկե, դադարներ լինում են, բայց լարվածությունը շարունակվում է: Ինչպես գիտենք, կան զոհեր, առավոտյան էլ կրկին վիրավորների մասին էր խոսվում, բայց դեռևս կոնկրետ թվի մասին չի խոսվում: Հստակ թվերի չեմ տիրապետում, չգիտեմ այս պահին քանի վիրավոր, քանի զոհ կա:

-Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ակնկալիքներ ունե՞ք:

-Ակնկալիքներ չեմ կարող ունենալ, որովհետև, ցավոք, ուշացել են, իրավիճակը ծայրահեղ է: Այսինքն՝ բանը բանից անցել է, նոր իրենք դիմում են: Սա այն դեպքում, երբ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ է ստեղծում, երբ Ադրբեջանի պատվիրակությունը Հայաստան է գալիս, իսկ Հայաստանում ջերմորեն դիմավորում են նրանց: Այս ամենից հետո լացել ու Ռուսաստանից պահանջել, որ էստեղ նորից մեզ «ծեծում» են, մի քիչ անհեթեթ եմ համարում: Մենք բացի Հայաստանի իշխանություններից, ոչ մեկից պահանջելու ոչինչ չունենք: Հիմա էլ տարածքներ հանձնելու համար հող են նախապատրաստում:

-Ինչպե՞ս է ստացվում, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ նման վիճակ է ստեղծվել:

-Կլինի ռուս խաղաղապահ, թե հայ զինվոր, եթե տեղի իշխանությունը, երկրիդ տերերը զբաղված են հողավաճառությամբ, ոչ մեկը չի կարող թշնամուն կանգնեցնել: Նրանք շատ հանգիստ ինչ-որ թուղթ կարող են ցույց տալ, որ դա իրենց տարածքն է: Ի՞նչ պետք է անես, կամ պատերազմ սկսես, կամ ձայնդ կտրես ու սպասես:

-Արդեն մի քանի օր է Արցախում գազ չկա: Մարդիկ այս դժվարություններին ինչպե՞ս են դիմակայում:

-Բավականին երկար ժամանակ է գազ չկա, եղանակն էլ իր հերթին շատ ցուրտ է: Իրավիճակը շատ վատ է: Ես որոշ ժամանակ առաջ ասել էի, որ Արցախը կանգնելու է հումանիտար աղետի առաջ: Ցրտից երեխաները դողում են, հիվանդանոցներում էլ սարսափելի անմխիթար վիճակ է: Շենքային պայմաններն էլ անյպիսին են, որ փայտի վառարաններ օգտագործել չեն կարողանում: Սա շարունակական բնույթ է կրելու, քանի որ գազատարն Ադրբեջանով է անցնում:

-Իսկ պարտված իշխանությունից արցախցին ի՞նչ է սպասում:

-Պարտված իշխանությունից սպասում ենք, որ նորից հողեր են տալու, պարտված իշխանությունը միայն դա է կարողանում անել, չնայած, նայած թե ում համար են պարտված: Մենք ոչ մեկին չենք կարող պարտադրել, որպեսզի պաշտպանեն մեր իրավունքները, քանզի մեր երկրի ներսում  մեր իրավունքները քանդված են: Ամեն անգամ թուրքը կարող է գալ ու մեզ մեր տնից հանել: Անկախ նրանից, որ մենք, մեր եղբայրները զենքով պաշտպանում ենք մեր հողը, մեկ է, գալիս է մեկը, ցույց է տալիս մի թուղթ, որ ստորագրել է ինչ-որ մեկն ու այդպես….