Փաշինյանի «չեբուրաշկաներն» ու լավ ապրելու բանաձևը

Փաշինյանի «չեբուրաշկաներն» ու լավ ապրելու բանաձևը

Երեկ խորհրդարանում կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի քննարկումն անցավ ընդդիմադիրների երկչոտ հարցադրումների ու իշխանականների կրքոտ խոստովանությունների մթնոլորտում: Արդյունքում պարզվեց, որ  «չեբուրաշկաների ինստիտուտը» չի վերացել նաեւ նոր Հայաստանում, անշուշտ, նորերն արտաքնապես «չեն ձգում» Սերժ Սարգսյանի «չեբուրաշկաներին», որոնք, որպես կանոն, բարձր «չոլկաներով» պճնված կանայք էին, սակայն նորերի մեկնարկն էլ պակաս խոստումնալից չէ: Նրանք ավելի անկաշկանդ ու առանց ձեւականությունների են երկրպագում իրենց կուռքին: Առաջին խոստովանությունը «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Քրիստինե Պողոսյանինն էր։

Այս աղջիկը Արարատ Միրզոյանի օգնականն էր կառավարությունում։ Երեկ նա հարց տալուց առաջ անզուսպ պոռթկաց. «Պարոն վարչապետ, Ձեր հանդեպ իմ վստահության արմատներն այնքան խորն են եւ կապված են Ձեր գործունեության եւ անցած ճանապարհի հետ, որ եթե անգամ Դուք ներկայացնեիք կառավարության ծրագիր, որտեղ ընդամենը մեկ նախադասություն՝ «ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու» լիներ, ապա ես կվստահեի Ձեզ եւ կողմ կքվեարկեի»։ Հիացմունքն այսպես խոստովանեց պատգամավորը: Նախկին իշխանության նավից Նիկոլ Փաշինյանի առագաստի տակ հանգրվանած Շիրակ Թորոսյանն էլ մտահոգ էր, որ «մեծարգո» վարչապետը կհոգնի, քանզի  առավոտից ոտքի վրա ամբիոնի մոտ կանգնած է, սակայն վարչապետը սփոփեց ազգընտիրին․ «Չեմ հոգնում, հանգիստ եղեք»: Մեկ ուրիշ պատգամավոր էլ, ով նախկինում գործադիրն էր ներկայացնում, առանձնակի պարծանքով գլուխ էր գովում․ «Չեք պատկերացնում՝ Դուք Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված պաշտոնյա չեք…»:  

Իշխանության փոխադարձ սիրո եւ քծնանքի մթնոլորտը որոշ դոզայով տարածվել էր նաեւ ընդդիմադիր շարքերի վրա, ի հեճուկս նախկինի, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած խմբակցությունը քարը քարին չէին թողնում կառավարության բերած ծրագրերը, երեկ ընդդիմադիր շարքերից հնչում էին միայն զգուշավոր հարցադրումներ, «պոետիկ» քննադատություններ:
Խնդիրն ամենեւին այն չէր, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չքնաղագույն ծրագիր են ներկայացրել, եւ այն քննադատողները ձվի մեջ մազ են որոնում: Ավելին, ծրագիրն այնքան խոցելի է, որ անգամ Գագիկ Ծառուկյանը զգուշացրեց լրագրողների հետ զրույցում, որ եթե այն փոփոխության չենթարկվի, ապա իրենք դեմ են քվեարկելու: 

Մի քանի օր առաջ հրապարակված ծրագրի վերաբերյալ քննադատությունները շատ են, օրինակ՝ այն, որ ծրագրում գրեթե չկան քանակային միավորներ, հստակ ժամկետներ, մեխանիզմներ, թե ինչպես է Փաշինյանի թիմն իրականացնելու խոստացված տնտեսական հեղափոխությունը: Շատերն այդ ծրագիրը հասցրեցին կոչել երազանքների ծրագիր: Փաշինյանի պատասխանն այդ քննադատություններին յուրօրինակ էր: Ծրագիրը ներկայացնելիս նա ոչ այնքան խորացավ առանձին դրույթների մեջ, այլ տվեց լավ ապրելու ու երազանքների երկիր ունենալու իր բանաձեւը: Նա հայտարարեց, որ տնտեսական հեղափոխությունը պատրաստվում են իրականացնել այն նույն գործիքակազմով, ինչով հնարավոր եղավ իրականացնել քաղաքական հեղափոխությունը։ Հիշեց իր ու իր ղեկավարած ուժի քաղաքական անցյալը, իրենց հասցեին հնչած մեղադրանքները՝ ծախված լինելու մասին, ու հավելեց, որ իրենք ներդրել են իրենց կամքը՝ գնալ քաղաքական փոփոխության։
Նրա խոսքով՝ տնտեսական հեղափոխության գաղափարական հենքը լինելու է նույնը, ինչ քաղաքական հեղափոխության հենքը, եւ «պետք է անցնի այն նույն ճանապարհներով, կետերով, ինչ անցավ քաղաքական հեղափոխությունը»։

