Հին համակարգի նոր տերերը կամ՝ յո՞ երթանք

Հին համակարգի նոր տերերը կամ՝ յո՞ երթանք

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բժշկական համալսարաններից ուսանողներին ուղարկում էին ռազմաճակատ` վիրավորված զինվորներին առաջին օգնություն ցույց տալու: Եվ քանի որ լինում էին շտապ վիրահատության կարիք ունեցող զինվորներ, որոնց հնարավոր չէր տեղափոխել թիկունք` փորձառու բժիշկների մոտ, նրանց վիրահատում էին տեղում ուսանող-բժիշկները: Հասկանալի է, որ պարտադրված վիրահատություն կատարող ուսանողը հիմնականում ձախողել է վիրահատությունը, այնքան ժամանակ, մինչեւ որ սովորել է կամ` ոչ: Այդպիսի ձախողումներ պատերազմի դաշտում հաճախ են լինում:

Իսկ խաղաղ ժամանակներում նման ձախողումները ճակատագրական են, մանավանդ, երբ վիրավոր զինվորի մոտ կանգնած անփորձ ուսանող-բժշկի փոխարեն լինում են պետական կառավարման համակարգում առանցքային հաստիքներ զբաղեցնող անփորձ պաշտոնյաներ, իսկ վիրավոր զինվորի փոխարեն` պետություն: Բժշկության մեջ դատապարտելի է անփորձ ուսանողից վերցնել Հիպոկրատի երդում ու մտցնել վիրահատարան` ասելով․ անփորձ է` կսովորի: Հետաքրքիր է, որ քաղաքականության մեջ սկսնակ ու անփորձ անձանց ներկայությունն առանցքային պաշտոններում դատապարտելի չէ, ավելին` ինչպես վերջին զարգացումներն են ցույց տալիս` խրախուսելի է ու պարտադիր: Թող ամենեւին զարմանալի չթվա համեմատությունը, որ վիրահատարանում շփոթված ուսանողի փոխարեն այժմ ունենք նույնքան ապշահար, սակայն գոռոզամիտ ու հավակնոտ պաշտոնյաներ` նույն արդարացմամբ` թողեք թող աշխատեն, անփորձ են` կսովորեն:

Հետաքրքիր է` քանի՞ տարի է անհրաժեշտ նրանց, որ սովորեն, եւ քանի՞ տարի՝ մեզ, որ հրաժարվենք արդարացումներից ու կեղծ հանդուրժողականությունից, որպեսզի հասկանաք, որ, օրինակ, ԱԺ-ն ոչ թե քաղաքական դպրոց է, այլ` բարձրագույն օրենսդիր մարմին, որտեղ ընդունվում են կարեւորագույն որոշումներ: Եվ հասարակության գործառույթը ԱԺ-ում քննարկվող անհեթեթ օրինագծերի դեմ պայքարելը չէ: Եվ մշակութային ու, այսպես կոչված, տնտեսական հեղափոխություն անելու համար քաղաքական բարի կամքը, պոպուլիստական հայտարարություններն ու երիտասարդ լինելը հերիք չեն, պետք են փորձված ու պրոֆեսիոնալ մասնագետներ` ցավալի ձախողում չգրանցելու համար:

Եվ ի վերջո` բազմաթիվ մարտահրավերների առաջ կանգնած պետությունը նույնպես բուժման ու վերականգնման կարիք ունեցող կենդանի օրգանիզմ է` իր բնակչությամբ, տնտեսությամբ, մշակույթով եւ այլն: Երկրում համակարգային փոփոխությունների դանդաղումը, պատասխանատու մարմինների անհեթեթ արդարացումներն ու իրավիճակային գործելակերպը նվազեցնում են գործող իշխանության լեգիտիմության աստիճանը` կասկած ու թերահավատություն առաջացնելով հասարակության լայն շերտերում: Սովորաբար ցածր լեգիտիմություն ունեցող իշխանությունների պարագայում հասարակության մեծ մասն առաջնորդվում է մերկ շահով կամ կենդանական վախով` դեպի գործող իշխանությունը, իսկ նման դեպքերում հասարակությունը չի կարող արդյունավետ աշխատել ու զարգանալ:

Նախորդ իշխանությունների ժամանակ ունեցել ենք նման իրավիճակ, երբ հասարակության ճնշող մեծամասնությունը չուներ արդյունավետ աշխատելու ու զարգանալու համապատասխան միջավայր: Այժմ թեեւ իրավիճակ է փոխվել, սակայն միջավայրը նույնն է, եւ քանի դեռ իշխանության ներկայացուցիչներն իրենք իրենց ներսում չեն հեղափոխվել ու չեն հեղափոխել իրենց միջավայրը եւ այն համակարգը, որի մեջ գործում են, անիմաստ է նույնը սպասել ժողովրդից կամ մեղադրել նրան անգործության մեջ` փորձելով լղոզել սեփական ձախողումներն ու թերացումները: Սակայն վերջիններիս կողմից հեղափոխվելու միտում դեռեւս չկա: Տպավորություն է, որ նորընտիր պաշտոնյաները կա՛մ այս միջավայրում իրենց լավ են զգում եւ կարիք չեն տեսնում փոխվելու ու փոխելու համակարգը, կա՛մ ոչ պրոֆեսիոնալ լինելն է խանգարում, եւ չգիտեն ինչպես փոխել: Երկու դեպքում էլ արդարացում չկա եւ, հաշվի առնելով ստեղծված քաոտիկ իրավիճակը, սպասելու ժամանակ՝ նույնպես:

Հասարակությունները ոչ միայն սոցիալական են, այլեւ` մարդկային, հետեւաբար` իշխանությունների լեգիտիմացման բարձրագույն ձեւը նույն հասարակության կողմից վերջիններիս գործողությունների բարոյական արդարացումն է: Միգուցե Սահմանադրության ու օրենքների սահմաններում արդարացված են ներկա իշխանության գործողությունները, անփորձ պաշտոնյաների ներկայությունը, անհարկի կրճատումները, պարգեւավճարները, ավելորդ քաղքենիությունը, սակայն բարոյական մակարդակում, վստահաբար՝ արդարացում չունեն: Եվ վերջապես` պետք չէ թաքնվել հեղափոխության անվան տակ եւ տանտիրոջ իրավունքով զբաղվել աչքակապությամբ ու շարունակել (չնչին տարբերությամբ) կրել այն արատավոր համակարգը, որը համառորեն մերժում էինք: Նույն արժեհամակարգում ու նույն տրամաբանությամբ էին գործում նախորդները, մի տարբերությամբ` նորերը գործում են «հեղափոխությունում» հաջողածի իրավունքով եւ դեռ անփորձ են, նախորդներն արդեն փորձառու էին եւ գործում էին պատերազմում հաղթածի իրավունքով: Մնում է հարցնել` յո՞ երթանք: