Բժիշկների աշխատանքին միջամտելն արգելված է ճիշտ այնպես, ինչպես՝ արդարադատությանը

Բժիշկների աշխատանքին միջամտելն արգելված է ճիշտ այնպես, ինչպես՝ արդարադատությանը

Ղարաբաղյան պատերազմի ծանր օրերից մի օր՝ 1992թ․  դեկտեմբերի 12-ին, ՀՀ նախագահը ստորագրեց եւ հրապարակեց Գերագույն խորհրդի կողմից ընդունված՝ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքը: Ավելի ուշ` 1993թ․ հոկտեմբերի 12-ին, ի կատարումն հիշյալ օրենքի պահանջների, կառավարությունն իր հերթին ընդունեց մի շարք որոշումներ՝ հաստատելով պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության (ՊՀՀԾ) կանոնադրությունը, սանիտարահակահամաճարակային ծառայության տեղական մարմիններն ու հիմնարկները հանձնելով առողջապահության նախարարության ենթակայությանը, ՊՀՀԾ ֆինանսավորումը ներառելով պետբյուջեի մեջ, ինչպես եւ կարգավորելով խնդրին վերաբերող իրավական բազում հարցեր։ 

Այդ որոշումներով ՊՀՀԾ-ի վրա պարտավորություն էր դրվում, ի թիվս այլ հարցերի, իրականացնել բնակչության առողջության վրա արտաքին աշխարհի վնասակար եւ վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելումը։ Տեղին է հիշեցնել, որ ըստ ՊՀՀԾ կանոնադրության՝ գլխավոր պետական սանիտարական բժշկի տեղակալը միաժամանակ հանդիսանում է հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության գծով գլխավոր պատասխանատու անձը։ Սահմանվում են նաեւ հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության հանրապետական կենտրոնի, Երեւանի, մարզային կենտրոնների, ներմարզային կայանների գլխավոր բժիշկների, ինչպես նաեւ ՊՀՀԾ հիմնարկների ու մարմինների տնօրեններին նշանակման, ազատման կարգը, նրանց պատասխանատվության շրջանակները, հատուկ ընդգծվում, որ ծառայության պետք է կոչվեն միայն բժիշկ-հիգիենիստի կամ բժիշկ-համաճարակաբանի որակավորում ստացած մասնագետները, որոնք ունեն առողջապահության նախարարության կողմից տրված արտոնագիր։ Ահա, այսպիսի օգտակար մանրամասներ։ 

Օրենքով եւ կառավարության որոշմամբ ՊՀՀԾ գլխավոր խնդիրներից են համարվում հանրապետության տարածքում հակահամաճարակային հսկողության իրականացումը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը, հիգիենիկ գիտելիքների քարոզչությունը եւ, իհարկե, սանիտարահամաճարակային անվտանգության մասին օրենսդրության խախտման դեպքում պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների նկատմամբ պատիժների կիրառումը։ Եվ վերջապես, ՊՀՀԾ ղեկավարությունը ստանում է կարանտին սահմանելու, այն անձանց բժշկական քննության ենթարկելու իրավունք, որոնք կարող են հանդիսանալ վարակիչ հիվանդությունների տարածման աղբյուր կամ շփվել են վարակիչ հիվանդություններով տառապող մարդկանց հետ։

1992-93-ից հետո շատ ջրեր են հոսել, սակայն ապրում են մարդիկ, ովքեր հեղինակել են, փորձաքննության ենթարկել եւ ընդունել սանիտարահամաճարակային անվտանգության մասին հիշյալ օրենքն ու դրա կիրարկումն ապահովող կառավարության որոշումները։ Բժշկական կրթության եւ առողջապահության բնագավառում շարունակում են աշխատել բազմահմուտ եւ վաստակաշատ բժիշկ-համաճարակաբաններ։ Մխիթար Հերացու անվ․ Երեւանի պետական բժշկական համալսարանի սանիտարահիգիենիկ ֆակուլտետի հիման վրա 10 տարի առաջ հիմնադրված հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերով կարելի է կրթություն ստանալ  նաեւ «համաճարակաբանություն» որակավորմամբ, իսկ Սուրեն Ավդալբեկյանի անվ․ Առողջապահության ազգային ինստիտուտի բժիշկների մասնագիտացման կլինիկական օրդինատուրայում գործում է Համաճարակաբանության եւ մանրէաբանության ամբիոն։

Եվ որքան էլ ցավալի լինի Հայաստանի նորագույն շրջանի պատմությունը մերժողների համար՝ կանգուն են մնացել նաեւ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքը, կառավարության որոշումը եւ դրանց հիման վրա ստեղծված պետական կառույցները։ Ճիշտ է, օրենքը 3 անգամ ենթարկվել է փոփոխությունների, սակայն դրանցից ամենաէականները կատարվել են 2018թ․ մարտի 21-ին՝ անկարգությունների նախօրեին։
Արդ, երբ ժամ առ ժամ է սաստկանում կորոնավիրուսի համաճարակը, մեր անճարակ գործադիր իշխանությունից պահանջվում է աշխարհավարակ (պանդեմիա) հռչակված այս մարտահրավերի դեմ պայքարը թողնել անհրաժեշտ օրենսդրությամբ եւ մասնագետներով ապահովված մեր հակահամաճարակային կառույցներին եւ այս աղետը չծառայեցնի իր քաղաքական նպատակներին։ Բժիշկների աշխատանքին միջամտելն արգելված է ճիշտ այնպես, ինչպես արդարադատությանը միջամտելը։

Արա ՍԱՀԱԿՅԱՆ