«Տնտեսական հեղափոխությունը կհաղթի միայն այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին կփոխի իր տնտեսական վարքագիծը, եւ, հետեւաբար, կառավարությունն իր անելիքը տեսնում է Հայաստանի քաղաքացու վարքագծի փոփոխությունը քաջալերելու, խթանելու մեջ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։ Եվ հենց այդ պատճառով է, որ կառավարության ծրագրում չկան թվեր, թվային ցուցանիշներ։ Դրանք, ըստ Փաշինյանի, կախված են նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի պատրաստ կլինի դառնալ «տնտեսական ակտիվիստ»: Նա սահմանեց նաեւ լավ ապրելու բանաձեւը, ասաց, որ հեղափոխությունը պետք է անել նախ սեփական գլուխներում, քանզի, ըստ վարչապետի, աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական երեւույթ է, այլեւ՝ հոգեբանական։ Աղքատությունը նաեւ մտածողության որոշակի տեսակի հետ կապ ունի: Ըստ նրա՝ մտածողության այս տեսակի մասին է ահազանգել Հրանտ Մաթեւոսյանը՝ իր «Ծառերը» ստեղծագործության մեջ: «Ես պատեհ եմ համարում այդ հատվածը եւս մեկ անգամ կրկնել՝ հույս ունենալով, որ Ազգային ժողովից ավելի հասանելի ու լսելի կլինի մեր քաղաքացիներին»,- ասաց նա եւ ընթերցեց մի հատված. «Լավը չես, խեղճ ես, լավը չես, զավակս…»:

Մինչ վարչապետն ամբիոնից իր խոհերն էր ներկայացնում լավ ապրելու մասին ու ամեն ինչ բարդում շարքային քաղաքացիների ուսերին՝ կարմիր թելի պես տանելով այն գիծը, որ եթե ուզում եք լավ ապրել, փոխեք աղքատի ձեր հոգեբանությունը, ՀԴՄ կտրոններ պահանջեք խանութներից, որպեսզի թոշակառուների թոշակները բարձրանան, աղքատությունը կրճատվի կամ վերացվի, իսկ կառավարությունն էլ կողքից մի քանի բարեփոխումներ կիրականացնի, որոնց «իմաստը լինելու է քաջալերել մարդկանց աշխատանքը, տնտեսական ակտիվությունը եւ երկիրը գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար», ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը պոետիկ արձագանքեց՝ Պարույր Սեւակի բանաստեղծությունը ֆեյսբուքյան իր էջում կախելով. «Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ… հեքիաթներից ես հոգնել եմ…»:

Այս գրառումից առաջ Մարուքյանը լքեց նիստերի դահլիճը եւ երկար ժամանակ դահլիճ չվերադարձավ։ Նա դրսում խոստովանեց, որ գրառումը քաղաքական է, չմանրամասնեց, սակայն, թե ինչից է հոգնել: Նիկոլ Փաշինյանի դեմ «բլիժնի բոյի» փորձեցին մտնել Մարուքյանի կուսակից կանայք: Սրբուհի Գրիգորյանը հետաքրքրված էր Սիսիանի չորրորդ կարգի վթարային շենքի ճակատագրով։ Փաշինյանը կրկնեց՝ քանի դեռ Սիսիանում ՀԴՄ կտրոն չեն պահանջում, այդ վիճակը շուտ չի շտկվի: ԼՀԿ պատգամավորն էլ տակ չմնաց. «Քաղաքացին ասում է՝ կտրոն պահանջեմ, վատամարդ դուրս գամ, որ ՊԵԿ նախագահն իր քարտուղարուհուն միլիոննե՞ր պարգեւատրի»: Փաշինյանը ծանր կացությունից փորձեց դուրս գալ, ասելով՝ ուզում եք ՊԵԿ-ում աշխատավարձն այնքան կրճատվի, որ ամեն օր գնան տուգանե՞ն այդ խանութները: Անի Սամսոնյանն էլ հետաքրքրվեց՝ եթե տնտեսությունում չունենանք շոշափելի արդյունքներ, նշանակում է՝ պետք է ասենք, որ քաղաքացիները տնտեսական ակտիվություն չունեցա՞ն, չեղա՞ն այն ակտիվիստները, որ կգրանցեն տնտեսական ցուցանիշներ: Փաշինյանը նշեց, որ ոչ մի հիմք չկա մտածելու, թե ՀՀ քաղաքացիները չեն անելու իրենց բաժինը: 

Վարչապետը քաղաքական, տնտեսական, սոցիալական անվտանգային պատասխանատվությունն անձնապես կրելու պատրաստակամություն հայտնեց, նշեց, որ առաջին հերթին իր պարտավորությունն է՝ օգնել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, որ նա հավատա իր ուժին եւ հաղթահարի այն խեղճությունը, որի մասին Հրանտ Մաթեւոսյանը գրել է:

Հարցեր տալու համար հերթագրվել էր 53 պատգամավոր, տպավորություն կա, որ Փաշինյանի թիմում ծրագրել են հնարավորինս շատ հարցեր տալ՝ ներքին ժողովրդավարության տպավորություն ստեղծելու համար: Ծրագրի քննարկումը կշարունակվի նաեւ այսօր: