Հավաքվում են համակրելի մարդիկ, կիսվում համակրելի գաղափարներով ու համակրելի ձևով իրար ցտեսություն ասում

Հավաքվում են համակրելի մարդիկ, կիսվում համակրելի գաղափարներով ու համակրելի ձևով իրար ցտեսություն ասում

2018թ․ նոյեմբերին մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը, «Թատրոնի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակով, մի քանի անգամ նիստ է հրավիրել ու դադար վերցրել։ 

Հանձնաժողովի կազմում ընդգրկված Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղղեկավար եւ տնօրեն Ռուբեն Բաբայանը կատակով նկատում է, որ «Թատրոնի մասին» օրենքն էլ «Կինոյի մասին» օրենքի հետ միասին «գրկախառնված՝ քնած» է։ 

Հրավիրված նիստերի ժամանակ հիմնականում ընդհանուր հարցեր են քննարկվել։ Որպես միջանկյալ, ժամանակավոր լուծում, մինչեւ օրենքը մշակվի ու ընդունվի, Բաբայանը նիստերից մեկի ժամանակ առաջարկել է թատրոնները ՊՈԱԿ-ից դարձնել հիմնադրամ, որովհետեւ հիմնադրամներն ավելի ազատ են իրենց գործունեության մեջ, իսկ արվեստն ընդհանրապես ազատություն է սիրում․ «Եթե այդ ազատությունը չլինի, ամեն ինչ շատ տխուր կլինի, մշտապես կհանդիպենք տաղանդավոր մարդկանց, ովքեր հակված են Հայաստանից արտագաղթելուն։ Գուցե դա գալիս է նրանից, որ հենց մշակույթի նախարարությունն է այս անորոշ վիճակում, եւ վերջին նիստը, եթե չեմ սխալվում, մոտ 2 ամիս առաջ է եղել, ու հիմա ես չեմ էլ պատկերացնում, թե այդ հանձնաժողովն ինչպես պետք է շարունակի իր աշխատանքը»։ 

Բաբայանի կարծիքով, այդ հանձնաժողովի մեջ պետք է ներգրավել էքսպերտների, այդ թվում՝ արտերկրից․ «Կան երկրներ, որտեղ արդեն գործում է այդ օրենքը, կան նաեւ երկրներ, որտեղ այդ օրենքը չկա, բայց օրենսդրական դաշտն այնպես է արված, որ հաշվի է առնվում ոլորտի առանձնահատկությունը։ Ի՞նչ կլինի վաղը, երբ վերաձեւակերպվի նախարարությունը, եւ ավելի գործունյա մոտեցում դրսեւորվի, սահմանվեն կոնկրետ ժամկետներ, որովհետեւ պետք է ոչ միայն թատերական ոլորտի գործիչները, այլ նաեւ իրավաբանները, տնտեսագետները ներգրավված լինեն այդ հանձնաժողովի մեջ»։          

Այն, ինչ այսօր կատարվում է, բացարձակապես հաշվի չի առնում ոլորտի առանձնահատկությունները, մասնավորապես այն օրենսդրական դաշտը, որում թատրոնը գործում է․ «Մեծ կարիք կա որոշելու, թե ընդհանրապես ինչ խնդիրներ է իր առջեւ դնում թատրոնը, ինչպիսի դերակատարում ունի մեր հասարակության, երկրի եւ պետության մեջ, որից հետո նոր պարզ կդառնա, թե ինչպիսի օրենք ենք ուզում ունենալ, որովհետեւ օրենքն առաջին հերթին պետք է թույլ տա ոլորտին զարգանալ՝ հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները»։

Սա առաջին անգամը չէ, երբ պետությունը ձեռնամուխ է լինում «Թատրոնի մասին» օրենքի ստեղծմանը, մի քանի անգամ տարբեր ժամանակներում փորձել են մշակել թատրոնի օրենքը, նույնիսկ նախագիծը մտել է ԱԺ․ Ռուբեն Բաբայանը ծանոթ է բոլոր այդ նախագծերին, բայց, «մեր մեջ ասած, նրանք բոլորը կրել են զուտ դեկլարատիվ, բարի ցանկությունների բնույթ, որովհետեւ մեզ ավելի շատ հետաքրքրում են մեխանիզմները, թե ինչ պետք է անել, որ թատրոնը զարգանա իր բնականոն կյանքով, որ տարաբաժանում լինի թատերական շենքի եւ թատերական խմբի միջեւ։ Օրենքը պետք է միանշանակ կապված լինի աշխատանքային, հարկային օրենսգրքերի հետ, «Գնումների մասին» օրենքի հետ, որեւէ երկրում թատերական ոլորտը չի զարգանում առանց մեկենասության եւ հովանավորչության, այդ օրենքները, ցավոք սրտի, Հայաստանում չկան։ Սա մի ամբողջ համալիր է, որը պահանջում է ոչ թե նվիրյալ մարդկանց, այլ պրոֆեսիոնալների ընդգրկում հանձնաժողովի կազմում, որոնք մեր ցանկությունները, դիտողությունները, նկատառումները միգուցե կարողանան վերածել իրավաբանական փաստաթղթի»։ 

Բեմադրիչը կարծում է, որ այդ օրենքը կընդունվի այն ժամանակ, երբ պետության կողմից հասկացվի դրա անհրաժեշտությունը, ինչն այսօր բացակայում է․ «Քանի որ տեսնում եմ այն, ինչ հիմա կատարվում է կոնկրետ մեր ոլորտի մասով, հատկապես երբ գնում է ազատ գործունեության ուժեղ սահմանափակում, եւ պարզապես չի հասկացվում, թե ինչով է տարբերվում, ասենք, թատերական ոլորտը համերգային ոլորտից։ Միակ հետաքրքիր եւ ճիշտ առաջարկությունը, որ վերջերս եղավ, այն է, որ օրենքը չկոչվի թատրոնի մասին, այլ՝ կատարողական արվեստի մասին օրենք, որովհետեւ այսօր արվեստներն այնքան են իրար մեջ միաձուլվել, որ շատ դժվար է սահմանազատել․ եթե ներկայացման կեսն անիմացիա է կամ կինո, սա ինչպե՞ս կոչել՝ թատրո՞ն, թե՞ կինո, սա ընդամենը կատարողական արվեստ է։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ կա արվեստ, որը ստեղծվում է այս պահին, եւ կա հավերժական արվեստ, որը ժամանակի մեջ սահմանափակում չունի, եւ վերաբերմունքը, ֆինանսավորումը մի քիչ տարբեր պետք է լինեն։ Ե՞րբ կլինի ցանկություն այս ամեն ինչն իրարից տարանջատելու, ամեն դեպքում՝ հիմա դրա մասին չեն մտածում, այլ միայն՝ վերահսկելու, այնպիսի տպավորություն է, որ թատերական ոլորտն ամենակոռումպացված օղակն է մեր երկրում եղել»։ 

Հանձնաժողովն այս պահին՝ որպես այդպիսին, չի աշխատում, նիստեր տեղի չեն ունենում։ Ինչ կլինի հետո, երբ վերաձեւակերպվի նախարարությունը, միգուցե ստեղծվի նոր հանձնաժողով, միգուցե նույն հանձնաժողովն ուրիշ լիազորություններ ունենա՝ դեռ պարզ չէ, անորոշ վիճակ է․ «Կարծում եմ՝ նման հանձնաժողովները պետական մարմիններում չպետք է ստեղծվեն, պետական մարմինը պետք է պատվիրի կոնկրետ քայլեր ինչ-որ կազմակերպությունների, որոնք ունեն դրա փորձը, ունակությունը, նաեւ պետք է ֆինանսավորվի այդ աշխատանքը, որովհետեւ հասարակական հիմունքներով օրենք չեն գրում։ Սա լուրջ աշխատանք է, որը պահանջելու է, որպեսզի մարդիկ լուրջ զբաղվեն այդ գործով, այլ ոչ թե աշխատանքից ազատ ժամանակ օրենքի նախագիծ ստեղծեն, ինչը ճիշտ չէ, որովհետեւ կդառնա սիրողական նախագիծ, իսկ այս գործը պրոֆեսիոնալիզմ է պահանջում, եւ կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մշակույթի նախարարությունը կամ պետությունը ձեւակերպի իր պահանջները թե ինչ է ուզում տեսնել՝ համապատասխանաբար ֆինանսավորելով այդ աշխատանքը։ Մինչդեռ այսօր դա ավելի շատ սիրողական բնույթ է կրում․ հավաքվում են շատ համակրելի մարդիկ, կիսվում են շատ համակրելի գաղափարներով ու համակրելի ձեւով իրար ցտեսություն են ասում»։