Մի քանի անհարմար հարց

Մի քանի անհարմար հարց

Մի քանի անհարմար հարց, որոնց պատասխանները չգիտեմ, բայց կուզեի իմանալ։ Այնպես չէ, որ ես առաջինն եմ այդ հարցերը տալիս, այդ բոլոր հարցերն արդեն քանի օր է՝ օդում կախված են։

Կառաջարկեմ լրագրողներին այդ հարցերն ուղղել բոլոր պատասխանատուներին. Արցախի իշխանություններից մինչև ՀՀ իմիտացիոն կառավարության անդամներ, քաղաքական կուսակցություններից մինչև առանձին գործիչներ։

Ա. Ինչո՞ւ Արցախում չի պաշարվել սնունդ, վառելիք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ գոնե 1–2 տարվա համար։ Դա պիտի արվեր ոչ թե նույնիսկ 44 պատերազմից հետո, այլ մինչև պատերազմ՝ կովիդի համաճարակը սկսվելուն պես, հաշվի առնելով համաշխարհային մատակարարման ցանցերի կոլապսը։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ հաշվի առնելով, որ թշնամին արդեն վերահսկում էր Արցախի կապը ՀՀ-ի հետ, դա չանելն ուղղակի հանցագործություն էր։

Բ. Դեկտեմբերի սկզբին՝ առաջին կարճ շրջափակումից հետո, երբ մի քանի օրանոց բաց «պատուհան» կար մինչև հաջորդ շրջափակումը, ինչո՞ւ այդ օրերին Արցախ չտարվեցին սննդի, դեղորայքի և վառելիքի պաշարներ։ Այո, մի քանի օր էր, բայց այդ կարճ ժամանակամիջոցում զօր ու գիշեր պիտի բեռնատարները ապրանք կրեին դեպի Արցախ։

Գ. Ինչո՞ւ չի կառուցվել ադրբեջանական վերահսկողության տակ եղած հատվածը շրջանցող ճանապարհը, որն իրականում կա, բայց դժվարանցանելի է։

Դ. Ինչո՞ւ ՀԻՄԱ շտապ չի կառուցվում այդ ճանապարհը։

Ե. Ինչո՞ւ ՀԻՄԱ կազմակերպված չեն թեկուզ շատ վատ, բայց այնուամենայնիվ գոյություն ունեցող այդ ճանապարհով բեռնափոխադրումները։

Զ. Ինչո՞ւ չկա հստակ ձևակերպված պահանջ և օրակարգ ուղղված ԵՄ-ին դադարեցնելու Ադրբեջանին աջակցությունը (շրջափակման օրերին նույնիսկ մի քանի միլիարդ եվրոյի աջակցության փաթեթ են ստորագրել Ադրբեջանի հետ)։

Է. Ինչո՞ւ չկա օրակարգ Նիկոլին ուղղված պահանջով ճանաչելու Արցախի անկախությունը (ես գիտեմ, որ ամեն ինչ անելու է, որ չճանաչի, բայց օրակարգերը հենց այդպես են ձևավորվում՝ անընդհատ պահանջով և չթուլացող ճնշմամբ, իսկ իր չճանաչելը միայն թեժացնելու և ավելի ազդեցիկ է դարձնելու այդ օրակարգը)։

Ը. Ինչո՞ւ չկա օրակարգ այսպես կոչված «միջազգային հանրությանը» ուղղված պահանջով ճանաչելու Արցախի անկախությունը (ես գիտեմ, որ չի ճանաչելու, բայց հանրային պահանջը ու ճնշումը պետք է լինի)։ Առնվազն՝ սկզբի համար, Մինսկի խմբի համանախագահ երկրներին ուղղված պահանջ պիտի լինի։ Պարզ է, որ խուսափելու են պատասխանելուց, բայց տե՛ս նախորդ «Է» կետը։

Թ. Ինչո՞ւ Արցախում առ այսօր չի ստեղծվել արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը համակարգող ՄԵԿ խումբ, որպեսզի ամեն օր դուրս չգան իրարամերժ ուղերձներ թե՛ համայն հայությանը, թե՛ ընդհանրապես աշխարհին։

Ժ. Ինչո՞ւ Արցախում առաջին իսկ օրվանից չի մտցվել սննդամթերքի բաշխման կտրոնային համակարգ։

Ի. Շրջափակման 25րդ օրն է. ինչո՞ւ ՀՀ-ում ստեղծված չէ Արցախին աջակցության հանրային խորհուրդ։

... Հարցերի ցանկն այսքանով չի ավարտվում, բայց վստահ եմ, որ արդեն ձևակերպած հարցերին էլ նորմալ պատասխաններ չեն լինելու և ոչ մի տեղից։

Կարեն Վրթանեսյան