Սա կա՛մ ոչ պրոֆեսիոնալիզմ է, կա՛մ ակամա սաբոտաժ

Սա կա՛մ ոչ պրոֆեսիոնալիզմ է, կա՛մ ակամա սաբոտաժ

«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Ավելին՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձագիտական եզրակացության բացակայության պատճառով կենտրոնի վերնահարկի կառուցման հարցը չի ներառվել 2019 թվականի պետական բյուջեում: 

Կենտրոնի շինարարական աշխատանքները սկսվել են դեռ 2015-ից, ու թեեւ շինարարությունն ավարտված է, բայց աշխատանքները կիսատ են։ 

«Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն, Հրանտ Մաթեւոսյանի որդի Դավիթ Մաթեւոսյանն ասում է, որ փորձագիտական եզրակացությունը 3-րդ հարկի կառուցման բյուջեի անհրաժեշտությունն էր հիմնավորելու, որի ապացույցը նախագծով տրվել է, եւ որի բյուջեն կազմում է 55 մլն դրամ։ 

«Մի հիմար արտահայտություն կա, որ հիմա սիրում են քաղաքական դաշտում օգտագործել. գնդակը ում դաշտում է։ Ի սկզբանե գնդակը եղել, կա ու մնալու է կառավարության դաշտում, մինչեւ կառավարությունը պաշտոնապես պատասխան չտա՝ ա՞յս կողմ, թե՞ այն կողմ, ի վերջո, կենտրոնի հետ կապված ինչ տրամադրություններ ունի, որովհետեւ դա ի սկզբանե եղել է պետական կառույց, կառավարության որոշմամբ ստեղծված, մտածված, կառուցված, որը պետք է ունենար պետական մշակութային քաղաքականության հայեցակարգ, որի մշակումը նաեւ մեր ձեռքերում էր, եւ մենք էինք կազմակերպում դա՝ որպես ժառանգորդներ»։ 

Մաթեւոսյանն ընդգծում է՝ զավեշտալի անհայտության մեջ են, քանի որ շենքը ստատուս չունի՝ այն լինելու է ՀՈԱԿ, ՊՈԱԿ, հիմնադրամ, թե պետությունն այդ ամենից ընդհանրապես հրաժարվում է՝ պարզ չէ․ «Փորձագիտական եզրակացությունը, ի վերջո մամուլում այս արձագանքներից հետո, քաղշինկոմիտեն «լայաղ» արեց եւ պատվիրեց, որը տալը տեւեց 15 րոպե, բայց որի թղթաբանությունը ձգվեց ամիսներ՝ մարտից մինչեւ դեկտեմբեր։ Հետո, իմ տեղեկությամբ, այդ փորձագիտական եզրակացությունը քաղշինկոմիտեն դարձյալ չուղարկեց կառավարություն եւ ֆինանսների նախարարություն։ Այսինքն՝ փաստացի ունենք մի պատկեր, որտեղ գերատեսչություններից մեկը՝ ֆինանսների նախարարությունը, մի ուրիշ գերատեսչության՝ մշակույթի նախարարության հայտին՝ առ այն, որ շենքի 3-րդ հարկի շինարարությունը պետք է շարունակել, պատասխանում է՝ չունեմ փորձագիտական եզրակացություն, ուստի չեմ կարող քննարկել։ Սա կա՛մ ոչ պրոֆեսիոնալիզմ է, կա՛մ ակամա սաբոտաժ։ 2 դեպքում էլ նույն բանն է։ Ես իրոք չեմ հասկանում, թե ինչ է տեղի ունենում, եւ այս հարցերը տալուց իրոք հոգնել եմ։ Տպավորություն ունեմ, որ կա՛մ չեն տիրապետում նյութին, կա՛մ վարանում են որոշում կայացնել։ Ինձ մի քանի անգամ ասեցին, որ ինչ-որ վախ կա վարչապետի անձի հանդեպ, ես դա լուրջ բացատրություն չեմ համարում, ինձ համար քիչ թե շատ խելամիտ է այս բացատրությունը՝ փորձի պակասը եւ ադմինիստրատիվ թույլ կարողությունները, ուրիշ բան չեմ կարող ասել»։   

Մաթեւոսյանը որոշ հանդիպումների պայմանավորվածություններ է ձեռք բերել, որոնց հետ, այնուհանդերձ, հույսեր է կապում, բայց մինչ այդ շենքը շարունակում է մնալ «անտեր», շենքի ծախսերն էլ շարունակում է հոգալ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը․ «Պահակների գումարը ոչ պաշտոնապես հոգում եմ ես, եւ եթե շենքը հանկարծ վնաս կրի, ոչ ոք չի կարողանալու այդ վնասը փոխհատուցել, որովհետեւ շենքը որեւէ մեկի բալանսի վրա չէ»։ 

Փետրվարի 12-ին Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 84-րդ տարին էր, որն ուղիղ եթերի ժամանակ հիշվեց նաեւ վարչապետի կողմից․ «Փետրվարի 12-ի առավոտը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերը սկսեց մի ուղերձով՝ քաղաբերելով «Ծառերը» պատմվածքից մի քանի հատվածներ։ Ես փորձում եմ սահմանել իրավիճակը․ Հայաստանում նոր ժամանակացույց բացվեց, որն արեց ՀՀ վարչապետը։ 2020 թ․ փետրվարի 12-ին մենք ունենք Հրանտ Մաթեւոսյանի 85-ամյակը, հոբելյան, առիթ, մարտահրավեր՝ ընկալելու, հասկանալու, թե ով ենք մենք, ով է Մաթեւոսյանը, եւ ինչպես ենք մենք վերաբերվում Մաթեւոսյանին, ինչպիսին է մեր մշակութային քաղաքականությունը, եւ ինչպես ենք փորձում ընկալել, մարսել մեր մշակութային անկյունաքար երեւույթներից մեկի՝ Մաթեւոսյանի մշակութային ժառանգությունը պահպանելու, վերարծարծելու եւ նրա միջոցով մեր ամբողջ մշակույթը պահպանելու այս հայեցակարգը, որը Մաթեւոսյան կենտրոն-թանգարանն ունի։ Նա մի միավոր է, անհատականություն, մշակույթ ստեղծած մեկը, որ կարող է իր մշակույթով նաեւ պետություն ստեղծել եւ պետականություն ձեւավորել։ Սա իրողություն է, անկախ այն բանից՝ ես իր որդին եմ, թե ձեզանից՝ ժառանգորդներիցդ մեկը»։ 

Կենտրոնն ամբողջացնելու համար կան նաեւ այլ անելիքներ՝ ներքին կահավորում եւ էքսպոզիցիայի ձեւավորում, քաղաքաշինական միջավայրի վերաձեւակերպում, կա մշակութային մի ամբողջ միջավայր ունենալու մտահղացում․ «Ես համոզված եմ, որ այդ հավակնությունը լիուլի արդարացված է, եւ դա լինելու է, հիմա թե ինչպես է լինելու, պետությունն է տեր լինելու, թե ինքը չի ուզում այդ պատասխանատվության տակ մտնել, դա արդեն իրենց մարտահրավերն է եւ որոշումը։ Հույս ունեմ՝ Մաթեւոսյանի «Ծառերով» վարչապետն ինչ-որ բան ասաց եւ «Ծառերը» կարդալով՝ իրապես ինչ-որ բան կռահում եւ հասկանում է։ Հուսամ՝ կտեսնենք արդյունքը»։ 

Ինչպես նկատում է Դավիթ Մաթեւոսյանը, մշտապես շրջանցել է կենտրոնի հարցն անմիջականորեն վարչապետին բարձրաձայնելուց, բայց իրավիճակը բերեց նրան, որ ի վերջո հայտ ներկայացրեց՝ վարչապետի հետ խոսելու եւ քննարկելու այս հարցը. «Ինձ համար դա խիստ անցանկալի էր, որովհետեւ համարում եմ, եթե կա պետական կառավարման ադմինիստրատիվ ուղղահայացը, հարցերը կարող են նաեւ այդպես լուծվել, այսինքն՝ բացարձակ կարիք չկա, որ վարչապետն անձամբ ամեն ինչի մեջ խորամուխ լինի եւ հրահանգներ տա։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ նաեւ, որ իմ դաշտում է մեկ բան, հայեցակարգն ենք մշակում, որն անում ենք լուրջ մասնագետների մասնակցությամբ։ Հիմա սեւագիրն ունենք, իսկ մի քանի օրից այն ձեւակերպված եւ ամբողջական կլինի իմ ձեռքում, որը կտամ այն գերատեսչությանը կամ այն անձին, ով այդ հայտը կներկայացնի, դա կլինի վարչապետը, թե մշակույթի եւ կրթության, գիտության նախարարությունը՝ ժամանակը ցույց կտա»։