100 օր, որ փոխեցին Եվրոպան եւ աշխարհը 

100 օր, որ փոխեցին Եվրոպան եւ աշխարհը 

Այսօր բոլորում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր աշխարհում տեղի ունեցած ամենավայրագ պատերազմներից մեկի` Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմարշավի 100-րդ օրը: Այս պատերազմի յուրահատկությունն այն է, որ այն ընթանում է Եվրոպայում` ավարտելով հետպատերազմյան, նաեւ` հետ սառը պատերազյան դարաշրջանները, երբ մարդկանց դեռ տպավորում էին Հիտլերի կամ ֆաշիստական Գերմանիայի գործած հանցագործությունները: Այժմ Եվրոպայում, զանգվածային գիտակցության մեջ Հիտլերի, ֆաշիստների, նացիստական Գերմանիայի տեղը հետզհետե, ավելի ու ավելի հաստատուն գրավում են Պուտինը, «ռաշիստները», Ռուսաստանը: Գործած հանցագործությունների մասշտաբով ռուսները, իհարկե, հեռու են հիտլերյան Գերմանիայի հանցագործությունների ծավալից, սակայն բնույթի առումով` գուցե ավելի վայրագ են ու բարբարոս: 

Ֆաշիզմին հաղթելու համար աշխարհին հարկավոր եղավ յոթ տարի եւ մի համաշխարհային պատերազմ որ մղվում էր ամբողջ Եվրոպայում: Ռուսներին ու ռաշիզմին հաղթելու համար, ըստ գնահատականների, յոթ ամիս էլ չի պահանջվի, թեեւ մի երկիր է միայն անմիջականորեն պատերազմում: Այս լավատեսության հիմքը ոչ միայն այն է, որ ծաղիկներով դիմավորման սպասող ու Կիեւում շքերթ ծրագրող Պուտինը եւ իր զորքերը Ուկրաինայում համընդհանուր դիմադրություն հանդիպեցին: Այլեւ այն, որ Եվրոպան եւ ողջ քաղաքակիրթ աշխարհը միավորվեց ընդդեմ Ռուսաստանի` հանուն Կրեմլի ռազմական պարտության ու տնտեսական ոչնչացման նպատակի: Ինչպես արդեն համարյա թեւավոր դարձած ֆրազն է ասում` «Ռուսաստանը այնպես պետք է ջախջախվի, որ այլեւս երկար ի զորու չլինի պատերազմ սանձազերծել»:

Դեպի այդ նպատակը Եվրոպան եւ աշխարհը ընթանում են այնպիսի արագությամբ, ինչպիսին մինչ այժմ չէր դրսեւորվել: Ասենք տասնամյակների առեւտրային հարաբերություններն ու վառելիքի մատակարարումները մի քանի ամսում դադրեցնելը, ով կարող էր պատկերացնել: Բանկային համակարգը կաթվածահարել` այո, հաղորդակցությունը Ռուսաստանի հետ խզել` այո, դա կամքի եւ նպատակահարմարության հարց է, բայց հանածոների ներկրում դադարեցնելը, վառելիքի մատակարարում դադարեցնելը պետք է տեխնիկապես հնարավոր դարձվի: Եվ ապշեցնող է, թե ինչ արագությամբ է դա արվում: Երեւում է, եթե պատերազմը Ուկրաինայում պետք է ավարտվի մի քանի ամսում, ապա Ռուսաստանի տնտեսական համակարգի ոչնչացումը պետք է ավարտվի դրանից էլ առաջ: Ինչպես երեւում է  զուգահեռաբար եւ դրանից առաջ կավարտվի նաեւ ՆԱՏՕ-ի ընդլայնումը` պաշտոնապես դեպի Շվեդիա, Ֆինլանդիա, ըստ էության` նաեւ դեպի Ուկրաինա եւ Մոլդովա:

Մինչ այդ, սակայն, էական է, որ Ուկրաինան պատերազմում հաջողություններ գրանցի եւ հաղթի: Նայելով, թե ինչպես են աստիճանաբար Ուկրաինային ավելի ու ավելի արդյունավետ, ժամանակակից ու հեռահար զինատեսակներ մատակարարվում, որոնցով արդեն տեխնիկապես հնարավոր է ՌԴ տարածքը ռմաբակոծել ու հրթիռակոծել, հավասարակշռությունը ակնհայտորեն թեքվում է ի վնաս Ռուսաստանի: 

Իսկ մայիսի 9-ին, Ռուսաստանում նշվող Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից  «Ուկրաինայում ժողովրդավարության պաշտպանությանն համար 2022թ. Լենդ-Լիզի օրինագիծը» (Ukraine Democracy Defense Lend-Lease Act of 2022) ստորագրելը չափազանց թափանցիկ հիշեցում էր այն մասին, թե ինչպես աղքատ, կիսագրագետ ու հետամնաց Խորհրդային Միությունը կարողացավ ԱՄՆ 1941-ի Lend-Lease Act-ի շրջանակում մատակարարված անվերջ թվով զրահատեխնիկայի, հագուստ-սնունդ-վառելիքի հաշվին (15 միլիոն զույգ զինվորական կոշիկներից մինչեւ 13 000 տանկ, 14 000 ինքնաթիռ,  կես միլիոն ջիփ ու ռազմական մեքենա եւ այլն) Գերմանիայի նման զարգացած ու հզոր պետության հաղթել: Եվ նունքան էլ թափանցիկ խոստում առ այն որ հարուստ, կրթված ու ժամանակակից Ուկրաինան այսօր իրեն ցուցաբերվող տասնյակ միլիարդավոր դոլարների ռազմական օժանդակության պայմաններում, Գերմանիայի հետ համեմատության եզր չունեցող Ռուսաստանին կհաղթի եւ գրավյալ տարածքները կազատագրի ավելի դյուրին ու արագ; 

Միայն ցանկալի է` որքան հնարավոր է արագ, որպեսզի մարդիկ քիչ մահանան, Ուկրաինան վերադառնա խաղաղ կյանքի եւ հանգրվանի եվրոպական ընտանիքում, որպես առայժմ ԵՄ անդամության թեկնածու, ու ոչ հեռու ապագայում`ԵՄ անդամ երկիր: