Եզրակացությունը թողնում ենք ընթերցողին
Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սիմոնյան Ալենի ասելով, «Ֆրանսիան հայ ժողովրդի և Հայաստանի իրական դաշնակիցն է»: Իսկ ի՞նչ է ենթադրում իրական դաշնակից լինելը: Ենթադրում եմ, որ չպետք է լինի այնպիսին, ինչպիսին Ռուսաստանն է: Համենայն դեպս, այդպիսին է Ալենի խոսքի տրամաբանությունը: Այն, որ Ռուսաստանն իրական դաշնակից չէ՝ դա մենք չգիտեինք: Ճիշտ է՝ 1991-ի ապրիլ-օգոստոսին արցախցիները դա զգացին իրենց մաշկի վրա, բայց պատճառն հասկանալի էր: Դա այն էր, որ հայությունը խորհրդային երկրից անկախանալու ճանապարհն էր բռնել, իսկ թշնամին՝ լոյալությունը: Եվ քանի որ այդ գաղափարը սկսվել էր Ղարաբաղյան շարժմամբ՝ Մոսկվան որոշել էր «Օղակ» գործողությամբ պատժել Ղարաբաղի՝ ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի բնակիչներին: Այնուհետև իրադրություն փոխվեց, և Խորհրդային Միությունից «անջատված» Ռուսաստանի ու անկախացած Հայաստանի միջև հաստատվեցին բարեկամական հարաբերություններ: Արցախյան առաջին (հաղթական) պատերազմից հետո (1997 թվ-ին) էլ կնքվեց քառորդդարյա բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր:
Պետք էր նախկինների դեմ պայքարի գործընթացում 2018 թվականի գարնանը համարյա թե ազգովի ընկնեինք մտավոր (և հանցագործ) հափշտակվածության մեջ, որպեսզի մեր գլխին Նիկոլ կարգեինք: Իսկ այնուհետև բացահայտեինք, որ նրա ջանքերի շնորհիվ դաշնակից Ռուսաստանը աստիճանաբար վերածվում է համարյա թե թշնամու: Իսկ հետո էլ ազգովի ըմպեինք այդ վերափոխման դառն ըմպելիքը: Ու մոռանայինք, որ այդ դասը մենք անցել ենք 100 տարի առաջ, բայց զարմանալիորեն դրանից դասեր չենք քաղել: Թեև մենք մեզ համարել ենք խելացի ու գործունյա ժողովուրդ: Ինչ 100 տարի, մենք մոռացել էինք նույնիսկ 30 տարվա հնության իրադարձության՝ «Օղակ» գործողության դասը: Եվ նշանակություն չունի այն հանգամանքը, որ այսօր տեղի ունեցածը ազգակործան պատուհասի ձեռքի գործն է: Նիկոլն էլ միայնակ չէ՝ նրան շրջապատում են Սիմոնյան Ալենն ու մնացածները: Որոնց թվում է, թե միջազգային հանրություն կոչվածը փոխարինելու է Ռուսաստանին իրական դաշնակցի դերում: Կրկին մոռանալով, որ այդ անդեմ ու անսեռ երևույթը ոչինչ չարեց ո՛չ 44-օրյա պատերազմի և ո՛չ էլ Արցախի վերջնական կորստը կասեցնելու հարցում: Իսկ ժողովուրդն էլ 2018-ի գարնանային հափշտակվածությունից հետո ընկել է ընդարմածության մեջ:
Իսկ այժմ տեսնենք, թե ինչ է նշանակում «հայ ժողովրդի և Հայաստանի իրական դաշնակից» լինելը: Դա տեսնենք ոչ թե տեսական դատողությունների, այլ ֆրանսիական պաշտոնատար անձի խոսքերի պրիզմայով: Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուի խոսքերով, «նախագահ Մակրոնն ասել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և հայ ժողովրդի պաշտպանությունը Ֆրանսիայի համար բացարձակ նպատակ են»: Որպես գրագետ և քիչ թե շատ տեղեկացված անձնավորություն ենթադրում եմ, որ «բացարձակ նպատակ» հասկացությունը չի կարող զուտ օդի տատանում լինել կամ էլ թղթին (կամ էկրանին) հանձնված իմիջիայլոց տեքստ: Այն պետք է ենթադրի ճիշտ այն աստիճանի շահագրգռվածություն, ինչպիսին կարող է լինել հենց Ֆրանսիայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և այդ երկրի ժողովրդի պաշտպանության առումով:
Իսկ այդպիսի՞ն է արդյոք իրականությունը: Լսենք կամ ավելի ճիշտ կարդանք նույն այդ մսյեի կարծիքը Հայաստանը պաշտպանելու առումով: Խնդրեմ՝ նա «չի կարծում, թե Ֆրանսիան կարող է ռազմական միջամտությամբ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»: Բայց Ֆրանսիայում դիտարկում են Հայաստանից եկող պահանջները, որպեսզի այդ երկիրը կարողանա պաշտպանել իրեն: Վերհիշենք. Սիմոնյան Ալենի ասելով, «Ֆրանսիան հայ ժողովրդի և Հայաստանի իրական դաշնակիցն է»: Եթե իրական դաշնակցի առկայության պայմաններում մենք պետք է պաշտպանեինք մեզ, ապա ի՞նչ տարբերություն «ոչ բարեկամ» Ռուսաստանի և «իրական դաշնակից» Ֆրանսիայի միջև:
Անդրադառնանք նաև մեր խնդիրներին արևմտյան և ոչ վաղ անցյալում՝ ընդհանրապես աշխարհի հեգեմոն պետության՝ Միացյալ Նահանգների վերաբերմունքին: Այն ավելի քան բարեկամական էր՝ որպես օգնություն մեզ հատկացվելիք գումարը հասցվել է 10 միլիոն դոլարի: Բայց ագրեսորի դեմ, բնականաբար, որևէ պատժամիջոց չի կիրառվել և դժվար թե կիրառվի: Իսկ եթե վերհիշենք նաև 2021 թվականի օգոստոսին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամանակ ԱՄՆ նախագահի հայտարարությունը, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը: Ահա այն. «Ամերիկացի զինծառայողները չպետք է կռվեն և զոհվեն Աֆղանստանի համար պատերազմում, եթե հենց աֆղանստանցի զինվորները չեն ուզում կռվել»: Մնում է, որ նույնն ասվի նաև Հայաստանի առումով: Սակայն, ինչպես երևում է, դա չի ասվի, ուղղակի կյանքի կկոչվի:
Բայց որպեսզի արևմտամետության պատկերն ամբոջանա՝ անդրադառնանք ՄԱԿ-ի (դեռևս բավական չափով արևմտյան ազդեցության ներքո գտնվող կառույցի) արցախյան առաքելության, որին սրտատրոփ սպասում էր վարչապետի պաշտոնից կառչած անձն իր կամակատարներով, ամփոփիչ հաղորդագրության մի հատվածի: Ահա այն՝ «ՄԱԿ-ի առաքելությունը վնասներ չի արձանագրել քաղաքացիական հասարակական ենթակառուցվածքների շրջանում, ներառյալ հիվանդանոցները, դպրոցներն ու բնակարանները, ինչպես նաև մշակութային և կրոնական վայրերը: Առաքելությունը տեսել է, որ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը պատրաստվում է վերսկսել քաղաքում բժշկական ծառայությունները և որոշ հանրային ծառայություններ»: Ինչպես ասվում է նման դեպքերում՝ եզրակացությունը թողնում ենք ընթերցողին:
Վերջաբանի փոխարեն. արևմտյան մամուլի կողմից իր խաղաղարար առաքելությունը տապալելու մեջ մեղադրվող Շառլ Միշելն (Եվրոպական խորհրդի նախագահ), իր հերթին, դրանում մեղադրել է Ռուսաստանին: «Իրավիճակը պարզ է, ոչ ոք չի կարող դա չտեսնել, որ Ռուսաստանը դավաճանել է հայ բնակչությանը։ Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ իր զինվորները ներկա գտնվեն այնտեղ և երաշխավորեն կայունության և անվտանգության վերաբերյալ համաձայնագրերը։ Բայց մենք տեսնում ենք, որ այս ռազմական օպերացիան սկսվեց առանց Ռուսաստանի ամենաչնչին արձագանքի, որն, ի տարբերություն Եվրամիության, իրադարձությունների տեղում էր, իսկ ԵՄ-ն, ինչպես գիտեք, այնտեղ ռազմական ներկայություն չունի»: Իհարկե, պարոնը «մոռացել» է հիշատակել, որ եթե Փաշինյանը չթշնամանար դաշնակցի հետ՝ հույսեր կապելով նաև անձամբ իր հետ, ապա այդ ամենը դժվար թե կատարվեր:
Կարծիքներ