«Հրապարակ». Դատելով դատախազի զեկույցից՝ Հայաստանում 2018-ից հետո հանցագործություն գրեթե չի կատարվում

«Հրապարակ». Դատելով դատախազի զեկույցից՝ Հայաստանում 2018-ից հետո հանցագործություն գրեթե չի կատարվում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ խորհրդարանում առաջին ստուգարքը հանձնեց՝ ներկայացնելով դատախազության 2022 թվականի գործունեության հաղորդումը։ Իհարկե, Վարդապետյանն ավելի շատ ներկայացնում էր նախորդի՝ Արթուր Դավթյանի կատարածը, քանի որ ինքն այդ պաշտոնին է գործուղվել անցած տարվա սեպտեմբերից, սակայն դատախազի ելույթի շեշտադրումներից պարզ դարձավ, որ նա ամեն քայլը, ինչպես ինքն էր վերջերս խոստովանել կառավարության նիստում, զեկուցում է Նիկոլ Փաշինյանին, եւ նրան կարելի է «հինգ» նշանակել։ Կարելի է նույնիսկ «հինգ+» նշանակել, եթե մի քանի «պրոմըխ» չտար։ Մասնավորապես, քաղաքակիրթ ապտակ չհասցներ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին եւ, ընդհանրապես, իշխանություններին, որոնք հինգ տարի շարունակ փորձում են հանրությանը կերակրել Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերով՝ մեղավորներ հռչակելով Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։

Երեկ Հակոբ Արշակյանը, շարունակելով իր նախօրեի ելույթը, դատախազից հետաքրքրվեց այդ հանցագործությունների քննության ընթացքով, սակայն Վարդապետյանը հիասթափեցրեց նրան՝ ասելով, որ քննչական գործողություններ արվում են, իսկ բացահայտում չկա։ Այդ երկու գործերն անգամ տեղ չեն գտել տարեկան հաղորդման մեջ՝ այն պատճառով, որ նոր ասելիք չկա։ Մինչդեռ դեռեւս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը խոստանում էր՝ իշխանության գալով, բացահայտել թե՛ Հոկտեմբերի 27-ը, թե՛ Մարտի 1-ը։ 

Չնայած դրան, դատախազի 30 րոպեանոց ներածական խոսքից տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանում վերջին հինգ տարիներին կյանքը կանգ է առել, Վարդապետյանը երկար-բարակ ծամծմում էր ապօրինի հարստացման թեման, նախկինների անուններ էր հնչեցնում, միլիոնների մասին էր խոսում, որոնք պետք է վերադարձվեն բյուջե, բայց բառ անգամ չխոսեց հեղափոխականների եւ հետհեղափոխական հանցագործությունների մասին, որոնք վերջին տարին խիստ աճել են։

Պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան՝ Վարդապետյանն այդպես էլ չհիշեց՝ Փաշինյանի շրջապատից կա՞ն մարդիկ, որոնք անցնում են ապօրինի գույքի գործերով։ Պարզվեց՝ հանցակազմ չի պարունակում նաեւ ՔՊ-ականների՝ նիստերի դահլիճում ընդդիմադիրներին աքացի տալը, փոխարենը՝ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի ձեռքով հարվածը հանցակազմ պարունակում է։ Տիկին դատախազն այնքան եռանդով էր ընկղմվել նախկինների դեմ իշխանական պայքարի մանրամասների մեջ՝ մոռանալով ներկաներին, որ որոշ բռնարարներ փորձեցին պահը բաց չթողնել եւ նիստերի դահլիճում իրենց հարցերը լուծել։ Մասնավորապես, Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանը, ով, ըստ լուրերի, 2019-ին Վայոց Ձորում իր կողմնակիցների հետ ծեծելով՝ մահվան դուռն էր հասցրել բանակի փոխգնդապետ Արա Մխիթարյանին, երեկ դատախազից պահանջում էր իր մասնակցության մասին ցուցմունք տված զինվորականների դեմ քրգործ հարուցել՝ սուտ մատնության համար։
Ի դեպ, երեկվա քննարկման ընթացքում Վարդապետյանի հիշողությունն ակնհայտորեն «պատեհ» պահերին էր «ատկազ» անում։ Օրինակ, նա այդպես էլ չհիշեց՝ Նիկոլ Փաշինյանն արդյոք հարցաքննվե՞լ է պատերազմից հետո պետական դավաճանության հարցով հարուցված գործի շրջանակներում։ Միայն ասաց, որ քանի որ ինքը հսկող դատախազը չէ, թարմ տեղեկատվություն չունի, թե վարույթով քանի անձ է հարցաքննվել։ Կամ՝ չներկայացրեց վիճակագրություն բանակում խաղաղ պայմաններում կատարված  սպանությունների, ինքնասպանությունների վերաբերյալ, որքան էլ Անդրանիկ Քոչարյանը բացատրեց, որ դա կարեւոր է՝ թե՛ բանակում կատարվող բարեփոխումների մասին պատկերացում կազմելու, թե՛, առհասարակ, պետության համար։

Անտեղյակ մարդու մոտ տպավորություն կստեղծվեր, թե Փաշինյանը Հայաստանը դարձրել է դրախտավայր, որտեղ շարունակում են քննարկել 5 տարի առաջ կատարված հանցագործությունները, որովհետեւ 2018-ից հետո որեւէ հանցագործություն չի կատարվում կամ գրեթե չի կատարվում, միայն մի քիչ թմրամոլներն են ավելացել, եւ մի քանի մանր-մունր բան։ Վարդապետյանը նույնիսկ նեղվեց` չի կարող քնից արթնանալ ու անմիջապես անգիր հիշել վիճակագրական տվյալները, խոսքը բանակում ինքնասպանությունների թվի մասին էր։ Մինչդեռ Անդրանիկ Քոչարյանը հուշեց, որ պատերազմից հետո ինքնասպանությունների թիվը նվազել է, եւ խնդրեց դատախազին՝ ամփոփիչ ելույթում պատճառների մասին խոսել: Փոխարենը, հարկ եղած դեպքում դատախազը դերասանական տաղանդն էր գործի դնում, երբ Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, Վարդապետյանից հետաքրքրվեց՝ նորմա՞լ է, որ պատերազմից շուրջ երեք տարի անց զոհերի ցուցակներ չկան, Վարդապետյանը մի սրտաճմլիկ տեքստ արտաբերեց․ «Ես ինքս եմ խնդրել ինձ համար անհատական ցուցակները կազմել եւ ունենալ: Երբ դեկտեմբերին ես գնում էի եռակողմ հանդիպման, ես հստակ գիտեի բոլոր պահվող անձանց անուն-ազգանունը, ծննդյան տարեթիվը, որովհետեւ դրանք ինձ համար անձանց քանակ չէ, այլ անհատապես անձինք են, որոնցից յուրաքանչյուրի ճակատագիրը մեծագույն արժեք է մարդու իրավունքի տեսանկյունից եւ ինձ համար»: