Նիկոլ Փաշինյանը շփոթել է կամ ամսաթվերը, կամ էլ՝ հայերեն ու ռուսերեն տեքստերը էլի տարբերվում են

Նիկոլ Փաշինյանը շփոթել է կամ ամսաթվերը, կամ էլ՝ հայերեն ու ռուսերեն տեքստերը էլի տարբերվում են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և  ՌԴ կառավարության նախագահ՝ վարչապետ Միխայիլ Միշուստինին; Ինչպես նշված է կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ՝«Հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ»։

Տեղեկանում ենք նաև․«Մայիսի 9-ի առիթով ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին։Այնուհետև Նիկոլ Փաշինյանի ստացած  շնորհավորական ուղերձի մասին հաղորդագրության մեջ  գրված է․«Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայաստանի վարչապետին շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներ»։ 

Այստեղ արդեն սկսվում են զրոյից արտաքին քաղաքականություն կառուցող  վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի կոպիտ սխալները։ Բանն այն է, որ 62 երկրների մասնակցությամբ և երկրագնդի 80 տոկոս բնակչությանն ընդգրկումով  Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ տարվել է ոչ թե 1945 թվականի մայիսի 9-ին ,այլ  նույն թվականի սեպտեմբերի 2-ին, երբ Ճապոնիան ու կոալիցիայի անդամ մյուս երկրները ստորագրեցին կապիտուլյացիայի պակտը։ Իսկ Հայրենական մեծ պատերազմի ավարտ համարվում է մայիսի 9-ը, որի 75 -ամյա տարեդարձն է։ Մենք էլ մտածում էինք, ինչ պետք է զգան պատմական խորհրդանիշների նկատմամբ գերզգայուն Կրեմլում (վկան՝ Պուտին-Էրդողան փոխհարաբերությունների հերթական սրման փուլում Էրդողանին ընդունած Պուտինի հետևում գտնվող  ժամացույցը, որի վրա քանդակված էին կայրսուհի Եկատերինայի՝ թուրքերի նկատմամբ հաղթանակի  խորհրդանիշները) ռազմավարական դաշնակից երկրի կողմից նման վրիպումների  համար։ Ինչպես նման դեպքերում ասում են՝ սա ավելին է, քան հանցագործությունը, սա սխալ է։

Բայց, պարզվում է, որ ոչ, որովհետև Փաշինյանի նույն շնորհավորական տեքստի ռուսերեն տարբերակում արդեն կարդում ենք․«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, սրտանց շնորհավորում եմ  Հայրենական մեծ պատերազմում  Հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։ Այս լուսավոր տոնը մարմնավորում է  մարդկության պատմության մեջ ամենամեծ չարիքներից մեկի՝ ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակը»։ Եվ այլն։

Փաստորեն, երկրորդ աշխարհամարտի մասին  Նիկոլ Փաշինյանը տեղական լսարանի համար օգտագործում է «Երկրորդ համաշխարհային»՝ չնայած պատմական սխալին, իսկ ռուսական կողմի համար՝ «Հայրենական մեծ պատերազմ» բառակապակցությունը։

Ի դեպ, Պուտինին փաշինյանական  շնորհավորանքի  տեքստը թաքցված էր հիպերլինքի տակ և միայն սեղմելուց ու երկու տեքստերը ուշադիր համեմատելուց հետո կարելի է գտնել տարբերությունը։

Ի դեպ, առաջին անգամը չէ, որ պաշտոնական Երևանը բռնվում է տարբեր հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրությունների անգլերեն և ռուսերեն տեքստերի տարբերությունների մեջ։