«Թու-թու»-ն չօգնեց, կորոնավիրուսը մտավ հայկական իրականություն

«Թու-թու»-ն չօգնեց, կորոնավիրուսը մտավ հայկական իրականություն

Մարտի 12-ի առավոտյան շտապօգնության մեքենաները սուրում էին դեպի Էջմիածին, որտեղ արտասովոր տեսարաններ էին, երբ տասնյակ մարդկանց նստեցնում էին մեքենաներն ու տեղափոխում Երեւան։ Առողջապահության նախարարությունն իր գործելաոճին դավաճանած կլիներ, եթե օպերատիվ կերպով որեւէ հաղորդագրությամբ հանդես գար, իսկ ԱՆ չափահաս աշխատակիցներին արգելում էին խոսել։ ԱՆ խոսնակը նախօրեի կեսգիշերին մոտ հասցրել էր մտնել համացանց ու հերքել առողջապահական կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանին, որն էլ հայտնել էր, որ Էջմիածնում նշանադրության թե հարսանիքի ժամանակ 3 հոգու ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր։

Հաջորդ օրը, կեսօրին մոտ, երբ այլեւս ոչ մի բան թաքցնել հնարավոր չէր, Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Մարիամ Պողոսյանը հարկադրված էր հաստատել, որ Իտալիայից ժամանած վարակակիրներից մեկն օրեր առաջ մասնակցել է նշանադրության արարողության, եւ որ նշանադրությանը մասնակցած անձանց մեկուսացնում են: Մեր լայվասեր կառավարության անդամների լռությունն էլ ավելի դրամատիկ էր դարձնում իրավիճակը, մանավանդ, որ շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը, որը հասանելի էր ու լրագրողների հետ շփվում էր անգամ ՊՊԾ գնդի գրավման օրերին, երեկ չէր կարողանում որեւէ նորմալ պատասխան տալ, թե ինչու են Էջմիածնում այդքան շատ շտապօգնության մեքենաներ, ում են սպասարկում։ Նա ասաց, որ ախտորոշում են, հետո էլ իր խոսքից հրաժարվեց։ Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի հիշում ռեստորանի անունը, որտեղ անցել է խնջույքը։ Ամեն դեպքում, բնական է, որ նախարարությունը պետք է գնա այդ ռեստորան՝ ախտահանման։ 

Ավելի ուշ նախարար Թորոսյանը «լայվ» մտավ ու մանրամասնեց․ «Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված եւ մեկուսացված է։ Մեկուսացված է 57 անձ»։ Նրա ՔՊ-ական կուսակից Արայիկ Հարությունյանն էլ միացավ «Չփռշտաք» հեշթեգով։ Առաջինը, ինչպես հիշում ենք, Նիկոլ Փաշինյանի «թու-թու թու»-ն էր, որը, ինչպես տեսանք, չօգնեց։

Ի դեպ, դատելով առողջապահական կազմակերպիչ, ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանի՝ «Հրապարակի» հետ զրույցում հայտնածից, Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերը բուժելուն, ոչ թե կանխարգելելուն կառավարությունը նախապատրաստվել էր դեռ մարտի 9-ին, երբ ԱՆ ենթակայության տակ գտնվող հիմնարկներից մեկի կողմից դիմում-նամակ էր ուղարկվել Հայաստանի հիվանդանոցներին։ Նամակում հիվանդանոցների տնօրեններին խնդրել էին հավաքել անհրաժեշտ սարքերը՝ մոտ 22 անուն՝ գեներատորներ, թթվածնային կոմպրեսորներ, արհեստական շնչառության ապարատներ, եւ ուղարկել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։ Նամակը մեզ համար ընթերցել էր հենց Գեւորգ Գրիգորյանը՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում նաեւ տրամադրել։ Ինչեւէ, գլխավոր հարցն այն էր, թե արդյոք սահմանադրական հանրաքվեն չեղարկվելո՞ւ է, նման կոչով հերթական անգամ հանդես եկան «Սասնա ծռերը»։

Բնականաբար, ո՛չ նախարար Թորոսյանը, ո՛չ էլ Արայիկ Հարությունյանը չէին կարող պատասխանել այդ հարցին։ Սա Նիկոլ Փաշինյանի որոշելիքն է, իսկ նա օրվա երկրորդ կեսին մեկնեց Վայոց ձոր՝ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի։

Չնայած եւս 57 քաղաքացի կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացվել է, Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին օրվա երկրորդ կեսին եղավ Վայոց ձորում, շարունակեց սահմանադրական «այո»-ի քարոզարշավը։ Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան շատ օգտատերեր եւս կոչ էին անում չեղարկել հանրաքվեն։

«Հրապարակը» հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանին՝ արդյոք վարչապետը չի՞ պատրաստվում չեղարկել հանրաքվեն։ Մանե Գեւորգյանն ասաց․ «Այս պահին որեւէ միտում չկա՝ չեղարկելու հանրաքվեն, քարոզարշավը, չկա սպառնալիք, չկա վտանգ, ռիսկերն այնքան մեծ չեն, որպեսզի քարոզարշավը դադարեցվի»։

Նշենք, որ ԱՄՆ-ի նման հզոր երկիրը փակել է Եվրոպայի հետ իր օդային սահմանը՝ կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով։